• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացություն-2023. Օր երկրորդ

Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ անցկացվող «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության (5-10 հուլիս) երկրորդ օրը՝ հուլիսի 7-ին,  երիտասարդներն իրենց հոգևոր առաջնորդների և պատասխանատուների հետ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այստեղ նրանց ընդունեց Ամենայն Հայոց Հայրապետը՝ իր հայրական մաղթանքն ուղղելով ուխտավոր երիտասարդներին՝ հորդորելով նրանց անխաթար պահել ազգային, հոգևոր ու բարոյական արժեհամակարգը, ինչպես նաև մեր հայրերից ժառանգած ավանդություններն ու սրբությունները։

Այնուհետև ուխտավորները Մայր Տաճարի առջև ծնկած իրենց աղոթքը բարձրացրին առ Տեր՝ երգելով  «Տեր ողորմյա» շարականը։ Որից հետո նրանք այցելեցին Ս․ Գայանե և Ս․ Հռիփսիմե վանքեր՝ այստեղ ևս իրենց առանձնական աղոթքն անելու և խոկալու։

Հաջորդ կանգառը Զվարթնոց տաճարն էր։ Ուխտագնացության մասնակիցները  ոչ միայն շրջայց իրականացրեցին տաճարի տարածքում, այլև այցելեցին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան՝  ծանոթանալու տաճարի պատմությանը։

Ուխտավոր երիտասարդներն օրն ավարտեցին՝ այցելելով  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այստեղ մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակի ոգեկոչման խոսք ասաց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։ Դիմելով ներկաներին՝ Սրբազան Հայրն ասաց․ «Սիրելի երիտասարդներ և հոգևոր եղբայրներ, ևս մեկ անգամ վերանորոգենք մեր ուխտը Աստծո հետ և մեր պատմության հետ։ Մենք այստեղ ենք, որպեսզի ասենք համայն մարդկությանը, որ չենք ընդունում որևէ ցեղասպանություն, որովհետև յուրաքանչյուր անձ, որ աշխարհ է գալիս, Աստծո կողմից է ստեղծված»:

Այնուհետև ուխտավորները «Հայր մեր» աղոթքը հնչեցրին և ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Մեծ եղեռնի նահատակների հիշատակին: