• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացություն-2023. Օր երրորդ

Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ անցկացվող «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության (5-10 հուլիս) երրորդ օրը դարձյալ դասընթացային էր։

«Թվային քրիստոնեական երիտասարդական աշխատանք» ՀԵՀԵՄ երկօրյա դասընթացի շրջանակներում երիտասարդները շարունակեցին թվային հաղորդակցության կամուրջներ կառուցել սեփական մեդիան ստեղծելով։ Նրանք քննարկեցին իրենց արդեն իսկ պատրաստած թիմային աշխատանքները, այնուհետև անցան դերային խաղի։ Իրավիճակային պահեր խաղարկելով՝ դասընթացի մասնակիցները հետաքրքիր հանգուցալուծումներ ցուցադրեցին։

Երիտասարդներն արդեն իսկ ձևավորված քույր թեմերի միջև թվային հաղորդակցության գործիքներ առաջարկեցին։

Բոլոր հինգ խմբերում դասընթացին կցված հոգևորականների հետ թեմատիկ ակտիվ քննարկումներ անցկացվեցին։

Խումբ առ խումբ շրջայց իրականացրեցին ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը։

Երկօրյա դասընթացն ավարտվեց արդյունքների ամփոփմամբ։

Նշենք, որ դասընթացի շրջանակներում պատրաստված տեսանյութերը ցուցադրվում են ՀԵՀԵՄ սոցիալական էջերում։

«Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության երրորդ օրը մեկնարկեց և ավարտվեց ժամերգությամբ։