(Պատմվածք)

Ես հավաքարար եմ, փողոցն եմ մաքրում: Վրացերենում դա հնչում է որպես «աղբի մարդ»՝ «մենագվե»։

Վեր եմ կենում առավոտյան ժամը 5-ին, խաչակնքում եմ որդուս ու քնած թողնում պառավ մորս մոտ։ Միայն մեր թութակն է լսում իմ դուրս գալը։

Արդեն 5 տարի է, ինչ աշխատում եմ նարնջագույն բաճկոնով և արևից առաջ եմ ողջունում ծառերին, փողոցներին և ողջ երկրագնդին։ Ինչքան աչքս կտրում է, բոլորին բարև եմ ասում։

Մարդիկ իրենց գործով են զբաղված. գնում-գալիս  են ու աղտոտում: Ես աղբը հավաքում եմ, նետում եմ աղբամանների մեջ, հոգուս խորքում ժպտում՝ փողոց մաքրողի երեխաները երբեք աղբը գետնին չեն շպրտի:

Ծառերն ինձնից ներողություն են խնդրում՝ գլուխները խոնարհելով։ Նրանք մեղավոր չեն, որ օր ծերության ձեռքերը դողում են, և ամեն ինչ թափվում է ծերերի ձեռքից: Ես ներում եմ նրանց։ Եվ հետո ես ներում եմ նաև թափվող տերևներին… Իսկ փողոցում ոչ ոք ինձ շան տեղ էլ չի դնում, նույնիսկ կողքովս անցնող հարևանը չի բարևում։

Ոմանց վախեցնում է իմ ոչ այնքան մաքուր հագուստը, ոմանց ցախավելը, մյուսներին՝ մորուքը։ Այդ մորուքի պատճառով իմ հինգ տարեկան տղան ինձ «Հայրիկ Ձմեռ պապիկ» է ասում…

Հավաքում եմ աղբը և մտածում անկողնում թողած տղայիս մասին, պառավ մորս և ժամը 9-ի մասին՝ տեսնես հասցրե՞լ են պատրաստվել մանկապարտեզին, թե՞ ոչ։ Իրականում փողոց մաքրողի երեխաները չպետք է ուշանան մանկապարտեզից կամ դպրոցից…

ես փողոց եմ մաքրում…Փողոց մաքրողին վրացերեն ասում են «աղբի մարդ», և նրանից աղբի հոտ է գալիս…

Հինգ տարի առաջ աղբամանում նորածին երեխա գտա: Հիմա նա իմ տղան է։ Եվ ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Տիրոջը այն բանի համար, որ մարդիկ աղբ են նետում …

 

Աննա Լաշխելի-Օնիանի, «Փողոց մաքրողը» պատմվածքների ժողովածուից

Թարգմանեց Արաքս Պողոսյանը