Նատալյա Գունդարևան 1970-90-ականների խորհրդային կինեմատոգրաֆիայի ամենասիրված դերասանուհիներից էր։
Նատալյան հավատացյալ կին էր։ Նա այդ մասին խոստովանել է հարցազրույցների ժամանակ, թեև երբեք չի ցուցադրել իր հարաբերությունները Աստծո հետ:
«Ես հավատում եմ Աստծուն, բայց ոչ՝ կուրորեն։ Մի անգամ Կիրովի դարպասների մոտ գտնվող Մենշիկովյան աշտարակի եկեղեցում ես լսեցի, որ քահանան արտասանեց հրաշալի խոսքեր՝ «Աստված սեր է»: Ես դրան եմ հավատում»,- ասել է Գունդարևան։
«Սկզբունքորեն զվարճանքների չեմ մասնակցում։ Դա, հավանաբար, բնազդային մակարդակով է դրված իմ ներսում: Թե ինչպես ինձ պահեմ, հուշում է ինձ իմ ներքին ձայնը: Ես միշտ աղոթել եմ առ Աստված, որ փրկի ինձ ունայնությունից: Մեր մասնագիտությունն այնպիսին է, որ շուրջդ շատ մարդիկ կան՝ և՛ վատ, և՛ լավ: Խնջույքներում մեծ թվով նոր մարդկանց հանդիպելու փոխարեն, որոնց հետո նույնիսկ չեմ հիշելու, ես գերադասել եմ այցելել մորս և ընկերներիս:
Թատերագետ Նատալյա Ստարոսելսկայան, որը Ն. Գունդարևայի մասին գրքի հեղինակն է, պատմում է, որ դերասանուհին միշտ հավերժական հարցերի պատասխաններն էր փնտրում՝ հարցեր, որոնք, որպես կանոն, ունենում են բուռն հոգևոր կյանք վարող մարդիկ։
«Ես քուն եմ մտնում միշտ հետևյալ աղոթքով․ «Տեր, պահիր միշտ այնպիսին, ինչպիսին լույս աշխարհ ես բերել։ Պահիր, պահպանիր, մի՛ զրկիր ինձ մտքի սթափությունից»,- հարցազրույցներից մեկում անկեղծացել է դերասանուհին։
«Ես չեմ սիրում հարցազրույցներ տալ․ դրանք բացում են հոգին, հետո ամեն ինչ արնահոսում է և ցավում… Եթե նույնիսկ բոլորիդ առաջ գեղեցիկ, բայց կեղծ խոսեմ, և բոլորդ գոհ հեռանաք, ես ինչպե՞ս եմ ապրելու այդպես։ Դուք չեք կարող խաբել ինքներդ ձեզ: Իսկ Աստծուց առավել ևս ոչինչ չես կարող թաքցնել։ Մանուկ տարիքում ինձ չեն սովորեցրել Աստծուն հավատալ, բայց Աստծուց վախենում եմ։ Երբեմն մտածում ես անել մի բան, որի մասին ոչ ոք չի իմանա, բայց չէ՞ որ ես և Նա կիմանանք: Եվ այդպես ապրելն անտանելի կլինի։ Ո՞ր պահից սկսեցի երկյուղել Աստծուց։ Չգիտեմ։ Սկսեցի երկյուղել և վերջ»,-ասել է Գունդարևան։
Լրագրողի դիտարկմանը, որ նա նույնիսկ ճակատագրի ձեռքում կավ չէ, դերասանուհին պատասխանել է․ «Կավ եմ, կավ։ Կավ եմ Աստծո ձեռքում, Ով ինձ ահա այսպիսի տեսք է տվել։ Սա ես չեմ, ես ինքս ինձնով ոչինչ եմ»։
— Կյանքը ոչ մեկի համար հեշտ չէ, քանի որ հենց Սուրբ Գիրքն է ասում, որ կյանքը վշտերի հովիտ է։ Ես մտածում եմ, որ մենք հաճախ արհեստականորեն ենք մեր մեջ սնուցում ատելությունը, դժգոհությունը, անհամբերությունը։
Ժամանակը բոլորի վրա է ազդել։ Այլ իդեալներ են, առաջնահերթություններ։ Իսկ ես մնացել եմ «պահպանողական» իմ իդեալներում։ Պահպանել ներսում Աստծո կողմից մեզ բաժին հասած կյանքի փորձառությամբ ձեռք բերված մարդկայնության զգացումը, ինքնին մեծ բան է։ Այսօր բոլորն անցել են հավատալուն՝ նույն այն էնտուզիազմով, որով նախկինում աթեիստ էին։ Կարծում եմ՝ դրա մեջ կեղծիք կա։ Հավատը մարդուն ամբողջությամբ է պահանջում։ Իսկական եկեղեցին չի կարող բոլորին հասանելի լինել։
Թատրոնը ևս տաճար է՝ ուղղակի ավելի հասանելի։ Այնտեղ կարող ես մտնել ճտքավոր կոշիկներով, սեփական խնդիրներով՝ չվիրավորելով նրանց, ովքեր անկեղծորեն հավատում են։ Երբ հանդիսատեսն արտասվում կամ ծիծաղում է, ինձ թվում է, որ մենք մեր կամքը չենք կատարում, որ մենք ընդամենը ուղեկցորդներ ենք։
Խոսելով կյանքում մարդու կոչման մասին՝ Նատալյան ասել է․ «Պետք է շարունակ փորձել օգտակար լինել։ Ասենք ունենալ տասը երեխա կամ մանկատանն աշխատել՝ դաստիարակելով օտար երեխաների, կամ էլ եթե միայնակ ես, ինչ-որ բան մարդկանց համար անպայման անել։ Չեմ պատկերացնում, որ կարելի է ապրել առանց որևէ մեկին լավ բան անելու։ Արդյունքում մենակ ես մնում և շուրջդ միայն դատարկություն է։ Երբ ինձ հաջողվում է մի չնչին լավ բան անել, դրանից ահռելի ուժ եմ ստանում»։
Բազմաթիվ մարդիկ են վկայել, թե որքան լավ բան է արել իրենց համար Գունդարևան։
Ռուսերենից թարգմանեց Արաքս Պողոսյանը