Դեկտեմբերի 21-ին With the blessing առաջնորդարանում հայոց Սուրբ Աբգար նախավկա և անդրանիկ հավատացյալ թագավորի տոնի առթիվ տեղի ունեցավ շախմատի 9-րդ ամենամյա մրցաշարը: Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աջակցությամբ և օրհնությամբ:
2013 թ.-ից իրականացվող այս մրցաշարը թեմի երիտասարդաց միությունների անդամների նախաձեռնությունն է, որը կյանքի են կոչում Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների համակարգող Արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ: 2020թ.-ից ծրագիրն ընդմիջվել էր. պատերազմից հետո սա առաջին խաղն էր:
Մրցարշավի կանոնների համաձայն՝ նախատեսված էր 2 փուլ։ Հայտագրվել էր 50 մասնակից` տարբեր տարիքային խմբերից։ Առաջին փուլում իրար հետ մրցեցին թեմի քահանաներ, զինվորներ, գնդերեցներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, Արարատյան Հայրապետական թեմի, Արցախի թեմի և Ազգային առաջնորդության ինստիտուտի երիտասարդներ, թեմի կիրակնօրյա դպրոցների ու Երևանի շախմատի դպրոցների սաներ:
Երկրորդ փուլում հաղթողների հետ շախմատի միաժամանակյա խաղ անցկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը և միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը: Մրցաշարը վարեցին միջազգային կարգի մրցավարներ Նորայր Հովհաննիսյանն ու Վարդան Մելքոնյանը:
Թեև նախատեսված էր 2 փուլ, մրցավարների որոշմամբ լավագույն խաղացողները հնարավորություն ունեցան մասնակցելու երրորդ փուլին։
Խաղերի ավարտին գրանցվեց գրոսմայստերների նկատմամբ մեկ հաղթանակ։ Ազգային առաջնորդության ինստիտուտի ներկայացուցիչ Միքայել Դարբինյանը դժվար պայքարում հաղթեց միջազգային գրոսմայստեր Նորայր Քալանթարյանին։
Ավարտին Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունից շնորհակալագրեր հանձնեց բոլոր մասնակիցներին, պատվոգիր՝ հաղթողին, իսկ գրոսմայստերներին ու մրցավարներին ընծայեց Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքեր և հուշանվերներ: