• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Ծառայությունս ՀԵՀԵՄ–ում պարտավորեցնող է. Արման սարկավագ Սարգսյան

— Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք դառնալ հոգևորական:

-Զբաղվել եմ սպորտով, և անգամ մտքովս չէր անցնում, որ կընտրեմ հոգևորականի ուղին։ Փոքր տարիքում հոգևորի մեջ առաջին քայլերով պարտական եմ տատիկիս, որովհետև «Մանուկների Աստվածաշունչը» ինքն էր ինձ տալիս, որպեսզի ընթերցեմ։ Հասուն տարիքում եմ որոշել դառնալ հոգևորական։ 18 տարեկանում Արարատյան Հայրապետական թեմի շնորհիվ ծանոթացա եկեղեցու առաքելությանը։ Այժմ իմ նպատակն է՝ ապրել ազնիվ, օգտակար լինել մերձավորին, ծառայել ժողովրդիս և Հայրենիքիս՝ պայքարելով և  աշխատելով նրանց արժանապատիվ կյանքի, կայուն առաջընթացի, ինչպես նաև հոգևոր կրթության համար։

-Խոսենք պատվիրաններից. հնարավո՞ր է արդյոք պահել բոլոր պատվիրանները:

-Աստված պատվիրեց մեզ պահել իր պատվիրանները։ Մարդը չի կարող որևէ մեղք չգործել, սակայն նա ունի ազատ կամք, և ինքն է որոշում՝ պահել պատվիրանները, թե ոչ։ Հոգևոր կյանքը մեզ համար պետք է լինի ապրելակերպ. «Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ» (Ելք 20:12):  Այս պատվիրանը մեզ սովորեցնում է սիրել և պատվել մեր  ծնողներին, որովհետև մեր անտեսանելի հոգին Աստծուց ենք ստացել, իսկ մեր տեսանելի մարմինը՝ մեր ծնողներից։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է սիրել Եկեղեցին, սրբությունները և հոգևոր ժառանգությունը։ Կատարելով այս ամենը՝ կպահենք նաև պատվիրանները։

-Գուցե կա՞ պատվիրանների հիերարխիա` ավելի կարևոր կամ պակաս կարևոր:

–Մեզ համար բոլոր պատվիրաններն էլ կարևոր են. Աստծո պատվիրանները միմյանց լրացնում են։ Պետք է նշել, որ Աստծո խոսքը մեզանում օրըստօրե մեծ տարածում է գտնում։ Աստծուց ստացած պատգամներին ու պատվիրաններին հետևելը զուգորդվում է Աստծո խոսքի ներգործությամբ. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերին և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմոս 118;105):

–Քրիստոս պատվիրեց սիրել բոլորին: Բայց ինչպե՞ս դա անել, հնարավո՞ր է արդյոք սիրել բոլորին:

–Տերը պատվիրեց, որպեսզի սիրենք միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ։ Անկեղծ  սիրով ծառայելով ու ներելով մարդկանց՝ մենք ինքներս կարող ենք ուժ ձեռք բերել հաղթահարելու սեփական խնդիրները. «Նոր  պատվիրան եմ տալիս Ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:34): Փոխադարձ սերը, նվիրվածությունը, հարգանքն ու ջերմությունը կարգավորում են մեր մարդկային փոխհարաբերությունները, և այդպես մենք կատարում ենք Տիրոջ կամքը։

-ՀԵՀԵՄ-ն ի՞նչ է Ձեզ համար, և այդ կառույցում ինչպիսի՞ն է Ձեր ծառայությունը:

Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և առաջնորդությամբ նշանակվեցի Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակում։ ՀԵՀԵՄ-ը ինձ համար այն կառույց է, որտեղ ես ինքս սովորեցի, թե ինչպես կարող եմ աշխատել երիտասարդների հետ։ Իմ ծառայությունն այստեղ պարտավորեցնող է, բայց նաև դյուրին՝ շնորհիվ Գրասենյակի հմուտ աշխատակազմի, թիմային աշխատանքի, նաև՝ երիտասարդների ոգևորիչ ներկայության։

–Հետաքրքիր է, ի՞նչ դեր ունի հոգևորականը հավատացյալի կյանքում:

–Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր հավատքի հիմքն է։ Հոգևորականի դերը մեծ է հավատացյալի կյանքում. Ինչպես մենք բժշկի կարիք ունենք մեր ֆիզիկական մարմինը բուժելու համար, այնպես էլ հոգևորականի կարիք ունենք՝ հոգու բժշկության համար։ Նրա օգնությամբ և առաջնորդությամբ է, որ մարդը գտնում է ճանապարհը դեպի Քրիստոս, դեպի լույս, դեպի հավատք։ Հոգևորականը Աստծու և մարդու միջև միջնորդ է։ Նա պետք է հովվի իր ժողովրդին՝ օրինակ ունենալով մեր Տեր Հիսուս Քրիստոսին։

–Ինչու՞ Աստծու խոսքը քարոզելու համար միայն հավատը բավարար չէ:

–Առհասարակ, խոսքը, հատկապես բանավոր խոսքը ցանկացած հասարակության համար կարևոր է։ Աստծո խոսքը մեր հասարակության համար առավել ևս կարևոր է, և Աստծո խոսքը տարածելու համար ոչ միայն հավատք է պետք, այլև ճշմարիտ գիտելիք, որն առանց եկեղեցու ձեռք բերել ուղղակի անհնար է։

–Արդյո՞ք կարող ենք պնդել, որ Աստծու խոսքը քարոզելը միայն ու միայն հոգևորականների մենաշնորհն է։

–Աստծո խոսքի տարածումը և քարոզչությունը հիմնված են մեր հայրերի վարդապետության վրա, և ըստ այդ վարդապետության են մեր հոգևորականները տարածում և քարոզում Աստծո խոսքը։ Աստծո խոսքի տարածումը հոգևորականների առաքելությունն է և պարտականությունը։

Հեղինե Յասոյան
Հեղինե Յասոյան
Զրուցավար