Այս պատմությունը պատմեց գյուղական վանքերից մեկի վանահայրը։
…Մի առավոտ հայր Սերգին իր տան շքամուտքում մի նամակ գտավ։ Կարճ հաղորդագրությունը բաղկացած էր շարունակական սպառնալիքներից. անհայտ անձինք մեղադրում էին Հայր Սերգիին՝ մարդկանց եկեղեցի գալու կոչերի, հարբեցողներին ու թմրամոլներին դատապարտելու և առողջ ապրելակերպ քարոզելու համար: Հայր Սերգին չվախեցավ սպառնալիքներից։ Նա նախկինի պես շարունակեց ծառայել։ Բայց շուտով նրան ուղարկեցին երկրորդ նամակը, հետո՝ երրորդը… Եվ հետո բաղնիքն ամբողջությամբ այրվեց:
«Երկարազգե՛ստ, հասկանու՞մ ես, որ կատակ չենք անում»։ – հարցրին նրան մեկ այլ նամակով:
Քահանան կատարվածի մասին հայտնեց Սամարայի և Սիզրանի արքեպիսկոպոսին։ Վերջինս քաջալերեց նրան և ասաց. «Եթե չես վախենում, ծառայիր այնպես, ինչպես նախկինում ծառայել ես։ Տերը չի թողի քեզ»:
Մեկ ամիս անց հայր սուրբի ավտոտնակն այրեցին։
Եվ նորից նամակ. «Տե՛ս, երկարազգեստ, պարտվելու ես խաղը։ Վերջին նախազգուշացումն ենք անում…»։
Անցավ ևս որոշ ժամանակ, և մի երեկո մի թանկարժեք ամերիկյան ջիպ մոտեցավ քահանայի տանը։ Երկու ուժեղ տղամարդիկ թակեցին դուռը։
«Հա՛յր Սերգի, — դիմեց նրանցից մեկը դուրս եկած քահանային: -Կոզլովկա գյուղում տատիկ է մահանում, Հաղորդություն է խնդրում։ Մենք ձեզ կտանենք նրա մոտ»:
Մի քանի րոպե անց հայր Սերգին արդեն նստել էր ետևի նստատեղին։ Երկուսը նստեցին նրա կողքը։ Ընդհանուր առմամբ, մեքենայում չորս ուժեղ տղամարդ կար։ Նրանց տեսքից, կարճ ռեպլիկներից քահանան կռահեց՝ քաղաքից են։
Կոզլովկան մնաց հեռվում, իսկ մեքենան թեքվեց դաշտային ճանապարհի վրա ու շտապով ուղղություն վերցրեց դեպի անտառ։ Այդ ընթացքում քահանայի հետ նստածներից մեկը հանեց ատրճանակը, իսկ երկրորդը՝ դանակը։
«Ահա և վերջ խաղիդ, երկարազգես՛տ», — կտրուկ շրջվեց դեպի նա ատրճանակովը: -Քանի՞ անգամ ենք զգուշացրել՝ չափավորես եռանդդ: Չլսեցիր. Ինքդ ես մեղավոր. մենք քո վերջը կտանք»։
«Եթե Աստծո կամքն է ինձ սպանել, դուք ինձ կսպանեք, բայց եթե Աստծո կամքը չէ, դուք ինձ չեք սպանի»,- վճռականորեն պատասխանեց հայր Սերգին։
Մահվան դատապարտվածի՝ նման հայտարարությունը տառացիորեն զվարճացրեց ավազակներին։ Նրանք շրջվեցին և հետաքրքրությամբ նրան նայեցին։ Հետո նրանց միջի գլխավորը, ատրճանակը բարձրացնելով, ծիծաղելով հարցրեց.
-Էն ի՞նչ էիր ասում Աստծո կամքի հաշվով»:
-Թույլ տվեք աղոթել, — անսպասելիորեն խնդրեց հայր Սերգին:
-Դե ինչ կա որ,աղոթիր վերջին անգամ, — մտածելով ասաց պարագլուխը և իջեցրեց ատրճանակը:
«Կարդում էի գրեթե կես ժամ, — հետագայում ինձ պատմեց հայր Սերգին: — Կարդում էի դանդաղ, բարձր: Այս ամբողջ ընթացքում ավազակները նստած էին լուռ՝ ձանձրույթ արտահայտող հայացքով։ Նրանք սպասում էին, որ ավարտեմ…
Վերջին խոսքերիցս հետո. «Տե՛ր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում», — պետը որոշ ժամանակ անշարժ նստեց, ապա դարձավ դեպի իր հանցակիցներից մեկը և ասաց․
-Եկեք դուրս գանք:
Տասը րոպե անց նրանք վերադարձան մեքենա։
-Հայրիկ, գնա տուն, — կարճ հրամայեց պարագլուխը:
«Այդ ժամանակից անցել է վեց ամիս, — շարունակեց իր պատմությունը հայր Սերգին:- Մի առավոտ շքամուտքում ծրար գտա։ Դրանում կար երկտող և 50 000 ռուբլի։ Նամակում գրված էր. «Հայր սուրբ, մենք ոնց որ ճիշտ չէինք…»:
Գումարն ինձ շատ պետք եկավ. ես վճարեցի տաճարի վերանորոգման համար, գնեցի շինանյութ… Անցավ ևս ութ ամիս: Եվ հետո մի օր այդ չորսից մեկը՝ տարիքով ամենափոքրը, բառացիորեն ներս ցատկեց վանք: Նա գունատ էր, վախեցած։
«Հայր սուրբ, ես ուզում եմ քեզ ամեն ինչ ասել, ես ուզում եմ ապաշխարել»:
Ահա թե ինչ նա պատմեց։ Քահանային սպանելու՝ ի կատար չածված մտադրությունից հետո (ինչպես պարզվեց՝ ավազակներին վարձել էին) նրանց հանցախումբը շարունակել է զբաղվել իր սովորական արհեստով՝ հարձակում, կողոպուտ, բռնություն մարդկանց նկատմամբ։ Բայց չգիտես ինչու, նրանք բոլորը հիշում էին Հայր Սերգիի այդ վճռական հայտարարությունը. «Եթե Աստծո կամքն է, դուք կսպանեք ինձ, եթե Աստծո կամքը չէ, չեք սպանի»:
Եվ ի վերջո ամեն ինչ այդպես էլ ստացվեց՝ ոչ իրենց կամքով…
«Դա պատահականություն էր։ Պետք է մոռանալ»,- հրամայել էր նրանց առաջնորդը։ Բայց մոռանալ չէր ստացվում:
Մի անգամ նրանց պարագլխի մեքենան հանկարծ կանգ առավ երկաթուղային անցումում։ Ինչքան էլ վարորդը փորձեց գործի դնել մեքենան, այն տեղից չշարժվեց։ Յուրին նյարդայնացավ, փորձեց իջնել մեքենայից, բայց դուռը չբացվեց։ Նա ձեռքը մեկնեց դեպի աջ կողմի դուռը, և այն նույնպես չբացվեց։ Էլ ավելի վախեցած՝ նա ցատկեց հետևի նստատեղին, հերթով քաշեց հետևի երկու դռներն էլ՝ ոչ մեկը չբացվեցին։ Իրեն զգալով մկան թակարդում՝ նա վայրենու պես ճչաց. Այդ սարսափելի, անմարդկային ճիչը լսեցին վարորդները, բայց նրանք չհասցրին օգնել․ ընթացքի մեջ գնացքը ջարդուփշուր արեց արտասահմանյան մակնիշի թանկարժեք մեքենան և վարորդին։ Նրան թաղեցին։ Հոգեհանգստին նրանք շատ խմեցին, լուռ էին։ Նրանք մտածում էին քահանայի նույն խոսքերի մասին։
Անցնում է մեկ ամիս։ Իր համար բախտորոշ այդ օրը հանցախմբի նոր ավագը Սամարայի իր բնակարանի պատշգամբում էր։ Հենվելով բազրիքին՝ նա ծխում էր մեկը մյուսի հետևից։ Միաժամանակ ութերորդ հարկում պատշգամբ էր ապակեպատվում։ Հանկարծ վարպետի ձեռքից մի թիթեղ թռավ ու ցած ընկավ։ Պարագլխի վզին իջած հարվածը, ասես սրով, կտրեց նրա գլուխը։ Եվ նրան թաղեցին։ Արթնանալուն պես նորից խմեցինք։ Բայց ես օղուն չկպա։ Նրանք, ովքեր հիշում էին Հայր Սերգիին, վախեցած էին։ Նրանք որոշեցին դադարեցնել իրենց հանցավոր բիզնեսը. Նույնիսկ մտքեր էին գալիս արդար կյանքի, ապաշխարության մասին։ Բայց նրանք չէին համարձակվում անցնել եկեղեցու շեմը։
Անցավ մի փոքր ժամանակ ևս, և հիմա մահը թակեց նրանցից երրորդի դուռը։ Երբ նա թեթև թուլություն զգաց, սկսեց ինքնուրույն բուժվել. շտապեց դեղատուն, գնեց տարբեր թանկարժեք դեղամիջոցներ: Բայց դրանք չօգնեցին: Թաղային բժիշկը, զննումից հետո, նրան ուղարկեց ուռուցքաբանի մոտ։ Այնուհետև արդեն ուռուցքաբանական կենտրոնում պարզվեց, որ նրա ամբողջ մարմնում մետաստազներ են։ Բայց ահա թե ինչն էր զարմացրել բժիշկներին. Որքան էլ որոնեցին քաղցկեղածին ուռուցքը, չկարողացել գտնել չարորակ հիվանդության օջախը։ Մինչդեռ հիվանդությունն արագորեն զարգանում էր։ Երբ նա հայտարարեց, որ կանխազգում է իր մոտալուտ վախճանը, նրան առաջարկեցին խոստովանել քահանայի մոտ։ Եվ նա անմիջապես հիշեց հայր Սերգիին, երկար մտածեց ու … մերժեց։ Մի քանի օր անց նա մեռավ։
Այդ ժամանակ նախկին հանցախմբի ամենաերիտասարդ անդամն արդեն հաստատապես գիտեր իր անելիքը։ Հուղարկավորությունից հետո նա շտապեց հայր Սերգիի մոտ։
«Դու ճիշտ ես վարվել, — ասաց քահանան: -Չկա այնպիսի մեղք, որ Տերը չների։ Փորձիր այլեւս մեղք չգործել: Եվ հիշիր. Աստված քեզ չի թողնի առանց Իր օգնության և աջակցության:
Նա խզեց հանցավոր աշխարհի հետ իր կապը և այժմ վանքերից մեկի ծխական է: Աշխատում է արտադրությունում, ընտանիք է կազմել։ Օգնում է կյանքի խնդիրների մեջ շփոթված երիտասարդներին։
Իրական Պատմություններ
Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի