ՀԵՀԵՄ-ին միացել եմ 2019-ի մարտից։ Սկզբում եղել եմ կամավոր։ Այդ ընթացքում հասկացա, թե որքան կարևոր և անհրաժեշտ առաքելություն ունի ՀԵՀԵՄ-ը մեր իրականության մեջ՝ լինելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կառույց։
2020թ․ դեկտեմբերից անդամակցում եմ ՀԵՀԵՄ-ին՝ թեմական կապերի բաժնում։ Մարիամ երեցկինը, որը մեր պատասխանատուն է, միշտ ոգևորում է, աջակցում, իր անսահման սիրով մեզ առաջնորդում, և ինչ որ անում ենք, մշտապես կարևորում է՝ ասելով, որ յուրաքանչյուրս մեր քարն ունենք դրած ՀԵՀԵՄ-ում։
ՀԵՀՄ-ում կիսում ենք յուրաքանչյուրիս հաջողությունը, ձեռքբերումը, երջանկությունն ու տխրությունը։
Պատերազմի ծանր ե դժվարին օրերին եղել ենք միասնական՝ կատարելով տարբեր աշխատանքներ, փորձելով օգտակար լինել սահմանին կանգնած և հանուն հայրենիքի պահպանության և մեզ համար իրենց կյանքը նվիրաբերող մեր եղբայրներին։ Պատրաստում էինք խաչեր․ սա մեզ սփոփում էր, տալիս անսահման հույս և հավատք։
ՀԵՀԵՄ-ում կարևորում եմ մարդկային անկեղծ հարաբերությունները, սերը ցանկացած գործի, ծրագրի հանդեպ, որ իրականացնում ենք բոլոր անդամներով և մեր բաժնի պատասխանատուներով։
Հայր Թովման, ով ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի տնօրենն ու հոգևոր տեսուչն է, մշտապես մեզ է տալիս իր օրհնությունն ու պատգամները։ Հայր Սուրբի հետ ունենում ենք տարբեր թեմաներով հոգևոր զրույցներ, որոնք նախապես ընտրում ենք։
ՀԵՀԵՄ-ից և՛ տուն, և՛ իմ միջավայր եմ տանում ոչ միայն ձեռք բերած փորձս, որը ստանում եմ որևէ դասընթացից կամ սեմինարից, այլև այն գիտակցումը, որ յուրաքանչյուրիս գործն է մշտապես մտածել և գործել, սիրել այնպես, որ այդ ամենից հայրենիքդ, մայր եկեղեցիդ զորանան, ծաղկեն։
ՀԵՀԵՄ-ն ինձ տվել է արդեն հարազատ դարձած ընկերներ, որոնք կյանքիս անբաժան մասն են։ Այստեղ հավաքվել են բազմաշնորհ, տաղանդավոր երիտասարդներ, որոնք սովորում են և աշխատում տարբեր ոլորտներում, բայց բոլորիս միավորել է մեկ բան՝ լինել լավ հայ քրիստոնյա, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ։
ՀԵՀԵՄ-ը միասնականություն, ընտանիք, սեր, նվիրում, մեծագույն արժեք է։
Նորա Հարությունյան
ACYOWorld Member