-Մայրիկ, ես չեմ ուզում հավատացյալ լինել: Ես ուզում եմ լինել բոլորի նման, — ասաց առաջինդասարանցի Ալիսան իր մորը՝ դասերից հետո։

-Ինչո՞ւ: — հարցրեց մայրը:

-Որովհետև բոլորը ծիծաղում են ինձ վրա: Դրա համար ես լաց եմ լինում: Եթե ​​դու ինձ թույլ չտաս անհավատ լինել, ես էլ դպրոց չեմ գնա։

-Լավ: Արի խոսենք, իսկ հետո ինքդ ընտրիր: Պայմանավորվեցի՞նք։

Ալիսան գլխով համաձայնության նշան արեց և նստեց մոր կողքը։ Իսկ մայրը սկսեց պատմել.

— Աղջի՛կս, երբ ընդամենը հինգ ամսական էիր, ծանր հիվանդացար։ Հինգ ամիսը շատ քիչ է։ Դու նոր էիր սովորում նստել ու շատ փոքրիկ շապիկներ էիր հագնում։ Ես ու հայրիկը լաց էինք լինում։

Մենք այնպես չէինք ուզում, որ դու մեռնես, դու՝ մեր առաջին փոքրիկը: Իսկ բժիշկներն ասում էին, որ դու չես կարող բուժվել։ Մենք քեզ հետ մնում էինք հիվանդանոցում: Բժիշկները շարունակում էին ասեղներ մտցնել քո փոքրիկ, բարակ ձեռքերի մեջ: Երբ դու շնչահեղձ էիր լինում, քեզ թթվածնային բարձ էին տալիս ու շատ ներարկումներ անում։ Ես հուսահատ էի։ Կյանքն ամեն ժամ նահանջում էր քեզնից:

Եվ ահա մի գիշեր, երբ դու նորից շուռ ու մուռ էիր գալիս ու լաց լինում, ես ուժասպառ ծնկի իջա, ինչպես վաղուց սովորեցրել էր ինձ իմ ծեր տատիկը և աղոթեցի. «Տեր, եթե դու կաս, գոյություն ունես այս աշխարհում, փրկիր իմ դստրիկին։ Բժշկի՛ր նրան։ Արա՛ այդ հրաշքը, Տե՛ր: Օ, ես երբեք չեմ մոռանա դա:

Հետո ես երկար լաց եղա՝ ծնկներիս վրա, և․․․․ խաղաղություն հոսեց իմ սրտում։ Հիշեցի մանկությունս, հավատացյալ տատիկիս, Քրիստոսի մասին նրա պատմությունները, պարզ աղոթքները։ Ինձ ոչ ոք չէր կարող օգնել։ Ոչ ոք չի կարող փրկել քեզ, բացի Նրանից՝ Հիսուսից:

Եվ գիտե՞ս, Ալիսա, Նա դա արեց: Իմ կյանքում արված այդ առաջին աղոթքից հետո դու խորը քուն մտար: Եվ որոշ ժամանակ անց, ի զարմանս բոլոր բժիշկների, հիվանդանոցից դուրս գրվեցիր միանգամայն առողջ։ Ես և հայրդ աշխարհի ամենաերջանիկ մարդիկ էինք, մենք բոլորին և ամենուր պատմում էինք, թե ինչ է արել Տերը մեզ համար: Բժիշկը, որը բուժում էր քեզ, խոստովանեց, որ ինքն էլ արդեն դադարել է աթեիստ լինել:

Ահա այդպես, աղջիկս, այդ ժամանակվանից մենք շատ ենք սիրում Տիրոջը, Ով այս հրաշքը կատարեց։ Հիմա, Ալիսա, ինքդ որոշիր` դու պետք է մեծանաս որպես հավատացյալ՞, թե՞ ոչ: Մտածիր, թե ինչ է արել Հիսուսը քեզ համար և որքան է Նա սիրում քեզ: Արժե՞ մոռանալ այդ մասին հանուն ինչ-որ մեկի։ Դու արդեն մեծ ես, ամեն ինչ ինքդ պետք է որոշես, իսկ ես գնամ ընթրիք պատրաստեմ։

Երբ մայրիկը վերադարձավ Ալիսայի սենյակ, աղջիկը ծնկի էր եկել սրբապատկերի առաջ և մրմնջում էր.

— Հիսուս, ներիր խնդրում եմ, ներիր ինձ։ Ես չգիտեի, որ Դու այդքան շատ բան ես արել ինձ համար: Ես ուզում եմ միշտ հավատացյալ լինել, Տե՛ր:

 

 

Հոգեշահ Զրույցներ

Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի