«Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության (2-7 հուլիս) վերջին՝ չորրորդ օրը մասնակիցները մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Այստեղ՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
«Սուրբ Էջմիածինը ներշնչում է մեզ խոնարհվելու մեր սրբազան ավանդույթների առջև, Սուրբ Էջմիածինը մեր առջև բացում է լուսավորյալ կյանքի ճանապարհը՝ նոր թռիչք տալով ձեր ծաղկյալ հոգիներին և իղձերին, որպեսզի ինչպես այսօր և հավիտյան միավորի աշխարհասփյուռ հայությանը՝ դառնալով ոգեշնչման աղբյուր մեր զավակների և գալիք սերունդների համար», -իր քարոզում նշեց Հովնան Սրբազանը՝ պատգամելով երիտասարդներին ծառայության բարձր գիտակցությամբ կամուրջ լինել Հայրենիքի ու Սփյուռքի միջև։
Օրվա երկրորդ կեսին հանդիսավոր կերպով վկայականներ հանձնվեցին «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով դասընթացի մասնակիցներին և շնորհակալագրեր՝ կազմակերպիչներին։
ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունն ավարտվեց հրաժեշտի խնջույքով և խարույկով։
ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են: Վերջին տարիներին հիշարժան են հատկապես «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Հայրենիք» (2018թ.), «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» (2019թ.) և «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» (2022 թ.), «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» (2023 թ.), համահայկական ուխտագնացությունները:
ACYOWorld Central Office