Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակի «Հանդիպում հոգևորականի հետ» առցանց զրույցի թեման այս անգամ վախճանամոլությունն էր: Բանախոսը Արթիկի թեմի Լմբատավանքի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանն էր:
Մեր օրերում աշխարհի վախճանի թեման խիստ արդիական է և շատ քրիստոնյաների է հուզում, ինչպես նաև՝ դառնում գայթակղության և ներկան անտեսելու պատճառ: Ինչպես վստահեցնում է հոգևորականը, այս մոլությունը հաղթահարելի է միայն Տիրոջ հանդեպ կատարյալ ապավինությամբ:
-Այդ մտահոգությունները գալիս են վախից և թերահավատությունից: Եթե Տիրոջ հանդեպ հնարավորինս կատարյալ վստահությամբ ենք լցված, մենք այսպիսի մտահոգություններ չենք ունենա: Ի վերջո, յուրաքանչյուր մարդու համար աշխարհի վախճանը հավասարազոր է իր սեփական մահվանը, ուստի, Տերն ասում է՝ արթուն եղեք,- իր խոսքում նշեց տեր Վիգենը:
Զրույցի մանրամասները տեսանյութում։