Այս պատմությունը հիմնված է իրական դեպքի վրա։
Մի օր թշվառ դեմքով մի դժբախտ կին մտավ խանութ և նպարավաճառից ուտելիք խնդրեց, որպեսզի կարողանար կերակրել իր երեխաներին: Նա կնոջը հարցրեց, թե որքան գումար ունի:Կինը պատասխանեց.
— Ամուսինս զոհվել է պատերազմում։ Եվ ես ոչինչ չունեմ, բացի մի փոքրիկ աղոթքից:
Նպարավաճառը խոստովանում է, որ իր կյանքի այդ ժամանակահատվածում ինքն այնքան էլ սենտիմենտալ չէր և կարծում էր, որ իր մթերային խանութը աղքատներին անվճար հաց բաժանելու վայր չէ։ Նա անփույթ նետեց.
‒ Գրիր այն թղթի վրա, ‒ և նորից գործի անցավ:
Ի զարմանս իրեն՝ կինը գրպանից հանեց մի թուղթ և այն մեկնեց իրեն՝ ասելով․
‒ Ես սա գրել եմ գիշերը, երբ հիվանդ երեխայիս էի խնամում։
Այդ ժամանակ մի միտք անցավ նպարավաճառի գլխով։ Առանց նույնիսկ կարդալու աղոթքը, նա թուղթը դրեց կշեռքի վրա և ասաց.
-Տեսնենք, թե ինչ արժե այն:
Ի զարմանս իրեն, երբ կշեռքի մյուս նժարին մի կտոր հաց դրեց, կշեռքի սլաքն անգամ չշարժվեց։ Նա իրեն կորցրած՝ շարունակեց ավելացնել նժարին դրված պարենը, բայց՝ անարդյունք։ Սլաքը տեղից չէր շարժվում։ Այդ ժամանակ նա մի թղթե տոպրակ տվեց կնոջը, որ կշեռքին դրված ուտելիքը մեջը լցնի, ու ինքն իր գործին անցավ։
Կինը վերցրեց տոպրակը և արցունքները մաքրելով՝ սկսեց տեղավորել սնունդը։
Նպարավաճառը փորձում էր չնայել նրա կողմը, բայց նկատեց, որ տոպրակում դեռևս ազատ տեղ է մնացել։ Նա մի գլուխ պանիր նետեց դրա մեջ և իր գործով տարված՝ չնկատեց, որ կինը երկչոտ շնորհակալական ժպիտով իրեն էր նայում՝ մտածելով, որ սխալ տպավորություն էր ստացել նպարավաճառից։
Երբ կինը հեռացավ, նպարավաճառն ուշադիր տնտղեց կշեռքը և պարզեց հանելուկը․ կշռաքարերը կոտրված էին։
Անցան տարիներ, բայց նպարավաճառը չէր մոռանում այդ դեպքը ու վստահ չէր՝ արդյո՞ք ճիշտ գտավ հանելուկի պատասխանը։
Ինչու՞ հենց այն պահին կինը մտավ խանութ, երբ կշռաքարերը կոտրված էին։
Նպարավաճառը այլևս չտեսավ այդ կնոջը։ Բայց իր ամբողջ կյանքում նրան բոլոր գնորդներից ավելի պարզ էր հիշում։
Նա վստահ էր, որ այդ դեպքն իր երևակայության արդյունքը չէ, քանի որ իր մոտ դեռ պահվում է այն թուղթը, որտեղ գրված էր այդ կնոջ աղոթքը. «Խնդրում եմ, Տեր, մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր»։
Իրական պատմություններ