• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Երիտասարդական հավաք՝ Գերմանիայի Հայոց թեմում

Մարտի 19-ին Գերմանիայի Հայոց թեմի Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի Երիտասարդական Հանձնախումբը հանդիպում էր նախաձեռնել, որին մասնակցեցին տարածաշրջանի տարբեր քաղաքներից ժամանած մի շարք երիտասարդներ և հրաշալի ժամանակ անցկացրեցին Գերմանիայի նշանավոր ուսանողական քաղաք Հայդելբերգում, ծանոթացան քաղաքում բնակվող  հայ ընտանիքների հետ և վայելեցին նրանց ջերմ ընդունելությունը։

Հայդելբերգը հայտնի է ոչ միայն  հրաշալի բնությամբ, յուրահատուկ ճարտարապետությամբ և կոլորիտային միջնադարյան փողոցներով և տներով, այլ նաև  բավական հետաքրքիր պատմությունով։

Երիտասարդներն այցելեցին Գերմանիայի առաջին նախագահ Ֆրիդրիխ Էբերթի տուն-թանգարան, որտեղ նրանց սպասում էր հայ ժողովրդի բարեկամ  պրոֆ․ դր․ Բերնդ Բրաունը։ Վերջինս երիտասարդների հետ շրջեց տուն-թանգարանով և նրանց ծանոթացրեց Ֆրիդրիխ Էբերթի գործնեությանը։

Ճաշից հետո շարունակվեց քաղաքի և նրա պատմության  բացահայտումը։ Երիտասարդները այցելեցին Հայդելբերգի ամրոցը, ծանոթացան ամրոցի ու քաղաքի պատմությանը։ Հայդելբերգի ամրոցը քաղաքի խորհրդանիշն է ու Գերմանիայի ամենահայտնի պատմամշակութային համալիրներից։

Երիտասարդները նկարվեցին ամրոցի արտաքին պատերից մեկի՝ հույս, հավատ, սեր և արդրություն խորհրդանշող արձանախմբի դիմաց։

Այնուհետև հայ երիտասարդներն ուղևորվեցին դեպի քաղաքի կենտրոնական՝ Սուրբ Հոգի եկեղեցի։ Այստեղ մեր  հայրենակցի Գրիգոր Ազարյանի ուղեկցությամբ բարձրացան եկեղեցու գմբեթն ու ստացան հետաքրքիր տեղեկություններ քաղաքի և եկեղեցու մասին։

Օրվա ավարտին քննարկվեցին երիտասարդական հավաքների հնարավոր ֆորմատներն ու դրանց արդյունավետությունը տարբեր տարիքային խմբերի և տաբեր հետաքրքրություններ ունեցող երիտասարդների համար։ Նրանք առիթ ունեցան մտքեր փոխանակելու իրենց հուզող հարցերի շուրջ, ինչպես նաև առաջարկներ արվեցին ապագայում երիտասարդական ծրագրերի կազմակերպման ու իրագործման վերաբերյալ։

Նման հանդիպումները լինելու են շարունակական։

Երիտասարդական այս և այլ ծրագրերին տեղեկանալու և մասնակից լիելու համար կարող եք հետևել համայնքի պաշտոնական կայքին կամ ինսթագրամյան և ֆեյսբուքյան էջերին։