• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Կայացավ ՀԵՀԵՄ II հեռավար Ատենապետաց ժողովը

Չնայած Կորոնավիրուսի համաճարակին, պատերազմյան և հետպատերազմյան դժվարություններին՝ անցնող շրջանը Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակի (ԿԳ) համար հագեցած էր տարաբնույթ միջոցառումներով և ծրագրերով։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ACYOWorld գործունեությունը վերաշխուժացման փուլ է թևակոխում՝ համաթեմական, տարածաշրջանային և համահայկական ծրագրերի կյանքի կոչումով: Հենց դրան էր միտված երկրորդ Ատենապետաց ժողովը, որ տեղի ունեցավ այս տարվա նոյեմբերի 20-ին՝ ՀԵՀԵՄ ԿԳ նախաձեռնությամբ, հեռավար ձևաչափով:

Ատենապետաց աշխատաժողովին իրենց մասնակցությունը բերեցին նվիրապետական աթոռներից Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարքության ներկայացուցիչ Հոգեշնորհ Տ. Զաքեոս Ծայրագույն Վարդապետ Օհանյանը, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության հետևյալ թեմակալ առաջնորդները՝ the Armenian Diocese of Egypt առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը, Armenian Diocese of Damascusի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը, Ռումինիայի և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը:

Հանդիպմանը մասնակցեցին հայաստանյան և աշխարհասփյուռ գրեթե բոլոր թեմերից շուրջ 7 տասնյակ երիտասարդական հարցերով հոգևորական և աշխարհական պատասխանատուներ։ Աշխատաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի նահատակների հիշատակը և աղոթեցին գերիների շուտափույթ արձակման համար։

Ժողովը նախագահեց և բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, ACYOWorld հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը։ Ի մասնավորի, Սրբազանը ներկաների անունից իր որդիական երախտիքի խոսքը հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ACYOWorld-ի հանդեպ ցուցաբերվող մշտական հոգածու վերաբերմունքի և ուշադրության համար։

Ժողովը վարեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և ԿԳ տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Հայր Թովման անդրադարձավ 2022 թ․-ին կայանալիք ACYOWorld Տարածաշրջանային ժողովներին և ընթացիկ կազմակերպչական հարցերին:

Յուրաքանչյուր թեմ հնարավորություն ունեցավ հակիրճ ներկայացնելու իրենց թեմում իրականացված և նախատեսվելիք երիտասարդական հիմնական ծրագրերը:

Օրակարգային հարցերից էին նաև 2022թ. հուլիսի 6-10 կայանալիք ACYOWorld համահայկական ուխտագնացության մանրամասները։ Ուխտագնացությունը ACYOWorld-ի Հայաստան-Սփյուռք կամուրջ նշանակության ամրապնդմանն է ուղղված: Այն աշխարհասփյուռ հայ երիտասարդների աղոթքի համախմբում է լինելու, ինչպես նաև՝ հայրենակերտումին նվիրված ծրագրային քննարկումների կամ արդեն որոշված ծրագրերի իրականացման մեկնարկ։ Ըստ այդմ, թեմերը  ողջ եկող տարվա ընթացքում՝ թե՛ ACYOWorld ութ տարածաշրջաններում կայանալիք ժողովների ժամանակ և թե՛ ուխտագնացության ընթացքում  պետք է գեներացնեն, մշակեն և ապա կյանքի կոչեն հայրենակերտումի տարբեր ծրագրեր՝ իրենց մասնակցությունը բերելով հայրենիքի զորացմանը։ Գրասենյակի՝ ուխտագնացության ծրագրային մասի պատասխանատուները ներկայացրեցին 2022թ. հուլիսի 6-10 նախատեսվող համահայկական ուխտագնացությանն առնչվող կազմակերպչական հարցերը։

Մասնակից երիտասարդներն առաջարկեցին 2022 թվականին համահայկական երեք ուխտագնացություն կազմակերպել՝ դեպի Երուսաղեմ՝ ամբողջ աշխարհից հավաքվելով Հայրենիքում և մեկնելով Երուսաղեմ, Մյուռոնօրհնության շրջանակներում և Մայր Տաճարի վերաօծման կապակցությամբ համահայկական ուխտագնացություններ՝ դեպի Սուրբ Էջմիածին: Ինչպես նաև դրամահավաք կազմակերպել Մայր Տաճարի նորոգության առիթով և իրականացնել առցանց դասախոսությունների շարք։

Ատենապետաց ժողովն ավարտվեց աղոթքով։ Ամփոփելով աշխատանքները՝ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, ACYOWorld հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանն առաջարկեց հունվարին՝ Տարածաշրջանային ժողովներին ընդառաջ, նույնպես կազմակեպել Ատենապետաց ժողով։