• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ-ականը լավագույն կամավոր է ճանաչվել

Երևանի քաղաքապետարանի հայտարարած «Լավագույն կամավոր» մրցանակաբաշխությանը ՀԵՀԵՄ-ական կամավորների համար հիմնադրված Համահայկական երիտասարդական միություն (ՀԵՄ) կրթա-մշակութային ՀԿ-ի կողմից ներկայացված թեկնածուներից ընտրվեց Անի Մկրտչյանը։ Դեկտեմբերի 6-ին կայացավ «Լավագույն կամավոր» մրցանակաբաշխության պարգևատրման արարողությունը, որին մասնակցեց նաև Անին։ Նշենք, որ մրցույթն անցկացվում էր Կամավորների միջազգային օրվա առիթով:

Դեկտեմբերի 7-ին Անին իր մրցանակով այցելեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման  Կենտրոնական գրասենյակ՝ ստանալու ՀԵՀԵՄ ԿԳ հոգևոր տեսուչ և տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանի օրհնությունը: Վերջինս օրհնելով մրցանակակիր կամավորին՝ ասաց. «Մենք բոլորս Աստծո հանդեպ հավատի կամավորներն ենք: Սա սոսկ կամավորական աշխատանք չէ, այլ  ծառայություն եկեղեցուն և Աստծուն»: Հայր սուրբը շնորհակալություն հայտնեց Անիին  կամավորության մեջ իրեն լավագույնս դրսևորելու համար և վստահեցրեց, որ ՀԵՀԵՄ-ը նրա կյանքում միշտ ուրույն դեր է ունենալու:

Իր հերթին Անի Մկրտչյանը նշեց, որ կամավորությամբ զբաղվում է դեռևս 16 տարեկանից, իսկ այս մրցանակն իրեն էլ ավելի է պարտավորեցնում կարևորելու կամավորական աշխատանքը և նոր եռանդով լծվել այդ գործին: «ՀԵՀԵՄ-ում կամավորությունն ինձ համար լոկ կամավորություն չէ. այստեղ ես ավելի շատ վերցնում եմ, քան տալիս: Այստեղ ես շարունակ սովորողի դերում եմ և որ ամենակարևորն է՝ հոգևոր ճանաչողություն եմ ձեռք բերում»,- ասաց Անին:

Համահայկական երիտասարդական միություն կրթա-մշակութային ՀԿ-ն ստեղծվել է ՀԵՀԵՄ հարկի ներքո, 2020թ. -ին՝ ՀԵՀԵՄ-ի կողմից հզորացված, գիտելիքներով զինված և լավ մոտիվացված երիտասարդների նախաձեռնությամբ: Կազմակերպության նպատակն ակտիվ հասարակական գործունեության ծավալումն է: ՀԵՀԵՄ-ն ամեն կերպ օժանդակում է ՀԵՄ-ի երիտասարդներին՝ նպաստելով նրանց ակտիվ գործունեությանը թե՛ ֆինանսապես, թե՛ մարդկային ռեսուրսներով, թե՛ տարածք տրամադրելով: