• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Մանկություն, ոսկե թռչուն. ՀԵՀԵՄ-ի հունիսի 1-ը Թումոյի այգում

Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը հունիսի 1-ը մանուկների հետ կիսեց Թումոյի այգում։  Մինչ կվայելեին բնությունը՝ խոտածածկ տարածքին մեկնվելով և մանկության վերհուշին տրվելով,  երիտասարդների հետ իր զրույցը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ  Հայր Թովման սկսեց «Հայր մեր» աղոթքով: Հայր Սուրբին ուղղված առաջին հարցն արդեն իսկ քննարկման մեծ թեմա էր՝ ինչու Ադամը ստեղծվեց հասուն տարիքում և չունեցավ մանկություն:  «Այո, Ադամը, ըստ հայրերի, երեսնամյա ստեղծվեց և չունեցավ մանկություն, բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը ծնվեց կնոջից և ունեցավ մանկություն: Եվ նա շնորհալի եղավ  Աստծո և մարդկանց առաջ»,- նկատեց հայր Թովման և մաղթեց բոլոր մանուկներին շնորհալի մանկություն:  Հետո նա վերհիշեց իր մանկության չարաճճի դրվագները, օրինակ, թե ինչպես էր ինքը կորել մեծերի աչքից, և ինչպես իրեն  գտան հեռուստացույցի առաջ դասական երաժշտություն լսելիս և չափ տալիս: Այնուհետև իրար հերթ չտալով՝ երիտասարդները սկսեցին իրենց մանկության հետաքրքիր պատմությունները:

-Խաղալիքներով շատ չեմ խաղացել։ Մանկությունս անցել է տրանսպորտում։ Անընդհատ տեղափոխվում էինք: Շատ կապված եմ եղել տատիկիս հետ և իր  նվիրած տիկնիկը կոչել եմ իր անունով՝ Սվետիկ։ Մինչ օրս շատ սիրում եմ տիկնիկիս,- հուշերի գիրկն ընկավ Անին:

-17 տարեկան եմ և իմ մանկությունը դեռ չի ավարտվել: Կապված եմ արջուկիս հետ, և այն ինձ ուղեկցում է հինգ տարեկանից, — Մանեն իր մանկության արջուկը գրկած էր եկել:

Նորան միշտ ինքն է իր տիկնիկների համար զգեստներ կարել։ Ամալիայի սիրելի խաղալիքի անունը Պեպեն է, որի հետ շատ կապված է և անգամ ճանապարհորդելիս է միշտ հետը վերցնում։

-Մորս և եղբորս հետ ճաշում էինք, հանկարծ ծարավեցի ու պատահաբար նավթ խմեցի։ Աստծո օգնությամբ հրաշքով փրկվեցի, — մանկության թերևս ամենավտանգավոր պատմությունը Մելինեինն էր: Գրիգորը, ինչպես հիմնականում բոլոր տղաները, շատ չարաճճի է եղել և սիրել է  ծածկոցի մեջ ճոճորվելով քնել։


-֊Մանկություն ասելիս տատիկիս եմ հիշում։ Ամեն ամառ մեկնում էինք Ռուսաստան։ Տատիկս է դրել իմ հոգևոր կյանքի սկիզբը։ Ամեն կիրակի նրա հետ այցելում էինք եկեղեցի՝ պատարագի, — իր մանկության հոգևոր փորձառությամբ կիսվում է Գևորգը:

Անին, որ առաջին անգամ էր միացել ՀԵՀԵՄ-ին,  հինգ տարեկանում մասնակցել է գեղեցկության մրցույթի և զբաղեցրել երկրորդ տեղը։ Իսկ նրա հոգևոր զարգացման հիմքը դրել է մայրը, որը շատ է կարևորում քրիստոնեական դաստիարակությունը։

-Ես և մայրս գրեթե ամեն կիրակի մասնակցում ենք պատարագների, երբեմն էլ՝ ողջ ընտանիքով, — ասում է  Անին:

Արաքսն իր մանկության բոլոր ամառներն անցկացրել է գյուղում՝ ոտաբոբիկ, սարի ծամոն և ձյութ ծամելով, առանց բռնվելու հեծանիվ քշելով և ջարդուխուրդ լինելով, մազերն օրերով չի թողել սանրեն, հետո դրանք քջջվել են ու սանրել չլինելու պատճառով կտրվել, դեն նետվել:

-Անկախ տարիքից, մենք մեր ներսում պահում ենք մի մանուկի, ում հետ միշտ ապրում ենք , և թող բոլորն իրենց ներսում ունենան այն ուրախ, անհոգ մանուկին, որ միշտ կուղեկցի իրենց՝ անկախ կյանքի դժվարություններից, — ի մի բերելով մանկության հուշերը՝ ասաց Տաթևը:

ՀԵՀԵՄ երիտասարդների օրն անցավ չափազանց հագեցած օրակարգով: Նրանք հիշեցին ու խաղացին իրենց մանկության խաղերը: Երգեցին ու պարեցին, իսկ վերջում օրհնած խաչեր բաժանեցին այգու մանուկներին և նրանց ծնողներին:

Նախապես պատրաստված տուփի մեջ սուրբգրյան տողեր էին, որոնք վիճակահանության պես տուփից դուրս քաշեցին երիտասարդները, և յուրաքանչյուրն իրեն վիճակված տողը ընթերցեց բարձրաձայն: Այդ տողերից բաժին հասավ նաև այգու մանուկներին և մեծերին:

Օրն ավարտին էր մոտենում, բայց այգին և իրար լքելու ցանկություն կարծես թե չկար:  Բոլորը մանկացել էին, և մանկությունը չէր ուզում ավարտվել…

Անի Սարգսյան