Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ անցկացվող «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության (5-10 հուլիս) առաջին օրը մեկնարկեց առավոտյան ժամերգությամբ և ուխտագնացության պաշտոնական բացումով։
Ուխտագնացության մասնակիցներին ողջունեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
«Փառք ենք տալիս Ամենակարող Աստծուն, որ ևս մեկ անգամ մեր բոլորի քայլերը առաջնորդեց Մայր Հայրենիք, Սուրբ Էջմիածին՝ մեր քրիստոնեական հավատքի ծննդավայրը, որպեսզի միասնական աղոթքով կատարենք մեր ուխտը՝ մնալու համար հավատարիմ զավակները Հայ Առաքելական Մայր Եկեղեցու», — հետևյալ խոսքերով սկսեց իր ուղերձը Սրբազան Հայրը՝ երիտասարդներին կոչ անելով կյանքը հարստացնել աստվածային սիրով, հավատքի բարի գործերով, լինել առաքյալները Քրիստոսի և հոգևոր ծառայությամբ, աղոթքով ամուր պահել Մայր Եկեղեցին։
Այնուհետև սկսվեց «Թվային քրիստոնեական երիտասարդական աշխատանքի» ՀԵՀԵՄ երկօրյա դասընթացը։ Դասընթացի մասնակիցները բաժանվեցին հինգական խմբերի։ Յուրաքանչյուր խմբի առաջնորդում էր մեկ դասընթացավար և երկու հոգևորական։
Դասընթացի առաջին օրը ներկայացվեց ծրագիրը, ռազմավարությունը, երիտասարդները թվային գործիքներ օգտագործելով ծանոթացան միմյանց հետ։
Անցկացվեցին «Սոցիալական մեդիայի ռազմավարության պլանավորում», «Սոցիալական մեդիա արշավ» խմբային աշխատանքները։
Դասընթացի տաղավարներ այցելեցին ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Ռ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը։ Սրբազան հայրերը պատասխանեցին երիտասարդներին հուզող հարցերին։
Դասընթացի առաջին օրվա ավարտին անցկացվեցին արդյունքների քննարկում և առաջին թրեյնինգային օրվա ամփոփում։
«Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության առաջին օրն ավարտվեց երեկոյան ժամերգությամբ։