Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակի նախաձեռնած առցանց հոգևոր զրույցները շարունակվում են: Այս անգամ բանախոսը Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության միաբան Հոգեշնորհ Հայր Հարություն աբեղա Տամատյանն էր: Մեծ Պահքի 3-րդ՝ Անառակի կիրակիի մասին էր զրույցը։
Հանդիպումը սկսվեց հայր սուրբի աղոթքով:
-Անառակ որդու մասին առակը մեր կյանքն է: Բոլորս դերակատարներն ենք այս առակի, անկախ նրանից՝ ընտանեկան հարաբերություննե՞ր են, թե՞ այլ,- ասաց հայր Հարությունը:
Նա ամենայն մանրամասնությամբ ունկնդիրների համար «բացեց» առակի խորհուրդները և նշեց, որ այս առակը մեր երկնավոր Հոր կարոտի մասին է: Եթե կա կարոտ մարդու և Աստծո միջև, ապա այն առաջինը Աստված է, որ տածում է մարդու նկատմամբ: Հայր սուրբը հետաքրքիր համեմատություն կատարեց. ֆրանսերեն լեզվում «ես քեզ կարոտում եմ» արտահայտությունը բառացի թարգմանվում է հետևյալ կերպ՝ «դու ինձ պակասում ես»: Ահա այս կերպ է մեր Տեր Աստված մեզ կարոտում՝ զգալով մեր պակասը: Թեև Աստված ինքնաբավ է, բայց կարոտը, որ ունի մարդու հանդեպ, կարող է փարատվել միայն մեր հավատքով, դարձով և Աստծո հանդեպ վստահությամբ:
Հոգևոր զրույցի ավարտին Հայր Հարությունը պատասխանեց ունկնդիրներին հուզող հարցերին:
Մանրամասները՝ տեսանյութում․