Ավարտվեց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ հուլիսի 6-10-ը անցկացված «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը։ Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը մասնակցում էին մոտ երկու հարյուր երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։
Ուխտագնացությունն իրենց մասնակցությամբ պատվեցին ԱՄՆ Արևմտյան թեմի և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Բուլղարիայի և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևելյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Գերմանիայի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը, ինչպես նաև՝ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից ներկայացուցիչ Հոգեշնորհ Հարություն վարդապետ Տամատյանը։
Ուխտագնացությունը մեկնարկեց առավոտյան աղոթքով, որից հետո սկսվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա դասընթացը, որը վարելու համար հրավիրվել էին ոլորտի մասնագետները։ Դասընթացը միաժամանակ ընթանում էր հինգ խմբերում։ Այն ներառում էր թիմային, ճանաչողական խաղեր և վարժանքներ։ Երիտասարդները միասին կառուցեցին ակնկալիքների ծառը։
Այս դասընթացը երիտասարդական աշխատանքի մասնագետների և հոգևորականների արդյունավետ և ինտերակտիվ համագործակցության օրինակ էր։ Երիտասարդական աշխատանքի մարզիչների հետ նախապես համաձայնեցված օրակարգով յուրաքանչյուր խմբում բանախոսեցին ուխտագնացությանը մասնակից հոգևորականները՝ «Քրիստոնեական երիտասարդական աշխատանք», «Միասնականություն», «Ամենայն ձայն թող լսելի լինի» թեմաներով։ Երիտասարդներին խմբային առաջադրանքներ տրվեցին, որոնց միջոցով նրանք վերհանեցին իրենց թեմերում և երիտասարդաց միություններում առկա խնդիրները և լուծումներ առաջարկեցին։
Հուլիսի 8-ին ուխտավոր երիտասարդներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Հայրապետական մաղթերգը շուրթերին երիտասարդները դիմավորեցին Հայոց Հովվապետին։ Ողջույնի և երախտիքի խոսք ասաց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը։
Ուխտավոր երիտասարդների անունից խոսեցին Երազ Չաղլայանը՝ Կ․ Պոլսի Պատրիարքությունից, և Արշամ Արզումանը՝ Գերմանիայի Հայոց թեմից։
ՀԵՀԵՄ Հոգևոր առաջնորդն իր ուրախությունը հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխարհի տարբեր ծայրերից այդքան հայորդիների համախմբման առիթով և հույս հայտնեց, որ Հայոց Հովվապետի օրհնությամբ նրանք առավել եռանդով կլծվեն իրենց հայրենաշեն և եկեղեցաշեն առաքելությանը։
Այնուհետև Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը փոխանցեց ուխտավոր երիտասարդներին՝ գոհություն հայտնելով հայրենիքից և աշխարհասփյուռ հայ համայնքներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նրանց համախմբման առիթով։
Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Հովնան Սրբազանի և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հայր Թովմայի կողմից երիտասարդների հետ տարվող աշխատանքը։ Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ երիտասարդները հայրենիքի և Եկեղեցու հանդեպ սիրով պիտի շարունակեն իրենց նպաստը բերել հայրենի կյանքի վերազարթոնքին և լուսավոր ապագայի կերտմանը։
Ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության մասնակիցներին։
Մայր Աթոռից երիտասարդները շարժվեցին դեպի Եռաբլուր։ Այստեղ միասնական աղոթք բարձրացվեց «վասն հավատո և վասն հայրենյաց» նահատակված զինվորների հոգիների հանգստության համար։ Ուխտավոր երիտասարդները ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին։
Հուլիսի 9-ին ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության մասնակիցները այցելեցին Սևանավանք և Վազգենյան հոգևոր դպրանոց։ Նաև զբոսանք իրականացվեց Սևանա լճի վրա։
Հուլիսի 10-ին ուխտավոր երիտասարդները Բջնիի Սուրբ Աստվածածին Եկեղեցում մասնակցեցի Սուրբ և Անմահ Պատարագի՝ մատուցված ձեռամբ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի։
Այնուհետև բոլոր երիտասարդներին վկայականներ հանձնվեցին ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությանը մասնակցության համար։ Շնորհակալագրեր տրվեցին ուխտագնացությանն իրենց մասնակցությունը բերած թեմակալ առաջնորդներին և հոգևորականներին, ինչպես նաև երիտասարդական աշխատանքի երկօրյա դասընթացի բոլոր դասընթացավարներին։
«ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունն ավարտվեց հրաժեշտի խնջույքով և համերգով՝ մասնակցությամբ Հայաստանի հայտնի երգիչների և պարային խմբերի։
ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են: Վերջին տարիներին հիշարժան են հատկապես «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Հայրենիք» (2018թ.) և «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» (2019թ.) համահայկական ուխտագնացությունները: