(իրական պատմություն)

 

Մի անգամ, «Օպտինյան անապատում» մի կին մոտեցավ ինձ խոստովանության համար, կռացավ խաչը և Ավետարանը համբուրելու և, ինձ համար անսպասելիորեն, նա լաց եղավ: Անսպասելի էր, քանի որ նրա արցունքները չէր կարելի վերագրել խոստովանությանը։ Ես նրան հարցրի. «Ինչո՞ւ ես լալիս»: Նա պատասխանեց, որ վերհիշեց իր վիշտը և պատմեց հետևյալ պատմությունը։

Կարճ ժամանակ ամուսնացած լինելով՝ նա բաժանվել էր ամուսնուց և սկսել միայնակ երեխա մեծացնել։ Երբ տղան դարձավ 18 տարեկան, նրան զորակոչեցին բանակ։ Դա աֆղանական պատերազմի ամենաթեժ շրջանն էր:

Սկզբում որդին հայտնվեց Տաշքենդում, իսկ վեց ամիս անց սկսեց նամակներ գրել մորը՝ նշելով «Տաշքենդ-16», և դա, ինչպես նա հետագայում պարզեց, Աֆղանստանն էր: Այդ ամբողջ ընթացքում մայրը շատ արցունք թափեց։ Այն ժամանակ նա բացարձակապես անհավատ անձնավորություն էր և չուներ հոգևոր հենարան, կենսական միջուկ, երբեք եկեղեցի չէր գնում։ Որդուց նամակ ստանալուն պես ուրախանում էր, կարճ ժամանակ էր անցնում՝ նորից անհանգստություն, որովհետև ամեն տեղից նա լսում էր անհանգստացնող ու ողբերգական լուրեր։

Այդպես անցավ մեկուկես տարի։ Վերջապես որդին, առանց մի քերծվածքի, տուն վերադարձավ մարտական ​​մեդալներով։ Թվաց, թե ամբողջ մղձավանջը ետևում մնաց։

Բայց մեր կյանքում հաճախ է պատահում, որ բացարձակապես անկանխատեսելի իրադարձությունները խորտակում են մեր բոլոր հույսերը։ Բայց Տերը կարող է սատանայի կողմից կազմակերպված ամեն չար իրավիճակ փոխել այլ ուղղությամբ:

Որդին մայիսին վերադարձավ տուն և ընկերների հետ գնաց գետ՝ տոնելու իր վերադարձը։ Ինչպես միշտ, նրանք շատ գինի ու օղի խմեցին։ Եվ մարդը, որ ահավոր պատերազմի միջով անցել էր ու մի քերծվածք անգամ չէր ստացել, հարբած խեղդվեց գետում։

Նրա մայրական սիրտը բառիս բուն իմաստով երկու կես եղավ այդ վշտից․ սարսափելի պատերազմի միջով անցնելով և ոչ մի քերծվածք չստանալով՝ որդին, տնից մի քանի քայլ այն կողմ, մեռնում է այդքան անհեթեթ ու պարզունակ ձևով։ Նա իր տեղը չէր գտնում։

Եվ ահա թաղումից երկու օր անց, երազում, թե արթմնի  նա տեսնում է որդուն՝ անկողնու վրա իր ոտքերի մոտ նստած։ Չհավատալով տեսածին՝ մայրը հարցնում է. «Սաշա, իրոք դո՞ւ ես»: Եվ նա պատասխանում է. «Ես եմ, մայրիկ»: Նա նստած էր շատ տխուր ու խորասուզված ինքն իր մեջ։ Մոր ներքին ձայնն իրեն ասում է, որ դա նրա հոգին է:

Դա վերացական ինչ-որ բան չէր, այլ կոնկրետ հենց այդ մարդու պատկերը, քանի որ հոգին կրում է իր վրա մեր մարմնի դրոշմը: Մայրը նայում է նրան, իսկ նա սկսում է հեռանալ, հեռանալ, տան պատերը կարծես բաժանվում են, հոգին արագ թռչում է, և նա լսում է սրտաճմլիկ ձայն՝ որդու հարազատ ձայնը.

«Մայրիկ, սովորիր աղոթել»:

Նա միայն երեք բառ ասաց. բայց դրանք մոր ամբողջ կյանքը գլխիվայր շուռ տվեցին։ «Ինչի՞ համար աղոթել սովորել: Նշանակում է, որ կա Մեկը, ում ուղղված են այդ աղոթքները, և, հետևաբար, աղոթելու մեջ իմաստ կա» ,- ինչպես կայծակը այրեց նրան այս միտքը: Աչքերը բացվեցին, և զգալով որդու հոգին՝ տեսավ այդ իրավիճակից ելքը։

Դրանից հետո նա կյանքում առաջին անգամ ձեռքը վերցրեց Ավետարանը, առաջին անգամ եկավ եկեղեցի, սկսեց հետաքրքրվել, թե ինչ է սովորեցնում եկեղեցին։ Դա մի ամբողջ հայտնություն էր։

Ավետարանն ասում է, որ մարդը ստեղծվել է Աստծո կողմից անմահ, որ Քրիստոսի Հարությունից հետո մահ չկա, այլ միայն՝ մարդու հոգու ժամանակավոր բաժանում մարմնից:

Ամեն ինչ նորից վերականգնվելու է ցորենի հատիկի օրինակով, որը քայքայվելով նոր կյանքի բողբոջ է տալիս։ Սա հենց այն է, ինչ տեղի կունենա մեր մարդկային մահկանացու մարմնի հետ:

 

Մելքիսեդեկ վարդապետ

Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի