Մոտ տասը տարեկան մի տղա՝ ցրտից դողալով, ոտաբոբիկ կանգնած էր կոշիկի խանութի ցուցափեղկի մոտ և, առանց հայացքը կտրելու, նայում էր տաք կոշիկներին։ Մի կին մոտեցավ նրան և հարցրեց.
-Իմ փոքրիկ ընկեր, ինչի՞ ես այդքան հետաքրքրությամբ նայում այդ ցուցափեղկին, ինչի՞ մասին ես մտածում։
«Ես խնդրում եմ Աստծուն, որ ինձ մեկ զույգ կոշիկ տա», — պատասխանեց տղան:
Տիկինը բռնեց երեխայի ձեռքը և նրա հետ մտավ խանութ։ Նա խնդրեց վաճառողին բերել վեց զույգ մանկական գուլպաներ և հարցրեց՝ արդյոք նա կարո՞ղ է բերել տաք ջրով թաս և սրբիչ: Վաճառողը բերեց այն ամենը, ինչ տիկինը խնդրեց նրանից։ Կինը տղային տարավ խանութի հետնամաս, հանեց ձեռնոցները, լվաց երեխայի ոտքերը և սրբիչով չորացրեց։ Վաճառողը գուլպաներ բերեց։ Տիկինը մի զույգը հագցրեց երեխայի ոտքերին, հետո փորձեց և գնեց կոշիկներ, խնդրեց փաթաթել մնացած գուլպաները և տալ տղային։ Հետո նա շոյեց փոքրիկի գլուխը և ասաց.
-Հիմա, անկասկած, դու քեզ շատ ավելի լավ ես զգում։
Նա շրջվեց, որ հեռանա: Այդ պահին տղան մեկնեց նրան ձեռքը և, արցունքն աչքերին նայելով նրան, հարցրեց.
-Դուք Աստծո կի՞նն եք։
Հոգեշահ զրույցներ
Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի