Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, վիրահայ համայնքում մեկնարկեց «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար 2021-2022 թթ.» ծրագիրը։ Այն 2005 թվականից կազմակերպում ու կյանքի է կոչում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից և հովանավորությամբ:
Դեռևս անցյալ տարվանից ստանձնելով ծրագրի պատասխանատուի գործառույթը և արժանանալով երիտասարդ դեսպան Վրաստանում պատվավոր կոչմանը՝ Վիրահայոց թեմի երիտասարդաց միության անդամ Էմիլ Սարգսյանը դարձյալ ստանձնեց ծրագրի պատասխանատուի գործառույթը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում 2021 թվականի նոյեմբերի 21-ին կայացավ հանդիպում երիտասարդների հետ, որի ընթացքում երիտասարդ դեսպանը ներկաներին փոխանցեց Երևանում վերջերս Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակում կայացած հանդիպման մասին: Այնուհետև մանրամասն ներկայացրեց Ջինիշյան հիմնադրամի ծրագրի նպատակն ու խնդիրները:
«Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար 2021-2022թթ.» ծրագիրը կշարունակվի 12 ամիս՝ 2021 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2022 թ. հոկտեմբերի 31-ը․ կայանալու են սեմինարներ, վարժանքներ, որոնց ընթացքում երիտասարդները հանդես կգան նախաձեռնություններով, որոնք ուղղված կլինեն համայնքային գործունեության ակտիվացմանը:
Ծրագրի իրականացման աշխատանքներին ընդգրկվել են Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների երիտասարդները: Նախատեսված են հանդիպումներ և դասախոսություններ տարբեր ոլորտի փորձագետների հետ:
Սեմինարները և վարժանքները տեղի են ունենալու ինչպես առցանց, այնպես էլ փոխադարձ այցելություններով ու շփումներով: