Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման Կենտրոնական գրասենյակը, համագործակցությամբ «Համահայկական երիտասարդական միավորում» ՀԿ-ի, նախաձեռնել է «Իմ թանկ» բարեգործական ծրագիրը, որը կիրականացվի ծրագրին միանալու պատրաստակամություն հայտնած հայտնի մարդկանց մասնակցությամբ։
Գաղափարի նպատակն է՝ գոյացած հասույթն ուղղել Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում երիտասարդական և պատանեկան շարժական ուսումնական կենտրոնների ստեղծմանը, դրանց տեխնիկական և ծրագրային ապահովման, ինչպես նաև համապատասխան մասնագիտական դասընթացներ կազմակերպելուն։
Արդեն Գրասենյակ է հրավիրվել ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Զարուհի Բաբայանը և հյուրընկալվել ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ․Թովմա վրդ․ Խաչատրյանի կողմից։
Վերջինս սիրով ընդունել է Գրասենյակի հետ այս ձևաչափով համագործակցելու առաջարկը՝ նշելով, որ պատրաստակամ է իր ներդրումն ունենալու ապագա ծրագրերի իրականացման համար։
«Իմ թանկ» բարեգործական ծրագրի մեկնարկը տրվելու է բարեգործական ծրագրին միանալու ցանկություն հայտնած մասնակիցների նվիրական անձնական իրերի առցանց վաճառքով։