• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Ամփոփվեցին «Իսկ դու Նոր Կտակարան ունե՞ս» մրցույթի արդյունքները

Սուրբ Ծննդյան տաղավար տոնին ընդառաջ՝ 2022թ․ դեկտեմբերի 22-ից մինչև 2023թ․ հունվարի  3-ը Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր «Իսկ դու Նոր Կտակարան ունե՞ս» մրցույթը։ Հաղթող եռյակի մեջ մտնելու էին նրանք, որոնց կողմից մեջբերված աստվածաշնչյան տողերն առավել հավանություններ կստանային։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակն ամփոփեց մրցույթի արդյունքները, համաձայն որոնց հաղթող ճանաչվեցին Գարիկ Սարիբեկյանը (1-ին տեղ՝ 45 հավանումով), Վասիլ Ստեփանյանը (2-րդ տեղ՝ 32 հավանումով) և Ասյա Բաղդասարյանը (3-րդ տեղ՝ 30 հավանումով)։

Աստվածաշնչյան մեջբերումը, որ հաղթանակ բերեց Գարիկ Սարիբեկյանին, հետևյալն էր՝ «18Սիրոյ մէջ երկիւղ չկայ. եւ կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետեւ երկիւղը տանջանքի ենթակայ է. եւ ով երկնչում է, կատարեալ չէ սիրոյ մէջ» (1 Հովհաննես 4:18)։

Երկրորդ մրցանակին արժանացած Վասիլ Ստեփանյանի ընտրությունը կանգ էր առել «16քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Հովհաննես 3։16) տողի վրա։

Երրորդ մրցանակի արժանացած Ասյա Բաղդասարյանը մեջբերել էր Սիրո Օրհներգից «4Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում, 5անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում, 6անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ. 7ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում։ 8Սէրը երբեք չի անհետանում» (Ա Կորնթացիներ 13; 4-8) տողերը։

ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի աշխատակից Բարեշնորհ Արման սարկավագ Սարգսյանը համապատասխանաբար վերջիններիս հանձնեց Գրասենյակի կողմից պատրաստված նվեր գրքերը՝ «Նոր Կտակարան», «Խրատի Թանգարան» և «Երկու Ուխտավոր»։

Մրցույթի պայմանը խախտած, բայց 100 միավոր շահած ֆեյսբուքյան օգտատիրոջը ՀԵՀԵՄ Գրասենյակը որոշեց տալ խրախուսական մրցանակ։

Նշենք որ Գարիկ Սարիբեկյանը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցու դպիրներից է և տեղի երիտմիության անդամ, իսկ Ասյա Բաղդասարյանը՝ Մասյացոտն թեմի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտմիության ատենապետն է։