Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ սույն թվականի հուլիսի 5-10-ը հայրենիքում կանցկացվի «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով համահայկական ուխտագնացությունը։
Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը կմասնակցեն հարյուրից ավելի երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, ինչպես նաև՝ թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ, ներկայացուցիչ՝ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից։
Ուխտավոր երիտասարդները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Կկազմակերպվեն նաև այցեր Սբ․Հռիփսիմե, Սբ․ Գայանե, Շողակաթ, Խոր Վիրապ վանքեր և Զվարթնոցի տաճար։
Ուխտագնացության վերջին օրը ուխտավորները Կոտայքի թեմում կմասնակցեն Սուրբ և Անմահ Պատարագի։
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթացն այս անգամ կրում է «Թվային Քրիստոնեական երիտասարդական աշխատանք» անվանումը, և կրթական առաջադրանքներն ուղղված կլինեն թվային աշխարհում երիտասարդների գործունեության ակտիվացմանը։
ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են: Վերջին տարիներին հիշարժան են հատկապես «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Հայրենիք» (2018թ.), «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» (2019թ.) և «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» (2022 թ.) համահայկական ուխտագնացությունները: