Ես Մանեն եմ, 24 տարեկան, մասնագիտությամբ բժիշկ եմ։
Առաջին անգամ հավատացի Աստծուն, երբ չորս տարեկան էի։ Փոքր եղբայրս հիվանդ էր, դեղերը չէին օգնում։ Հիշում եմ՝ մայրս գրկեց եղբորս, «Հայր Մեր աղոթքն» ասաց։ Ու ես տեսա աղոթքի ուժը ու որոշեցի, որ ես էլ պիտի աղոթեմ։
Հետո մկրտվեցի, և դա էլ էր դեպի եկեղեցի ևս մեկ քայլ։ Շատ բան սովորեցի «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկայից։ Իմացա ինչ է Պատարագը, շարականը։
15 տարեկան էի, երբ առաջին անգամ մասնակցեցի Ս․ Պատարագի։ Մորաքույրս ինձ սկզբից մինչև վերջ հուշումներ էր անում։
Այսօր արդեն ժամերգություններից ու Ս․ Պատարագից անբաժան եմ։ Մասնակցում եմ Սուրբ Աննա եկեղեցու Երիտասարդաց միության հավաքներին։
Հիվանդանոցում, որտեղ որ աշխատում եմ, փորձում եմ բոլորին հաղորդ դարձնել Քրիստոսի սիրուն։ Մեր բաժանմունքի ղեկավարը ևս մեր եկեղեցու հավատացյալներից է։ Մի քանի ամիս առաջ նրա առաջարկով ես հիվանդանոցի մեր անձնակազմի համար պատրաստեցի զեկույց Մեծ Պահքի մասին, ինչը սիրով ընդունվեց։
Աստված սեր է նախ և առաջ։ Ես գիտեմ, որ անկախ իմ արարքներից, Տերն ինձ հետ է։ Եթե վատ արարք եմ գործել, կանչում է ապաշխարության։ Ես միշտ զգում եմ Իր սիրո ներկայությունն ու զորությունը։