Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հուլիսի 5-10-ը Հայաստանում անցկացվող «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության մասնակիցներին։
Հանդիպմանը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը, ներկայացրեց ուխտագնացության ծրագիրը։
Ներկաներին ողջունեց նաև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ նշելով, որ եկեղեցասեր երիտասարդներն անցյալը գալիքի հետ կապող ոսկե կամուրջ են ու այսօր եկել են վերանորոգվելու Սուրբ Էջմիածնի խորհրդով և ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը։
Այնուհետև երիտասարդներին իր պատգամը փոխանցեց Հայոց Հայրապետը։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ խորհրդանշական է համահայկական ուխտագնացության խորագիրը՝ «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր», քանի որ այս տարի լրանում է Մայր Տաճարի հիմնադրման 1720-ամյակը:
«Սուրբ Էջմիածինը Աստծո շնորհն է և պարգևը, որ սնուցել է մեր ժողովրդին հավատք, որով և կերտվել է հայի ինքնությունը, նկարագիրն ու ոգին, ազգային և հոգևոր ողջ արժեհամակարգը»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայ ժողովուրդն այսօր էլ շարունակում է հանուն հավատի և հայրենիքի պայքարել տարատեսակ մարտահրավերների դեմ, ինչպիսիք են համաշխարհայնացումը, հոգևոր, բարոյական օտարամուտ արժեքները, Արցախի շրջափակումը, հայրենյաց սահմանների նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները և ազգի անվտագային խնդիրները։
Ազգիս Հայրապետը ուխտավոր երիտասարդներին հորդորեց անխաթար պահել ազգային, հոգևոր ու բարոյական արժեհամակարգը, ինչպես նաև մեր հայրերից ժառանգած ավանդություններն ու սրբությունները։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ուխտագնացության կազմակերպիչներին՝ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, ինչպես նաև՝ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանին՝ երիտասարդական միությունների հետ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և հայրենաշեն ծրագրերին աջակցելու համար։
Հայոց Հովվապետը նաև իր օրհնությունը բերեց թեմակալ բոլոր առաջնորդներին, ովքեր քաջալերում, խրախուսում և հովանավորում են եկեղեցասեր երիտասարդաց միությունների եկեղեցանպաստ առաքելությանը:
Վերջում Հայոց Հայրապետը ուխտավոր հայորդիներին մաղթեց, որ Տերը նորոգի ու զորացնի նրանց ուխտը: