• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց հոգևոր–ինտելեկտուալ խաղի

Փետրվարի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, անցկացրեց հոգևոր ինտելեկտուալ խաղ: Երիտասարդ միության անդամները միմյանց հետ մրցեցին երկու թիմով, որոնք կրում էին «Հաղթանակ» և «Հույս» անվանումները: Ինտելեկտուալ խաղի հարցաշարն ընդգրկում էր Աստվածաշնչից, Հայ եկեղեցու տոներից, ծեսերից և պատմությունից հարցեր:

Երեք փուլով անցկացված ինտելեկտուալ խաղի ընթացքում երիտասարդները ոչ միայն ստուգում էին տարիների ընթացքում ձեռք բերած իրենց քրիստոնեական գիտելիքները, այլ նաև ամրապնդում էին ու նոր գիտելիքներ ամբարում: Հետաքրքիր և թեժ մրցակցության արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց «Հաղթանակ» թիմը՝ արժանանալով մրցանակի:

«Մեծ պահքի ընթացքում հոգևոր ինտելեկտուալ խաղի անցկացումը նպատակ ուներ ամրապնդելու մեր երիտասարդների եկեղեցու պատմության, տոնագիտական, կրոնագիտական, ծիսագիտական և աստվածաշնչյան թեմաներին վերաբերող գիտելիքները: Պողոս առաքյալի խոսքով. «Քրիստոսի մեջ է պահված գիտության և իմաստության բոլոր գանձերը» (Կողոս. 2:3)։ Երիտասարդաց միության անդամները հերթական անգամ հարստացան այդ անգին գանձերով, ինչը օգնելու է իրենց աստվածահաճո անցնելու կյանքի իրենց ուղին՝ իրենց ծառայությունը բերելով մեր եկեղեցուն և հայրենիքին»,- ասաց «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը:

source: https://surbzoravor.am/post/view/zoravor-eritasardac-miutyuny-mrcakcec-hogevor-intelektual-khaghum?fbclid=IwAR3YgX-0DNvlTCyqoTsWjY9XwhTzwfvIKIqKyTmPHA2gkdHn2gSO-YN1Lxo