Միքայել Հարությունյանը նկարել սկսել է 10 տարեկանից: Ավարտել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան։ 2020թ.- ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է հանրապետական և միջազգային շատ մրցույթների և ցուցահանդեսների:
2021 թ. ԱՄՆ-ում «Catholic Art Institute»-ի կազմակերպված «Sacred Art Prize – 2021» միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի:
2021 թ. հեղինակավոր «Figurativas – 2021» ֆիգուրատիվ մրցույթում նրա նկարը ճանաչվել է լավագույններից մեկը և 4 ամիս ցուցադրվել Բարսելոնայի Ժամանակակից Արվեստի Եվրոպական Թանգարանում (MEAM of Barcelona):
2019 թ. Լոնդոնի Ազգային Դիմանկարի Թանգարանի (National Portrait Gallery) կազմակերպած ”BP Portrait Award” միջաղգային ամենահեղինակավոր դիմանկարի մրցույթում իր ներկայացրած դիմանկարը 84 երկրներից ներկայացված 2.538 աշխատանքներից ճանաչվել է լավագույն 100 դիմանկարներից մեկը:
2018 թ. Իտալիայի Սալեռնո քաղաքում արժանացել է ”Arte Salerno” միջազգային մրցույթի «Քննադատների» մրցանակին:
2017 թ. «Հայաստան» կտավի համար արժանացել է «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» մրցանակի՝ դառնալով ամենաերիտասարդ Թեքեյան մրցանակակիրը:
2017 թ. Եկատերինբուրգում ԱՊՀ երկրների 12-րդ միջազգային երիտասարդական Դելփյան խաղերին «Գեղանկարչություն» անվանակարգում արժանացել եմ 1-ին տեղի և ոսկե մեդալի:
Միքայել Հարությունյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում (2018թ., Էջմիածին), Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում (2012թ., Երևան), Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի Փոքր դահլիճի ցուցասրահում (2011թ., Երևան), ՀՀ Ճարտարապետների միությունում (2010թ., Երևան):
ՄԻքայելի նկարները գտնվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանում (Ֆրեզնո), Մոսկվայի հայկական թանգարանում, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում:
Նրա «Վարդապետը» և «Մկրտիչ Խրիմյան» կտավներով 2019թ. և 2020թ.-ին «Արցախփոստի» կողմից թողարկվել են նամականիշներ և փոստային բացիկներ՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150 ամյակին և Մկրտիչ Խրիմյան Կաթողիկոսին:
Միքայելի աշխատանքները գտնվում են աշխարհի 16 երկրներում՝ տարբեր անհատ կոլեկցիոներների մոտ:
ՄԻքայել Հարությունյանի մասին բազմաթիվ հոդվածներ են տպագրվել ամերիկյան, ֆրանսիական և հայկական ամսագրերում:
«Եկեղեցու հանդեպ սերս փոքր տարիքից է գալիս: Տարիներ անց առիթ ստեղծվեց հանդիպելու Վեհափառին: Հայր Ասողիկի առաջարկով և Հայր Անանիայի օգնությամբ հանդիպեցի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, և դա առավել ամրապնդեց իմ կապը եկեղեցու հետ: Հետագայում Վեհափառի առաջարկությամբ և օրհնությամբ ստեղծվեցին մի շարք գեղանկարներ Մայր Աթոռի համար։ Առանձնահատուկ է Հայրապետական շարքը, որ այժմ Նոր Վեհարանի սրահներից մեկն է զարդարում: Ինչպես նաև «Վարդապետը» կտավը՝ նվիված Կոմիտաս վարդապետին: Լիահույս եմ, որ այսպիսի շատ գաղափարներ Վեհափառի օրհնությամբ կյանքի կկոչվեն դեռ»,- մեզ հետ զրույցում ասաց Միքայելը։