(պատմվածք)

Մայրս մահացավ, երբ ես ընդամենը տասներկու տարեկան էի։ Երեք ամիս անց հայրս նորից ամուսնացավ, և նոր կին մտավ տուն՝ ամբողջությամբ գրավելով հորս ուշադրությունը։

Մայրիկի իրերը. Իր սիրած բաժակները, ափսեները, սփռոցը, առհասարակ, կենցաղային ամեն ինչ դարձան նրա իրերը։

Խոհանոցում, որտեղ մայրս էր անընդհատ, հիմա մի տարօրինակ կին էր եփում` խորթ մայր՝ մերացու, և դա ինձ ցավեցրեց մինչև հոգուս խորքը։

Ես ատեցի նրան այն պահից, երբ հասկացա, որ հայրս սիրում է նրան և մոռացել է մորս։

Հայրս 40 տարեկան էր, իսկ նա՝ 27` գեղեցիկ, հետաքրքիր, ակտիվ։ Հայրս կրքոտ սիրով սիրում էր նրան, իսկ մեր մայրը կարծես մոռացված, շպրտված էր ինչ-որ հեռու տեղ:

Հայրս շատ էր սիրում ինձ և վեցամյա քրոջս՝ Զոյային, խնամում էր մեզ, նվերներ էր անում, զբոսնում էր մեզ հետ։ Բայց հիմա արդեն այդ հոգսն ամբողջությամբ ընկավ մեր խորթ մոր վրա։ Եթե ​​մենք զբոսնում էինք, ապա միայն նրա հետ․ նա էր նվերներ և նոր բաներ ձեռք բերում. դա ինձ դուր չեկավ, այլ ավելի դառնացրեց:

Նախքան խորթ մորս մեր տուն մտելը հայրս ինձ հետ հասուն զրույց ունեցավ։ Նա բացատրեց, որ անհնար է, որ ինքը՝ տղամարդ լինելով, աշխատի և միաժամանակ՝ տան հոգսը հոգա, մեզ կրթի, և  որ մորաքույր Նատաշան, այդպես էր մեր խորթ մոր անունը, լավ մարդ է, նա մեզ կսիրի և կլինի մեր մայրը։ Հայրիկը շատ ու երկար խոսեց, իսկ ես զայրացած մի գլուխ ասում էի. «Ո՛չ, ո՛չ և ո՛չ, մեզ խորթ մայր պետք չի, ես կպատրաստեմ, կօգնեմ քեզ, կնայեմ Զոյային, ես ատում եմ այդ մերացուին»:

Խորթ մայրը մեր տուն մտավ։ Մտավ անաղմուկ, զգույշ, և մենք սկսեցինք միասին ապրել: Նա ոչինչ չվերադասավորեց բնակարանում, չփոխեց նախկինում սահմանված կանոնները և չփորձեց հրամայել։ Արդարության համար պետք է ասել, որ նա լավ էր խնամում մեզ՝ երեխաներիս, և, որքան էլ դառն էր խոստովանելը, ավելի լավ, քան հանգուցյալ մայրս։ Մայրիկը բարի էր, բայց նախընտրում էր գիրքը կամ ընկերներին, սիրում էր տղամարդկանց ուշադրությունը գրավել, իսկ տնային աշխատանքը հետաձգում էր ավելի լավ ժամանակների:

Խորթ մայրը սիրում էր կարգուկանոն, մաքրություն, ամեն բան իր տեղում էր, սենյակում փոշու մի նշույլ իսկ չկար. և դա ինձ ավելի էր զայրացնում: Մայրիկի լուսանկարները դեռ կախված էին պատերին, յուղաներկով դիմանկարը, ասեղնագործ աշխատանքները, հարսանեկան մատանին,  մարգարտամանյակը, բրոշները և մորս սիրելի այլ զարդերը դեռևս պահարանին դրված բաժակի մեջ էին: Խորթ մայրը ոչ մի բանի չէր դիպչում, իսկ իր բրոշները, մատանիները, վզնոցները դրել էր առանձին։

Մեզ ցավ չպատճառելու համար նա հրաժարվեց իրենց հարսանիքը նշելուց, բայց ես այդ մասին իմացա հայրիկիցս, երբ արդեն չափահաս էի։

Խորթ մայրը խնդրեց ինձ և Զոյային, որ իրեն «Նատաշա» անվանենք։ Զոյան արագ վարժվեց նրան, գգվեց, խաղաց և հանկարծ սկսեց «մամա» կանչել, բայց ես ատում էի Նատաշային, և այդ ատելությունն ամեն օր աճում էր։ Ես ավիրում էի նրա կյանքը, ինչպես կարող էի:

Իր սենյակում, մահճակալի գլխին, խորթ մայրը կախել էր երկու փոքրիկ սրբապատկեր (հետագայում իմացա՝ Վլադիմիրի Աստվածամայրն էր և Նիկողայոս Հրաշագործը): Մեկը պոկեցի ու գցեցի հատակին։ Խորթ մայրը ոչինչ չասելով վերցրեց այն, ուղղեց, սոսնձեց ու նորից կախեց։ Հետո երկուսն էլ պատռեցի․ մեր տանը չէին հավատում Աստծուն, ու երբեք սրբապատկերներ չենք ունեցել։ Խորթ մայրը նորից սոսնձեց սրբապատկերները և կախեց նույն տեղում։ Իսկ ես, երբ դպրոցից տուն եկա, պոկեցի դրանք ու այրեցի խոհանոցում։

Երեք օր սրբապատկերները չկային, իսկ հետո նույն տեղում հայտնվեցին ուրիշները։ Պոկեցի, պատռեցի, վառեցի, բայց երկու օր անց, նորից հայտնվեցին։ Այս պայքարը տեւեց երեք ամիս, բայց հետո ես հոգնեցի ու հանձնվեցի․ սրբապատկերները մնացին իրենց տեղերում։

Ես զարմանում էի, որ խորթ մայրս այս մասին երբեք հորս չէր ասում։ Ես նրան «Նատաշա» չէի ասում, այլ՝ մերացու, և հատկապես սիրում էի նրան այդպես անվանել անծանոթների ներկայությամբ։ Նրան նյարդայնացնելու համար կոտրեցի իր բրոշները, ցրեցի վզնոցը, «պատահաբար» սուրճը լցրեցի սփռոցի վրա, սկսեցի վատ սովորել՝ չնայած մինչ այդ ես գերազանցիկ էի։ Ես փորձեցի լարել Զոյային նրա դեմ, բայց ոչինչ չստացվեց։ Հայրս նկատեց, որ ես կոպտում եմ խորթ մորս, սաստեց ինձ, բայց՝ ամեն ինչ ապարդյուն։

Սկզբում ես իմ հաղթանակը համարեցի խորթ մոր լռությունը։ Ինձ թվաց, թե նա վախենում է ինձանից; Ես՝ անմիտ երեխաս, այդպես էի կարծում, բայց հետո սկսեցի մտորել։

Հանգիստ, քնքշորեն նա ինձ օգնում էր ամեն ինչում՝ կարում էր, եփում, լվանում, կարգի բերում իմ իրերը, միշտ լավ նվերներ էր անում, իսկ ես արհամարհաբար հրաժարվում էի, բայց հոգուս խորքում ինչ-որ տեղ ուրախ էի, մանավանդ որ խորթ մայրս նվերներ ընտրել գիտեր։

Ես ատում էի նրան, բայց աստիճանաբար հոգուս խորքում սկսեցին ի հայտ գալ հարգանք ու երախտագիտություն. դպրոցի աղջիկները պատմում էին իրենց խորթ մայրերի մասին: Բայց ատելությունը մեծանում էր, ինձ հետ անտանելի մի բան էր կատարվում։ Չարացել էի, վրեժխնդիր դարձել, դպրոցում ինձ զզվելի էի պահում. մեկ հորս, մեկ խորթ մորս կանչում էին դասղեկի, տնօրենի մոտ։

Մի անգամ հայրս գործուղման էր, խորթ մայրս մեզ պառկեցրեց քնելու։ Կեսգիշերին արթնացա և խորթ մորս սենյակում լույս տեսա, բացեցի դուռը և ինչ տեսնեմ. նա կանգնած էր դեմքով դեպի իր սրբապատկերները, աղոթում և մղկտում էր, կարդում էր աղոթքները, արցունքները հոսում էին նրա դեմքից. հետո շշնջալով ասում էր. «Տեր, Տեր, օգնիր ինձ: Աստվածամայր, մի՛ թող ինձ, մեղավորիս: Ես սիրում եմ Լյուբոչկային, ինչո՞ւ է նա ինձ ատում: Օգնի՛ր, Տե՛ր: Ի՞նչ է, մեղավո՞ր եմ, որ խորթ մայր դարձա։ Ես չգիտեմ, թե ինչ անեմ, ես վստահում եմ քեզ, Երկնային Թագուհի, օգնիր ինձ» — և նորից սկսեց կարդալ աղոթքները: Աղոթում էր, իսկ արցունքները հոսում էին և հոսում:

Ես անաղմուկ պառկեցի, բայց սրտումս տհաճ ու զզվելի զգացողություն էր․ «Ինչի՞ համար է այս ամենը», -մտածում էի։

Նա երբեք չէր նախատում ո՛չ ինձ, ո՛չ Զոյային, նա միշտ բարի խոսք ուներ՝ ջերմացնող, քաջալերող, և երբ ես շատ էի թունավորում իր կյանքը, նա տխուր ասում էր.

-Ախր ինչու՞  այդպես, Լյուբոչկա:

Ընկերուհիներս, որ մեր տուն էին գալիս, սիրում էին նրան և ինձ ասում.

-Ինչ լավն է նա։

Խորթ մայրը ջերմ էր ընդունում նրանց և միշտ կերակրում էր։

Հիշում եմ՝ ուրբաթ օրը եկա տուն, վատ գնահատականներ էի ստացել։  Պայուսակս գցեցի բազմոցին, նստեցի աթոռին՝ զայրացած, չար։ Այդ պահին խոհանոցից ներս մտավ խորթ մայրը և հարցրեց.

-Լյուբոչկա, ստուգողականդ տվեցի՞ր:

Ինչ լու կծեց ինձ, չիմացա, բազմոցից վերցրի պայուսակս ու կատաղած նետեցի ճաշասեղանին: Սեղանին դրված էին ափսեներ, բաժակներ, ապուրի կաթսան. ամեն ինչ թռավ հատակին, որոտաց, կոտրվեց, և հիստերիայի մեջ ես սեղանից քաշեցի սփռոցը: Խորթ մայրը նետվեց իմ կողմ, գրկեց, համբուրեց.

— Սիրելիս, հանգստացիր:

Ես իրեն հետ եմ մղում, ինքը ինձ հանգստացնում է, սեղմում իրեն: Ես զայրացած կծեցի նրա ձեռքը մինչև արնահոսեց:

Այդ ժամանակ դռան զանգը հնչեց։ Հայրիկը և Զոյան քայլելուց էին վերադարձել, և պիտի ընթրեինք։ Ես անմիջապես հանգստացա, հիստերիան ակնթարթորեն անցավ։ Ես հասկացա, որ անցել եմ բոլոր թույլատրելի սահմանները, և հայրիկը սա ինձ չի ների։

Խորթ մայրը բացեց շքամուտքի դուռը, և միջանցքում լսում եմ, թե ինչ է ասում հորս.

— Պետյա, այ քեզ ձախորդություն, ես պատահաբար քաշեցի սփռոցը, և այն ամենը, ինչ սեղանի վրա էր, շուռ եկավ հատակին, ամբողջ սպասքը կոտրեցի:

Հայրիկը լավ սպասքի սիրահար էր,  նա նույնիսկ բղավեց խորթ մոր վրա, վրդովվեց, դուռը շրխկացրեց ու տանից դուրս եկավ։ Խորթ մայրը լուռ հավաքեց հատակին թափված բեկորները, մաքրեց հատակը, մաքուր սփռոց փռեց, սեղան գցեց, և երբ հայրս վերադարձավ, նստեցինք ճաշելու։ Խորթ մայրը վիրակապեց կծած ձեռքը, այն արնահոսում էր, իսկ հորս հարցին, թե ինչ է ձեռքին եղել, պատասխանեց․ «Ես կտրեցի այն ապակու բեկորով», -և այլևս ոչինչ չասաց:

Խորթ մայրը ցնցեց ինձ մինչև հոգուս խորքը, և ես մտածեցի՝ պե՞տք էր արդյոք այդպես վարվել։ Շուտով հայրիկին կանչեցին դպրոց, խորթ մայրը գնաց: Վարքս ահավոր էր, գնահատականներս՝ շատ վատ, դասերս՝ բաց թողնված։

«Քանի մայրը կենդանի էր, նա գերազանց էր սովորում, իսկ հենց խորթ մայրը տուն մտավ, դարձավ ամենավատ սովորողներից մեկը»,– դասղեկը խղճում էր ինձ՝ ամեն ինչում մեղադրելով խորթ մորս։

Գնում ենք դպրոց․ ես մռայլ եմ, զայրացած, խորթ մայրս էլ՝ տխուր։ Մենք քայլում ենք մենակ, շուրջը մարդ չկա։ Խորթ մայրս կանգ առավ, գրկեց ինձ, շոյեց գլուխս, համբուրեց այտս ու տխուր ասաց. «Լյուբոչկա, ինչո՞ւ ես այդպես վարվում, ինչի՞ համար։ Դու կարող ես լավ սովորել, տանջում ես քեզ էլ, հայրիկին էլ, ինձ էլ։ Դու զայրացած ես, որ ես ամուսնացա հայրիկիդ հետ, բայց ես սիրում եմ ձեզ բոլորիդ»:

Ես չպատասխանեցի։ Եկանք դպրոց, կարող եք ինքներդ կռահել, թե ինչ խոսակցություն ունեցավ տնօրենը։ Խորթ մայրը ընկճված եկավ տուն։ Հայրս մեղադրեց Նատաշային՝ ասելով՝ երեխայի հանդեպ մոտեցում չունես: Ես գնացի հարեւանի տուն, խորթ մայրս մնաց տանը։ Մեկ ժամ անց վերադարձա, զգուշությամբ բացեցի մուտքի դուռը, հանգիստ նստեցի սեղանի մոտ՝ դասերս պատրաստելու և լսեցի, որ խորթ մորս սենյակում ինչ-որ մեկը լաց է լինում։ Գնացի, դուռը բացեցի, տեսնեմ՝ խորթ մայրը նստած է անկողնու վրա, գլուխն առել է ծնկների մեջ և լաց է լինում. «Տե՛ր, օգնի՛ր ինձ։ Աստված, օգնիր ինձ»։

Մոտեցա նրան։ Չնկատեց, լաց է լինում։ Հանկարծ գլուխը բարձրացրեց, և ես տեսա այնպիսի դժբախտ, արցունքոտ դեմք, որ իմ ողջ մանկական հոգով հասկացա արարքներիս ամբողջ ստորությունը, անարդարությունը, նետվեցի դեպի նա, գրկեցի և ասացի.

— Նատաշա մորաքույր։ Ներիր ինձ, ես լավ կսովորեմ, մի անհանգստացիր։ Ես ամեն ինչ անում էի քեզ հակառակվելու համար:

Նատաշա մորաքույրը գրկեց ինձ, երկուսս էլ լաց եղանք, իսկ ես առաջին անգամ համբուրեցի նրան։ Այդ օրվանից ամեն ինչ փոխվեց։ Ես սկսեցի լավ սովորել, օգնել տնային գործերում։ Տան տրամադրությունն ամբողջովին փոխվեց, դարձավ ուրախ:

Սկզբում, ինչպես արդեն ասացի, ես նրան «մերացու» էի ասում, հետո՝ «մորաքույր Նատաշա», իսկ հիմա պարզապես՝ «մայրիկ»։

Գրեթե մեկ տարի խորթ մորս հետ իմ պայքարը շարունակվեց, բայց բարությամբև համբերությամբ նա հաղթեց ինձ, հոգիս տակնուվրա արեց, և ես սիրահարվեցի նրան, քանի որ նրան անհնար էր չսիրել։

Մայրիկ Նատաշան ինձ սովորեցրեց սիրել մարդկանց, սովորեցրեց լինել բարի։ Բայց ամենակարևորը՝  նա մկրտեց ինձ և Զոյային, ծանոթացրեց մեզ քրիստոնեական հավատքին, աղոթքներին, եկեղեցական ծեսին, առաջնորդեց ինձ Եկեղեցի. այն լցրեց իմ կյանքը, որն այժմ անհնար է պատկերացնել առանց Աստծո:

Աղբյուր՝  Հայր Արսենի գրքից