(Պատմվածք)

 

Ալյոնկան մոր հետ ապրում էր անտառամեջի մի փոքրիկ գյուղում։ Նա սովորում էր առաջին դասարանում, իսկ դպրոցը հարևան գյուղում էր։ Նրանք ապրում էին խաղաղ, ջերմ մթնոլորտում, աղջկան թվում էր, որ ինքն ու մայրն ամենաերջանիկն են աշխարհում…

Այդ երեկո, որը Ալյոնկան միշտ կհիշի, մայրը բլիթներ էր թխում։ Նա բարձրացրեց տապակը, հանկարծ շունչ քաշեց և ցավից ծալապատիկ եղավ՝ մի կերպ տապակը մի կողմ դնելով:

-Մայրի՛կ, մամա՛, ի՞նչ պատահեց քեզ,- Ալյոնկան նետվեց դեպի մայրը։

Մայրը մի կերպ հասավ մահճակալին և տնքաց.

-Չգիտեմ, աղջիկս, վազիր հարևանուհու մոտ։

Ալյոնկան նետվեց այնտեղ։ Նրա հետ անմիջապես վազեց եկավ բարի տատիկ Վասիլևնան։ Մայրը պառկել էր և տնքում էր։ Նա այնքան գունատ էր, որ նույնիսկ շուրթերն էին գունաթափվել։

-Վատ են գործերը,- ասաց Վասիլևնան։ — Բուժակի տղան է մեքենայով նրան այցելել, ես վազեմ նրանց հետևից:

Ալյոնկան մնաց մոր հետ։ Նա կամացուկ լաց էր լինում՝ երեսը սեղմած մոր ձեռքին։

Բուժակն արագ զննեց հիվանդին և կարճ կապեց.

— Կույրաղիքի բորբոքում, շտապ պետք է քաղաք հասցնել և վիրահատել։

— Ալյոնկա, սիրելիս, — միայն կարողացավ  շշնջալ մայրը:

Նա անհանգիստ նայեց հարեւանուհուն։ Վերջինս առանց խոսքերի հասկացավ նրան։

-Մի՛ վախեցիր, մենակ չենք թողնի,- արցունքների միջից ասաց Վասիլևնան,- ես կգնամ-կգամ։

Հարևանուհին չէր կարող Ալյոնկային իր մոտ տանել. ամուսինը խմող էր, ամեն օր սկանդալներ էր սարքում։

Եվ ահա մորը տարան։ Մինչ մեքենա նստելը նա հանկարծ ամուր սեղմեց Ալյոնկայի ձեռքը և շշնջաց.

-Աստված քեզ հետ, աղջի՛կս։

 

Դադարեց հեռացող մեքենայի աղմուկը։ Վասիլևնան նստեց, լաց եղավ՝ Ալյոնկային գրկած, իսկ հետո ասաց.

-Գնա քնիր, վաղը դպրոց պիտի գնաս,- և ինքն էլ գնաց իր տուն։

Ալյոնկան անընդհատ մտաբերում էր մոր խոսքերը. «Աստված քեզ հետ…»

Ալենկան սկսեց հիշել այն, ինչ մայրը կարդացել էր իրեն Աստվածաշնչից։ Նա դադարեց լաց լինել և շուտով իրեն շատ հոգնած զգաց: Հանկարծ հիշեց, որ առավոտյան պետք է գնա դպրոց, շատ վախեցավ՝ պետք է գնար մութ անտառով։

Ալյոնկան միշտ քայլում էր՝ ամուր բռնած մոր ձեռքից, և նույնիսկ այդ ժամանակ ամեն ձայնից դողում էր… Ինչպե՞ս կարող էր նա մենակ գնալ։

Այդ անհանգստացնող մտքերով տարված՝ Ալյոնկան չնկատեց, թե ինչպես քուն մտավ։

Եվ ահա նա երազում տեսնում է, որ քայլում է անտառով, և ամենևին էլ այն սարսափելի չէ, այլ՝ պայծառ, գեղեցիկ, ինչպես ամռանը․ ո՛չ, նույնիսկ՝ ավելի գեղեցիկ: Գեղեցիկ ծաղիկներ են աճում, որոնցից երկրի վրա չկան, թռչունները հիանալի երգում են, և անտառի վերևում գտնվող լույսն ավելի պայծառ է, քան արևը: Ալյոնկան քայլում է այս արտասովոր անտառով, ամենուր լսում է գեղեցիկ շշուկներ, ինչպես երաժշտություն. «Տերը քեզ հետ է. … Տերը քեզ հետ է …»։ Եվ նա չի հասկանում՝ երա՞զ է, թե՞ ոչ:

 

Առավոտյան աղջիկը վեր կացավ ու պատրաստվեց դպրոց գնալ։ Երբ նա դուրս եկավ շեմից, քարացավ. ցուրտ էր, քամին ոռնում էր, անտառը կարծես սև էր: Եվ կրկին նույն խաղաղ ձայնը՝ «Մի՛ վախեցիր, Տերը քեզ հետ է…»։ Նա համարձակորեն վազեց ճանապարհով և հասցրեց ժամանակին դպրոց հասնել:

Երեկոյան Ալյոնկան վերադարձավ և սկսեց տունը մաքրել։ Մի կերպ վառեց վառարանը: Վասիլևնան եկավ, բերեց կաթ և թխվածք, նստեց նրա հետ:

-Ինչպե՞ս ես քեզ զգում այստեղ մենակ: Չե՞ս վախենում, — հարցրեց։

-Ոչ, վախենալու չէ, — ժպտաց Ալյոնկան, — որովհետև Տերն ինձ հետ է։

Այդպես անցան օրեր։

Այդ ընթացքում մայրն ապաքինվեց ու վերադարձավ տուն։ Ալյոնկան նետվեց նրա գիրկը, համբուրեց՝ ուրախությունից լաց լինելով և ծիծաղելով։

-Աղջի՛ս, սիրելիս, ինչպե՞ս կարողացար միայնակ,- հարցրեց մայրը։

Ալյոնկան նայեց նրա աչքերի մեջ և հանկարծ շատ լուրջ ասաց.

-Ես մենակ չեմ, Աստված ինձ հետ է։ Եվ քեզ հետ է, մայրիկ: Նա այստեղ է և ամենուր…

Մայրը գրկեց նրան ու լաց եղավ։ Ինչպե՞ս կարող էր նա հիմա պատմել փոքրիկ աղջկան, թե ինչպես էր հիվանդանոցում աղոթում Աստծուն իր համար: Ինչպե՞ս արտահայտել այն ուրախությունը, այն երախտագիտությունը, որը պատել էր նրանց սրտերը։

— Փա՛ռք քեզ, Տե՛ր,- մրմնջաց մայրիկը։

— Փառք քեզ, Տեր,- ժպտալով շշնջաց Ալյոնկան։

 

Հոգեշահ Զրույցներ

Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի