(Պատմվածք)
«Այն ժամանակ ես երիտասարդ քահանա էի,- իր պատմությունն այսպես սկսեց վանահայրը, — Եվ հայտնվեցի մի վանքում: Շատ շուտով ուշադրությունս գրավեց մի վանական։ Նա շատ լուսավոր էր։ Արդեն հասակն առած մարդ էր, բայց փորձում էր ինչ-որ մեկին ինչ-որ բանով օգնած լինել, միշտ մի գործ գտնում էր անելու և սիրալիորեն շփվում էր մարդկանց հետ: Նա շատ ջերմ էր, և ուզում էիր շարունակ նրա կողքին լինել։
Հարմար առիթով տեղի վանահորը հարցրի, թե ինչպիսի մարդ է նա։
— Օ՜, սա զարմանալի ու շատ դժվար ճակատագրով մարդ է, — եղավ պատասխանը։ — Հիմա նա արդեն հանգստի մեջ է, չի ծառայում… Իսկ մի ժամանակ … մի ժամանակ նա մի սովորական վարդապետ էր։ Դե, բոլորն այդպես էին մտածում՝ սովորական: Ծառայում էր, խոստովանություն ընդունում, հաղորդություն տալիս, քարոզում հավանաբար։ Մինչև որ մի օր նրա գերադասի մոտ եկավ մի կին՝ նորածին երեխան՝ գրկին։ Նա հայտարարեց, որ դա այդ երիտասարդ հոգեւորականի զավակն է, որ նա գայթակղել է իրեն, իսկ հիմա թող «վերցնի իր վաստակին»։
Կանչեցին վանականին… Նա շատ զարմացավ, փորձեց արդարանալ, որ կապ չունի կնոջ կամ նրա դստեր հետ։ Բայց կինը պնդեց, և ինչ-որ մի պահի մեղադրյալն ասաց. «Դե. քանի որ Տերն ինձ նման խաչ է ուղարկում, ես վերցնում եմ այն։ Իմ դուստրն է»։
Բնականաբար, նա կարգալույծ արվեց, լքեց վանքը, աշխատանքի ընդունվեց ինչ-որ մի տեղ… Մեծացրեց աղջկան, դաստիարակեց, սիրեց: Եվ նա՝ նրան: Աղջիկը մեծացավ որպես հավատացյալ և, երբ չափահաս դարձավ, ինքն էլ մտավ վանք։ Իսկ նա այդպես էլ շարունակեց ապրել․․․
Եվ ահա մի օր, երկար տարիներ անց գտան նրան և խնդրեցին ներկայանալ բարձրաստիճան հոգևոր դասի առաջ։ Պարզվեց, որ դստերը լքած կինը նորից էր եկել։ Ծեր, տկար… Նա հիվանդ էր քաղցկեղով, շուտով մեռնելու էր. Եվ եկել էր ապաշխարելու, որ զրպարտել է մի անմեղ մարդու։ Ոչ, նրանից չէր երեխան։
Վերականգնեցին նրան, իհարկե, իր քահանայական կարգի մեջ։ Բայց շուտով նա թոշակի անցավ։ Լուռ ու խոնարհաբար ապրում էր վանքում՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն և մարդկանց տալով իր սերն ու հավատը։
Ներեց զրպարտությունը, ընդունեց մանկանը և մեծացրեց այնպես, ասես թե իրենը լիներ։ Համաձայնվեց և հաշտվեց այն ամենի հետ, ինչ նրան ուղարկեց Տերը: Ընդունեց դա որպես Նրա կամքը:
… Վանահայրն ավարտեց իր պատմությունը։ Մենք լուռ էինք։ Ի՞նչ կարող էինք ասել։ Սրբերը մեր մեջ են՝ չնայած դա վաղուց էր եղել։ Գուցե նույնիսկ երկրի վրա չէ այլևս այդ վանականը: Բայց նա Երկնքում է։ Եվ ես հավատում եմ, որ այսօր էլ ապրում են այդպիսի մարդիկ, և այդպիսի սրտեր բաբախում են։