Մի տղամարդ չէր հավատում Աստծուն և չէր ամաչում բոլորին պատմել կրոնի և կրոնական տոների նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Բայց նրա կինը հավատում էր Աստծուն և իր երեխաներին մեծացնում էր հավատքով՝ չնայած ամուսնու կատաղի հարձակումներին:
Մի ձմեռային երեկո կինը երեխաների հետ գնալիս է լինում Պատարագի՝ տեղի գյուղական եկեղեցում։ Սուրբ Ծննդյան մասին քարոզ պիտի լիներ։ Կինը խնդրում է ամուսնուն գնալ իրենց հետ, սակայն վերջինս հրաժարվում է։
«Այդ ամբողջ պատմությունն անհեթեթություն է, — ասում է ամուսինը. – Ինչո՞ւ հանկարծ Աստված կարիք զգաց նվաստացնելու Իրեն և հայտնվելու Երկրի վրա մարդու կերպարանքով: Ծիծաղելի է»։
Կինն ու երեխաները գնացին, իսկ ինքը մնաց տանը։
Քիչ անց ուժեղ քամի բարձրացավ, և ձնաբուք սկսվեց։ Տղամարդը պատուհանից դուրս նայեց, բայց տեսավ միայն ձնաբուքը, որ ծածկել էր ամեն ինչ։ Նա նստեց բուխարու մոտ գտնվող բազկաթոռին ու որոշեց երեկոն այդպես անցկացնել։
Հանկարծ ուժեղ բախոց լսեվց. ինչ-որ բան խփվեց պատուհանին: Նա մոտեցավ պատուհանին, բայց ոչինչ չկարողացավ տեսնել։ Երբ ձնաբուքը մի փոքր հանդարտվեց, տղամարդը դուրս եկավ փողոց՝ տեսնելու, թե ինչը կարող էր այդպես հարվածել։
Տան դիմաց գտնվող դաշտում նա վայրի սագերի երամ տեսավ։ Ըստ երևույթին, նրանք ձմեռելու էին չվում դեպի հարավ, բայց ձնաբքի մեջ էին ընկել և չէին կարողացել ավելի հեռու թռչել: Նրանք մոլորվել էին և հայտնվել նրա ֆերմայի մոտ՝ մնալով առանց սննդի և կացարանի։ Թևերը թափահարելով՝ նրանք ձյունից կուրացած թռչում էին՝ դաշտի վրայով ցածր պտույտներ անելով։ Ըստ երևույթին, այդ սագերից մեկն էր նրա պատուհանը թակել։
Մարդը խղճաց այդ խեղճ սագերին և ցանկացավ օգնել նրանց։ Նա մտածեց, որ գոմը հարմար կլինի նրանց համար: Այնտեղ տաք է ու ապահով, և նրանք, անշուշտ, կարող էին գիշերել այնտեղ և սպասել ձնաբքի ավարտին: Նա գնաց գոմ, լայն բացեց դռները և սպասեց՝ հուսալով, որ սագերը, տեսնելով այդ, ներս կմտնեն։
Բայց սագերը միայն աննպատակ պտտվում էին և, կարծես, չէին նկատում գոմի դռները կամ չէին հասկանում, թե դա իրենց ինչին է պետք։ Տղամարդը փորձեց գրավել նրանց ուշադրությունը, բայց դա միայն վախեցրեց սագերին, և նրանք թռան ավելի հեռու: Հետո տղամարդը մտավ տուն և վերադարձավ՝ ձեռքին մի կտոր հաց. նա փշրեց այն՝ դրանով ճանապարհ բացելով դեպի գոմը։ Բայց սագերը դրան էլ չարձագանքեցին …
Նա արդեն հուսահատության եզրին էր։ Անցավ նրանց ետևը և փորձեց ետևից քշել նրանց դեպի գոմը, բայց սագերը միայն ավելի վախեցան և թռան տարբեր ուղղություններով, բայց՝ ոչ դեպի գոմ։ Ոչինչ չէր կարող ստիպել նրանց մտնել գոմ, որտեղ նրանք տաք և ապահով կլինեին:
«Ինչո՞ւ սագերը չեն հետևում ինձ,- բացականչեց տղամարդը,- մի՞թե նրանք չեն տեսնում, որ միայն այստեղ կարող են գոյատևել նման փոթորկի դեպքում»:
Նա մի փոքր մտածեց և հասկացավ, որ նրանք պարզապես չեն ցանկանում հետևել մարդուն։
«Այ եթե ես սագ լինեի, կարող էի փրկել նրանց», — ասաց նա բարձրաձայն:
Հետո նրա մոտ մի միտք ծագեց։ Նա մտավ գոմ, վերցրեց իր սագերից մեկին և նրան գրկած դաշտ տարավ ՝ վայրի սագերից մի քիչ այն կողմ։
Հետո նա բաց թողեց իր սագին։ Սագը թռավ երամի միջով և ուղիղ վերադարձավ գոմ, իսկ մյուս բոլոր սագերը հերթով հետևեցին նրան՝ դեպի ապահով ապաստարան:
Տղամարդը մի րոպե լուռ կանգնած մնաց, և հանկարծ նրա գլխում նորից հնչեցին նույն խոսքերը, որոնք նա ասաց մի քանի րոպե առաջ. «Այ եթե ես սագ լինեի, կարող էի նրանց փրկել»:
Եվ հետո հիշեց, թե ինչ էր ասել կնոջը քիչ առաջ. «Ինչու՞ Աստված պետք է ցանկանար մեզ նմանվել։ Ծիծաղելի է»։
Եվ հանկարծ ամեն ինչ պարզ դարձավ։ Դա հենց այն էր, ինչ Աստված արեց: Մենք նման էինք այդ սագերին՝ կույր, մոլորված, կորչող։ Աստված ուղարկեց Իր Որդուն մեզ նմանվելու, որպեսզի նա մեզ ճանապարհ ցույց տա և փրկի մեզ:
Երբ քամին ու կուրացնող ձյունը սկսեցին մարել, նրա հոգին նույնպես հանդարտվեց ու խաղաղվեց այդ սքանչելի մտածումով։ Հանկարծ նա հասկացավ, թե ինչու մարդացավ Քրիստոս։ Տարիների կասկածն ու անհավատությունն անհետացան անցած ձնաբքի հետ մեկտեղ: Նա ծնկների վրա ընկավ ձյան մեջ և իր կյանքում առաջին աղոթքը մրմնջաց.
«Շնորհակալ եմ, Տե՛ր, որ եկար մարդու կերպարանքով՝ ինձ փոթորկից փրկելու համար»։
Հոգեշահ Պատմություններ
Ռուսերենից թարգմանեց Արաքս Պողոսյանը