Հուլիսի 4-ին ՀԵՀԵՄ ԿԳ-ի նախաձեռնած «Հեռավար հանդիպում հոգևորականի հետ» շարքի բանախոսը Իտալիայի Հայոց հովվության հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․Տիրայր վարդապետ Հակոբյանն էր։ Երիտասարդների հետ նա խոսեց մարդկային չարությունից և արժանիքներից։ Նախքան բուն թեմային անդրադառնալը՝ հայր սուրբը երկու խոսքով պատմեց Իտալիայի երիտասարդաց միության կողմից իրականացվող գործունեության մասին։
-Սփյուռքում կյանքը բավականին այլ է։ Այստեղ երիտասարդները մի քանի գործողություն միանգամից են նախաձեռնում․ ոչ միայն միջոցառումներ և հանդիպումներ են կազմակերպում, այլև փորձում են իրենց շուրջը հավաքել ողջ Իտալիայի հայ համայնքը՝ մեկնելով Իտալիայի տարբեր քաղաքներ` ուխտագնացության և տեղի հայերի հետ ծանոթանալու։ Երբ նրանք տեսնում են եկեղեցասեր երիտասարդներին՝ կյանքով լեցուն, իրենք էլ են ուզում մաս կազմել Եկեղեցու կենդանի մարմնի,- ասաց հայր սուրբը։
-Վերջին շրջանում մարդկանց մեջ ավելի շատ չարություն կա մեկը մյուսի հանդեպ, աշխարհի հանդեպ, իրենք իրենց հանդեպ։ Իսկ ինչ է չարությունը և ինչպես պատասխանել չարությանը, — օրվա թեման այսպես սկսեց հայր Տիրայրը՝ նկատելով, որ մի դեպքում չար մարդ տեսնելիս հույսներս դնում ենք նրա վրա, որ Աստված նրան կպատժի, mյուս դեպքում ինքներս ենք սկսում դատապարտել, անիծել նրան։ Հաճախ մենք նաև թաքուն նախանձով ենք նայում չար մարդուն՝ զարմանալով, թե նա ինչպես կարող էր այդքան փող ունենալ և կամ այդքան հաջողությունների հասնել։ Չարությանն այս բոլոր մոտեցումներն էլ շատ վտանգավոր են և կարող են ոչնչացնել մեր ներսը։
Մանրամասները՝ տեսանյութում։