• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Ճանաչիր Ինձ, երիտասարդ» ՀԵՀԵՄ դասընթաց այս անգամ Էջմիածնի հայորդյաց տանը

Սույն թվականի մայիսի 17-ին Էջմիածնի հայորդյաց տանն անցկացվեց «Ճանաչիր Ինձ, երիտասարդ» ՀԵՀԵՄ աստվածաշնչյան դասընթացը՝ ավագ տարիքի սաների համար։
Դասընթացին բացման խոսքով հանդես եկավ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումում (ՀԵՀԵՄ) իր ծառայությունն իրականացնող Գրիշա սարկավագ Հարությունյանը՝ մասնակիցներին փոխանցելով ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի օրհնությունը և բարեմաղթանքները։

«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»-ը աստվածաշնչյան դասընթաց է, որը նախատեսված է երիտասարդների համար որպես յուրատեսակ մեթոդական ձեռնարկ: Ծրագրի հեղինակը և դասընթացավարը ՀԵՀԵՄ Տեղեկատվական հարցերով պատասխանատու, հոգևոր-եկեղեցական լրագրող Արաքս Պողոսյանն է:

«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»-ը պրեզենտացիայով ներկայացվող մեթոդական ուղեցույց է, որն օգնում է երիտասարդին հայրաբանական մեկնությունների միջոցով ամբողջական պատկերացում ունենալ Աստվածաշնչի երկու գրքերի՝ ՀիՆ և Նոր Կտակարանների և դրանց փոխկապակցվածության վերաբերյալ, ինչպես նաև՝ ճիշտ կողմնորոշվել սուրբգրային տեքստերն ընթերցելիս:

Ողջ դասընթացը կառուցված է Հին և Նոր Ուխտերը միաժամանակ անցնելու սկզբունքի վրա՝ որպես մի ամբողջություն:
Դասընթացի տեխնիկական և խաղային մասն ապահովեց ՀԵՀԵՄ կամավոր Դիանա Շախբազյանը։

Ավարտին բոլոր մասնակիցներին վկայականներ հանձնվեցին։

Դասընթացն անցկացվեց շնորհիվ Հայորդյաց տների տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիաննա Առաքելյանի և Էջմիածնի հայորդյաց տան տնօրեն Ալվինա Պետրոսյանի աջակցության և ՀԵՀԵՄ Գրասենյակի հետ համագործակցության։

 

Լուսանկարները՝ Դիանա Շախբազյանի