Առաջնորդանիստը՝

Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

Ուրուգվայի հայոց թեմի առաջնորդ  Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյան  

Քաղաքները՝ Մոնտեվիդեո, Ուրուգվայ: Ուրուգվայի թեմը կազմավորվել է 1983-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: 1938-1982-ին ուրուգվահայ համայնքը Արգենտինայի, Բրազիլիայի և Չիլիի հայ համայնքների հետ ընդգրկված էր Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակության կազմում (կենտրոնը՝ Բուենոս Այրես): Առաջին հայրապետական պատվիրակն էր Գարեգին արք. Խաչատուրյանը (1938-51, 1951-61-ին Կ. Պոլսի հայոց պատրիարք): 1983-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին (Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի) թեմերի: 1984-ին Ուրուգվահայոց թեմի առաջին առաջնորդ է նշանակվել Հակոբ ծ. վրդ. (1990-ից՝ եպիսկոպոս) Գըլընճյանը, որը պաշտոնավորում է մինչև օրս:

Համայնքում ներկայումս գործող միակ հայ առաքելական եկեղեցին 1964-ին համագաղութային հանգանակությամբ Մոնտեվիդեոյում կառուցված Ս. Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցին է (օծվել է 1965-ին):