Այս պատմությունը ձեզ տակնուվրա կանի։
Մտնում եմ եկեղեցի: Առավոտյան ինն է, օրվա այն պահը, երբ վառվում են առաջին ճրագներն ու մոմերը, եկեղեցին պատրաստվում է ընդունել մարդկանց: Խաչակնքվում եմ սրբապատկերի առաջ, շրջվում և տեսնում եկեղեցու սրահի խորքից դեպի ինձ քայլող մի կնոջ։ Միանգամից երևում է, որ նա ինչ-որ ցավ կամ վիշտ ունի ներսում։
Պահակը առաջ է անցնում նրանից.
-Տեր հայր, կինը առավոտվա ութից Ձեզ է սպասում։ Դեռ ավելի վաղ էր եկել, նստել տաճարի փակ դռների մոտ:
Կինը մոտենում է ինձ և սկսում լաց լինել։ Բայց նա այլևս արցունքներ չուներ, բոլորը ցամաքել էին։ Նա մի կերպ բռնվել էր ինձանից, քանի որ նրա համար դժվար էր կանգնելը։
-Ի՞նչ է պատահել,- բռնում եմ ուսերը և նայում աչքերի մեջ։
Եվ ահա թե ինչ իսկապես սարսափելի պատմություն նա ինձ պատմեց․ երեկ երեկոյան երեք տարեկան որդու՝ Վանեչկայի հետ զբոսանքից վերադառնում են տուն։ Մայրը միջանցքում հանում է որդու կոշիկները, հետո՝ իր կոշիկները։ Իսկ Վանեչկան այդ ընթացքում վազում է խոհանոց։ Պատուհանագոգի մոտ աթոռ կար, այնպես որ պատուհանագոգին բարձրանալը հեշտ էր: Պատուհանին մոծակներից պաշտպանող ցանց կար։ Երեխան բարձրանում է և հենվում ցանցին: Եվ դրա հետ միասին … ցած ընկնում պատուհանից: Հինգերորդ հարկ, ներքեւում ասֆալտ. Մայրը ոչինչ չհասկացավ, միայն ճիչ ու հարվածի ձայն լսեց։ Այնպիսի ձայն, որ Աստված չանի մեզանից որևէ մեկը լսի… Եվ վերջ, այլևս ոչ մի ձայն:
Նա մտնում է խոհանոց և շունչը կտրվում է՝ դատարկ պատուհան, իսկ երեխան չկա:
Վանեչկան դեռ շնչում էր, բայց անգիտակից վիճակում էր։ Իհարկե՝ շտապ օգնություն, վերակենդանացման բաժանմունք… Բժիշկները ոչ մի շանս չեն տալիս. «Եթե հավատացյալ եք, -ասում են նրանք մորը,- աղոթեք»:
Եվ գիշերը նա գնում է եկեղեցի: Այն փակ է լինում։ Նա լաց է լինում դռան առաջ, և երբ բացվում է այն, շտապով սկսում է փնտրել տեր հորը։
«Եթե հավատացյալ ես…» Իհարկե, հավատացյալ է: Երկուսուկես տարի առաջ այս փոքրիկը մկրտվեց մեր եկեղեցում։ Ես մկրտեցի։ Իսկ Մկրտությունից առաջ նրա ծնողներն ու կնքահայրը խոստացան ինձ, որ երեխային կբերեն եկեղեցի՝ Ս․ Հաղորդություն ստանալու։
-Տեր հայր, մենք այս ընթացքում ժամանակ չգտանք, — լաց է լինում մայրը՝ բռնվելով ինձանից: -Մեկ մի բան էր խանգարում, մեկ մի: Անընդհատ հետաձգվում էր։ Իսկ ամենասարսափելին այն է, որ Դուք, տեր հայր, դրանից մի քանի օր առաջ երևացիք ինձ երազում։ Նախկինում երբեք չեմ տեսել Ձեզ երազում: Ես չէի մտածում Ձեր մասին, որպեսզի երազիս գայիք: Եվ ահա եկաք։
Ձեր այս հագուստով կանգնել և խիստ ինձ էիք նայում: Եվ քնիս մեջ մտածում եմ՝ ինչո՞ւ է տեր հայրն այդպես ինձ նայում։ Եվ հետո ես հասկանում եմ, որ դա պայմանավորված է նրանով, որ մենք Վանեչկային չբերեցինք հաղորդվելու։ Եվ նույն պահին որոշում եմ՝ վերջ, առավոտյան գնալու ենք եկեղեցի։
Արթնացա, բայց չգնացինք եկեղեցի։ Որոշեցի հաջորդ օրը գնալ, բայց… ինչպես սովորաբար լինում է, քնեցինք քնով ընկանք: Եվ հետո երազն անհետացավ․ հազար ու մի երազ կարելի է տեսնել, հո մի երազի համար չես փոխելու սովորական ապրելակերպդ։ Մի օր անպայման կգնանք՝ մտածում էի։ Բայց չգնացինք։
Սիրելի տեր հայր, օգնեք, խնդրում եմ․․․․ չգիտեմ՝ ինչպես, բայց օգնեք»:
Ես անչափ խղճացի երեխային, նրա ծնողներին, բայց չգիտեի Աստծո ծրագրերը…
— Մենք կարող ենք աղոթել, որ Տերը փրկի երեխային, եթե դա Իր կամքն է,- ասացի մորը: — Մենք չենք կարող պահանջել , որ անպայման բուժվի …
— Այո, այո, եկեք, աղաչում եմ Ձեզ, եկեք աղոթենք:
-Այդ դեպքում բաց թողեք ինձ գնալ ծառայության, — ասացի ես նրբորեն, քանի որ կինն այնպես էր կախվել հագուստիցս, որ նրա ձեռքից ազատվելն ուղղակի անհնար էր։
— Այո, իհարկե…,- նա ինձ բաց թողեց, ըստ երևույթին, դժկամությամբ: Այնքան դժվար է միայնակ դիմանալ պատահածին, այնպես որ ուզում ես պինդ բռնվել ինչ-որ մեկից ․․․
Ես կնոջը առաջնորդեցի դեպի Ամենասուրբ Աստվածածնի մեծադիր սրբապատկերը՝ տասնյակ լամպերով լուսավորված։
-Կանգնեք այստեղ և աղոթեք։
-Ես չգիտեմ աղոթել…
— Ինչպես կարող եք աղոթեք։ Խնդրեք Աստվածամորը Ձեր իսկ բառերով օգնել փոքրիկին:
Շուտով կգնամ խոստովանություն ընդունելու։ Եկեք ինձ մոտ և խոստովանեք։ Աստծուց ներում խնդրեք ձեր բոլոր մեղքերի համար: Երբ Պատարագը սկսվի, հեռացեք սրբապատկերից և կանգնեք այ այստեղ: Լսեք Պատարագը, այն ամենը, ինչ ասում և երգում է սարկավագը, և աղոթեք։ Ապա Հաղորդություն ընդունեք:
-Պետք չէ՞ դրան ինչ-որ ձևով պատրաստվել, ես չգիտեմ՝ ինչպես։
-Այս անգամ ես օրհնում եմ, որ այսպես հաղորդություն ընդունեք։ Տերը ցանկանում է, որ Ձեզ, որպես Իր դուստր, աջակցի և սնուցի Իր զորությամբ: Շնորհակալ եղեք դրա համար:
Ես մոտեցա խորանին և ներկաներին հայտնեցի տխուր լուրը։
Սարկավագն իր գրանցամատյանում սկսեց գրել «ծանր հիվանդ մանուկ Հովհաննեսի» անունը։ «Առանձին աղոթք կանենք», — ասաց նա:
Ընթերականները նույնպես ջերմեռանդորեն արձագանքեցին …
Մենք սկսեցինք ծեսը։ Իհարկե, նշվել էր երեխայի անունը գրանցամատյանում՝ հիվանդների համար հատուկ աղոթքով, բայց ես հանեցի այդ թուղթը և դրեցի Գառան զոհասեղանի կողքը։ Ապա՝ խոստովանություն և Սուրբ Պատարագ։ Ես ուզում էի, որ ոչ միայն հոգևորականները, այլև Աստծո ժողովուրդը՝ Եկեղեցու անդամները, աղոթեն այս իրավիճակի համար, ուստի դիմեցի ծխականներին՝ աղոթելու խնդրանքով։⠀
Մանուկ Հովհաննեսի մայրը մոմի պես կանգնած էր ողջ Պատարագի ընթացքում․ պարզ էր, որ նա անկեղծորեն աղոթում էր։ Հետո նա մոտեցավ Հաղորդությանը, իսկ Հաղորդությունից հետո տեսա՝ անհետացել է։ Սակայն, երբ ավարտեցի քարոզը, նորից հայտնվեց եկեղեցում։ Մոտեցավ։ Նրա դեմքը լուսավոր էր․ «Տեր Հայր, կներեք, ես դուրս եկա եկեղեցուց, որովհետև հիվանդանոցից զանգեցին։ Ասում էին, որ Վանեչկան ուշքի է եկել։ Կրկնակի հետազոտեցին և ասացին, որ ամեն ինչ այնքան սարսափելի չէ, որքան թվում էր բժիշկներին գիշերը։ Կապրի…»։
Այնուհետև մենք դեռ աղոթում էինք մանուկ Հովհաննեսի համար, և այդ կինը ամեն օր գալիս էր եկեղեցի․ ես այդպես էի նրան խորհուրդ տվել։
Մեկ շաբաթ անց նա որդուն բերեց հաղորդվելու, որին դուրս էին գրել հիվանդանոցից։ Ներքին օրգանների ոչ մի պատռվածք, ոչ մի կոտրվածք, միայն երկու ազդրերն էին թեթևակի դողում։
Այսօր արդեն այցելում են եկեղեցի։ Աշխատում են ամեն շաբաթ այցելել։ Վանեչկան համակրելի և խելացի շիկահեր տղուկ է և հաղորդվել էլ շատ է սիրում։
Իրական պատմություններ
Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի