Հոկտեմբերի 1-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում Զարա Ղազարյանն արժանացավ «Աղոթք» խորագրով լուսանկարների մրցույթի 3-րդ պատվավոր մրցանակին:

Զարան իրեն լուսանկարիչ դեռ չի համարում, լրագրող է, բայց աշխատանքը միշտ ներառել է նաև լուսանկարչություն: Սա նրա առաջին մրցանակը չէր:

«15 տարեկանում մասնակցել եմ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Երաշտ և բողբոջ» խորագրով համապետական լուսանկարչական մրցույթին։ Այդ ժամանակ իմ աշխատանքը 4000 լուսանկարներից ճանաչվեց լավագույն մտահաղացում,- պատմում է Զարան: — Ներկայիս ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի շենքում էր ցուցահանդեսը: Նույն շենքը, նույն զգացողությունները, նկարն էլ՝ նորից հոգևոր բնույթի. մուտքի մոտ երեկվա պես վերհիշեցի հինգ տարի առաջվա ապրումներս»։

Զարան երկար ժամանակ ուզում էր մասնակցել մրցույթին, սակայն չէր ուզում հենց այնպես լուսանկարել, իսկ այն ինչ փնտրում էր՝ չէր գտնում: Պատմում է, որ երկար մտածում էր՝ ունի՞ արդյոք նոր ասելիք, ի՞նչ պիտի նկարի, ի՞նչ է ուզում պատմել իր նկարով, որտե՞ղ, ի՞նչ միջավայրում է հանդիպելու պատկերին, որը փնտրում է: Արդյունքում մասնակցության հայտը ներկայացրել է մրցույթի վերջնաժամկետից 2 օր առաջ:

«Վերջին օրերն էին մրցույթի: Պատարագի էի գնացել: Արդեն հաշտվել էի այն մտքի հետ, որ աչքս կադր չի ֆիքսում։ Խոստովանության ժամանակ ինքս էլ աղոթում էի: Մի պահ աչքս ընկավ գմբեթից իջնող արևի լույսին: Ուզեցի հասկանալ՝ այն ուր է ընկնում։ Այդպիսի աղոթական վիճակ, այդքան սիրուն պատկեր երբեք չէի տեսել։ Ես դադարեցի սեփական աղոթքս՝ հույսով, որ այս պատմությամբ, այս պատկերով հետագայում ավելի շատ մարդիկ կհաղորդվեն: Ծնկաչոք սողալով մոտեցա, որ նախ հավատացյալներին չխանգարեմ, ապա աննկատ մնամ ու հրաշք պատկերը չփչացնեմ»։

Զարան 5 կադր է ունեցել, ելնելով մրցույթի կանոններից՝ ներկայացրել է մեկը:

Կադրերումս երևում է սկիզբը, ընթացքը, կուլմինացիան և ավարտը, մի խոսքով՝ աղոթքի ողջ ընթացքն ու էությունը։ Առաջին կադրում հերոսս զրուցում էր, երկրորդում զղջում, երրորդում խնդրում, չորրորդում հույս էր երևում, իսկ վերջին կադրում՝ գոհություն հայտնում։ ներկայացրի այն նկարը, որի մեջ հույս էի տեսնում:

Զարան սիրողական նկարում է ակրիլով, գուաշով, սիրում է խաղալ գույների հետ, բայց չի ստացվում ստանալ իր աչքի տեսածը: Ասում է՝ ձեռքերս թույլ են աչքիս տեսածը վերարտադրելու համար: Դրա համար ընկերացել է լուսանկարչական ապարատի հետ: Լուսնակարը համարում է առանց շարադրանքի, առանց լեզվի խոսող պատմություն։

«Ես միշտ մտածել եմ, որ լուսանկարները հեշտությամբ կարող էին համաշխարհային լեզու ձևավորել։ Նկարից անդին կանգնածը չգիտի նկարողն ինչ ազգի է, ինչ լեզուներ գիտի, բայց պատկերին նայում է ու հասկանում՝ հեղինակն ինչ է պատմում»:

https://www.facebook.com/hehemofficial/posts/2163791760391444?__tn__=-R