(Պատմվածք՝ իրական դեպքի հիման վրա)
Իմ եղբայր Վոլոդյան՝ Վովկան, ինձանից մեծ էր վեց տարով: Բարձրահասակ, աթլետիկ կազմվածքով տղա էր՝ հմայիչ ժպիտով և թափանցիկ, մոխրագույն-կապույտ հրաշալի աչքերով: Մի խոսքով, Վովկան, ինչպես ասում էր մեր հարևանուհիներից մեկը, «ցավեցնելու աստիճան գեղեցիկ էր»: Նա ուներ հումորի ուժեղ զգացում և մեկ արտահայտությամբ կարող էր ցանկացածին «գետնին տապալել»: Կամ էլ թե, մի հոնքը բարձրացնելով, խորամանկորեն պտտեցնում էր աչքերը և դավադրաբար, հանգիստ պատմում ինչ-որ շշմեցուցիչ պատմություն:
Վովկայի կյանքը հետաքրքիր էր՝ դպրոց, սիրված գրքեր, հոկեյ, բռնցքամարտ, արշավներ … Բացի այդ, ցանկացած աղջկա համար ավագ եղբայր ունենալը հատուկ հպարտության առիթ է, հետևաբար, մանկության տարիներին ես ոչ միայն պարծենում էի, որ ունեմ ավագ եղբայր, այլև ոչ մի քայլ չէի հեռանում Վովկայից:
Ճիշտ է, կար ևս մեկ հանգամանք, որ այդպես ջերմեռանդորեն էի նրան սիրում: Մեր հայրիկը շուտ էր մահացել, հետևաբար, Վովկան ոչ միայն իմ ավագ եղբայրն էր, այլև հորս փոխարինողը:
Վովկայի կերպարի հիմնական հատկանիշներն էին բարությունն ու արդարամտությունը: Նա անկեղծ էր և չուներ խորամանկություն. բացարձակապես չգիտեր ստել, կեղծավորել կամ ստոր բան անել: Բացի այդ, նա անսահման քաջ էր ու անվախ: Ավագ դպրոցում մի տղա էր սովորում նրա հետ: Նա այն տղաներից էր, ով փոքր տարիքից լավ հասկանում էր, թե ինչ է անձնական շահը և խորամանկությունը: Նրան չէին սիրում, բայց նրանից վախենում էին: Մի անգամ նա տղաներին զեկուցեց իրենց տղայական չարությունների մասին, և եղբայրս իմացավ նրա բերանբացության մասին: Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես նա վրդովված բղավեց. «Ինչպե՞ս կարող էր: Դա դավաճանություն է: Դա ստորություն է»: Եվ հաջորդ օրը, չնայած այն բանին, որ այդ տղան դպրոցի ուսմասվարի որդին էր, Վովկան նրան մի լավ ջարդ տվեց, ինչի համար հետո քիչ էր մնում դուրս թռներ դպրոցից:
Եվ մեկ անգամ չէ, որ Վովկան ստիպված էր սեփական արյունով վճարել իր բարի և ոչ անտարբեր սրտի համար: Հիշում եմ, թե ինչպես մի գիշեր նրան քարշ տվեցին տուն՝ գունատ և արյունոտ. նա փողոցում պաշտպանել էր մի տղայի և դանակի հարված ստացել թիկունքին: Դանակի սայրն անցել էր ողնաշարից մեկ սանտիմետր հեռավորության վրա, և եղբայրս հրաշքով անդամալույծ չդարձավ: Երբ Շտապ օգնությունը նրան տանում էր, նա ինձ միայն ասաց. «Ամեն ինչ լավ կլինի, մի անհանգստացիր: Մենակ թե մաքրիր իրերս արյունից և ոչ մի խոսք մայրիկին»:
Նաև շատ առատաձեռն էր: Երբեք չէր ափսոսում որևէ բան, տալիս էր վերջին ունեցածը և երբեք չէր մտածում, որ իրեն չմնաց: Մենք լավ չէինք ապրում: Չնայած մայրիկը մեզ կերակրելու և ոտքի կանգնեցնելու համար շատ էր աշխատում, բայց, մեկ է, գումարը միայն ամենաանհրաժեշտ բաներին էր հերիքում: Իսկ Վովկան ինձ ծննդյան նվեր անելու համար մի քանի ամիս գաղտնի ինչ-որ տեղ էր աշխատում: Գիշերը՝ տոնի նախօրեին, նա կամացուկ նվերը դրեց իմ սենյակում, իսկ առավոտյան, երբ տեսա իմ «նվիրական երազանքը» և նետվեցի դեպի Վովկան՝ շնորհակալություն հայտնելու, նա զարմացած դեմք ընդունեց և ասաց, որ գաղափար չունի, թե ինչի մասին է խոսքը: Ճիշտ է, մեկ րոպե անց չդիմացավ և ուրախ ծիծաղեց՝ նայելով, թե ինչպես եմ ցատկոտում և հրճվանքից ճչում: Վովկան սիրում էր անակնկալներ պատրաստել և նվերներ անել:
Իր բնավորության, քաջության, ջերմ սրտի համար մեր դպրոցից շատ աղջիկներ սիրահարված էին նրան, իսկ ոմանք գալիս էին մեր պատուհանների տակ՝ նրան հանդիպելու հույսով: Նրանք նույնիսկ փորձում էին ընկերանալ ինձ հետ, որպեսզի ավելի մոտ լինեն նրան: Բայց ես չէի հասկանում և չէի կիսում այդ բոլոր աղջկական հիացմունքները նրա գեղեցկության և «յուրահատկության» շուրջ: Եղբայրս, իհարկե, ամենալավն էր, բայց նա պարզապես եղբայր էր: Հարազատ և լավ մարդ, մեկը, ում վրա կարող էի հույս դնել և ում կարող էի վստահել: Եվ ոչ միայն ես էի այդպես կարծում: Շատ տղաներ ճանաչում և հարգում էին նրան, և երբ եկան 1990 -ականների «դաժան» տարիները, նրա անունը մեկ անգամ չէ, որ փրկեց ինձ: Հերիք էր միայն ազգանունը նշել և ասել, որ ես նրա քույրն եմ, նույն այն տղաները, ովքեր պատրաստվում էին ինձ վիրավորել, իրենց հսկողության ներքո ինձ տուն էին ուղեկցում, «որպեսզի ուրիշները չնեղացնեն»: Մեր արյունակցական կապի շնորհիվ շատ անգամներ ես դուրս եկա ջրից չոր, այնպես որ ոչ միայն ինքը՝ Վովկան, այլև նրա անունն ինձ համար անվտանգության երաշխիք էր, հուսալի հենարաև և պաշտպանություն:
Բայց Վովկայի հետ փորձանք պատահեց: Երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել, աշխարհի տարբեր ծայրերից ամեն տեսակ աղբ սկսեց լցվել մեր երկիր: Այն ամենը, ինչով շնչում էր արտաքին աշխարհը, և որից մեր երկիրը փակվել էր «երկաթե վարագույրով», այդ ամբողջ այլանդակությունը մտավ մեր կյանք: Եվ ամենասարսափելի աղետը, որ պատահեց ռուս ժողովրդին, թմրանյութն էր: Դրանցով լցվեցին Ռուսաստանի բոլոր քաղաքները: Հեշտ էր դրանք գնել քաղաքի յուրաքանչյուր անկյունում: Եվ իմ 16-ամյա եղբայրը պատահաբար ընկավ այդ սատանայական ծուղակը: Սկզբում դա մարիխուանան էր: «Խոտ»՝ ինչպես ասում էին երիտասարդների շրջանում: Իրենից տասը տարով մեծ ընկերը նրան տվեց փորձելու այդ խոտը: Վոլոդյային, ով սպորտով էր զբաղվում ամբողջ մանկության և պատանեկության տարիներին և դեռ չէր հասունացել, դուր եկավ «հասուն կյանքի» հետ շփման այդ փորձը: Սկզբում նա միայն «խոտ էր քաշում» ՝ ժամանակ առ ժամանակ ծխելով այն ընկերների հետ:
Նա չէր զգում իր վրա կախված իրական վտանգը, չէր հասկանում: Եվ ահա մի երկու տարի անց «լկստվելը» ավարտվեց, և սկսվեց վտանգավոր թմրանյութերի՝ իրար ետևից փորձարկումը: Սկզբում ոչ ոք ոչինչ չէր կասկածում: Եվ հետո ամեն ինչ ջրի երես դուրս եկավ, և ահավոր ենթադրությունը հաստատվեց: Մեր ամբողջ ընտանիքը սարսափահար նետվեց եղբորս օգնելու, բայց արդեն ուշ էր: Կործանարար կիրքն արդեն տիրել էր նրան: Բանակից նրան ուղարկեցին քրեակատարողական գումարտակ. թմրանյութ գտնելու հույսով նա ընկերոջ հետ ջարդուփշուր արեց բուժսանբաժանմունքը:
Իսկ երբ նա երկու տարի անց վերադարձավ տուն, չնայած որ նախկին Վովկան էր, բայց ավելի հաճախ բոլորովին օտար մեկն էր: Մայրիկը, ինչպես կարող էր, պայքարում էր նրա համար, բայց Վոլոդյան դանդաղ մահանում էր: Հաջորդ դոզայի համար մեզ գումար էր պետք: Եվ Վովկան, այնքան ազնիվ, այնքան արդարամիտ, սկսեց երկակի կյանք վարել և խախտել օրենքը: Հետևեց հատուցումը՝ բանտ: Կարճ դադար…. և կրկին բանտախուց: Շատ բաներ էլ եղան, որ պատմելու չէին: Բայց, փառք Աստծո, Տերը պաշտպանեց նրան բռնարարքի կամ սպանության սարսափելի մեղքերից:
Նրա կյանքում լինում էին պահեր, երբ նա փորձում էր վերջ տալ և պոկել իր հոգուց այդ մահաբեր կիրքը: Փախչել դրանից, հեռանալ: Որոշ ժամանակ նա ապրում էր հեռավոր գյուղում ՝ ընկերներից և թմրանյութից հեռու: Ապրում էր, աշխատում: Տեղից տեղ էր տեղափոխվում: Եվ չնայած որ եղբայրս ուժեղ մարդ էր, բայց ի վիճակի չեղավ հաղթահարել այդ հիվանդությունը, այդ դաժան թշնամուն: Եվ ի՞նչ կարող էր նա անել այդ անհավասար պայքարում: Մենակ, առանց վերևից հայցվող օգնության: Մեն-մենակ՝ Թշնամու դեմ: Նա նվազեցնում էր դոզան, ձեռնաշղթաներով կապում իրեն, պայքարի այլ միջոցների դիմում: Բայց ժամանակ անց նորից մահացու թմրանյութի ոսկրոտ ձեռքը նրան դեպի իրեն էր քաշում: Մեզանից ոչ ոք այն ժամանակ չգիտեր այդ իրավիճակից դուրս գալու միակ փրկարար ելքը. օգնություն հայցել Նրանից, ով կարող էր օգնել, ով ցանկանում էր փրկել Վոլոդյային` Աստծուց:
Մայրիկը սկզբում ինքն էր փորձում փրկել նրան՝ ինքնուրույնաբար: Զրույցներով, հորդորներով, խրատներով, արցունքներով, հեկեկոցով: Բայց այդ ամենն անօգուտ էր: Ես նրա համար փոքր էի, մարդահաշիվ չէի, ո՞վ ինձ կլսել: Եվ բացի այդ, մի քանի տարվա հույսերից հետո, ես կորցրեցի հավատս, որ նրան կարող եմ օգնել: Իսկ հետո ես նույնիսկ չէի մտածում, թե ինչպես օգնել նրան, այլ մտածում էի իմ մասին, որ ավագ եղբայրս ինձ դավաճանել է, դադարել է լինել ուժեղ, դադարել է լինել իմ հենարանը, հպարտությունը: Նա դարձավ իմ ամոթն ու սարսափը, դարձավ թմրամոլ, բանտարկյալ: Ատելով նրան ինձ պատճառած հիասթափության ու դառնության և մորս տառապանքների համար, ես չէի ցանկանում այլևս նրա մասին որևէ բան լսել: Ես չէի ուզում նրան ճանաչել: Այդ տարիների ընթացքում միայն մեր տատիկն էր աղոթում նրա համար: Եվ միայն վերջին մի քանի տարիներին՝ հասկանալով, որ Աստծուց բացի ուրիշ ոչ մեկից չես կարող օգնություն հուսալ, մայրս սկսեց աղոթել նրա համար: Այդպես անցավ գրեթե 20 տարի:
2004թ. դեկտեմբերին եղբայրս ընկավ հիվանդանոց: Ոստիկանական շրջափակումից խույս տալով՝ նա երրորդ հարկից ցած էր նետվել ծառի վրա և չկարողանալով իրեն պահել, ընկել էր գետնին: Բազմաթիվ կոտրվածքներ, վնասված փայծաղ և թոքեր: Բայց ամենավատն այն էր, որ մինչ նրան հիվանդանոց կտեղափոխեին, նա ընկավ կոմայի մեջ: Այդ ժամանակ մենք բոլորս սկսեցինք աղոթել ՝ մեր ամբողջ մեծ ընտանիքը: Աղոթել և օգնություն խնդրել Աստծուց, կյանք խնդրել Աստծո ծառա Վլադիմիրի համար: Եվ Տերը լսեց մեր աղոթքները:
Մի քանի օր անց Վոլոդյան ուշքի եկավ: Առաջին բանը, որ նա ասաց ՝ «ես տեսա Աստծուն»: Երբ մենք նրա հետ խոսում էինք հեռախոսով, նրա ձայնը հազիվ լսելի էր, խռպոտ և անհավասար: Շնչափողին հագցրած շնչառական խողովակից կոկորդը քերվել էր: Թեև նրա համար դժվար էր խոսել, զգացվում էր, որ եղբորս համար շատ կարևոր էր իր հետ կատարվածով կիսվելը: Նա դանդաղ ընտրեց իր խոսքերը և պատմեց, թե ինչպես է Տերը եկել իր մոտ: Ինչպես է կանգնել մնացել նրա մահճակալի մոտ: Կանգնել է, նայել և ոչինչ չի ասել: Եվ այնքան պարզ ու իրական էր տեսել Վոլոդյան այդ ամենը: Եվ պարզ էր, որ այդ Հանդիպումից հեղափոխություն էր տեղի ունեցել եղբորս հոգում: Վովկան ասաց, որ այս անգամ ինքը գիտի՝ ինչպես պայքարել, որ այլևս աշխարհում չի ապրելու և վանք է մտնելու, գնալու է Աստծո մոտ: Բայց մինչ այդ անհրաժեշտ էր բուժվել: Ընկնելիս նա կոտրել էր ազդրը: Կոտրվել էին կողերը, թոքերը ճզմվել էին, հետևաբար նա գրեթե ամբողջովին պառկած էր գիպսի մեջ: Բայց եղբայրս շատ համբերատար էր տանում բոլոր ցավերն ու տանջանքները: Ոչ մի գրգռվածություն կամ նախատինքի խոսք: Նա բոլորի հետ շփվում էր ուրախ, սիրալիր և, ասես, մխիթարելով: Նա ինձ ասում էր. «Քույրիկս, ես այստեղ ասես հանգստյան տանը լինեմ: Բոլորը հոգ են տանում իմ մասին: Ես այստեղ պառկած եմ թագավորի պես»:
Մինչդեռ մայրս ինձ ասում էր, որ ամեն ինչ շատ վատ է ընթանում, վերքերը չեն լավանում, ազդրի բաց վերքը շփվում է գիպսի հետ և անտանելի տառապանքներ պատճառում նրան: Բայց Վովան ամեն ինչի դիմանում էր:
Մի անգամ մենք խոսում էինք հեռախոսով, և ես հուզմունքից պայթեցի. «Եղբայրս, մենք ամեն ինչի միջով անցել ենք: Ներիր ինձ ամեն ինչի համար, ներիր ինձ: Ես էլ քեզ եմ ներում, միայն թե շարունակիր ապրել: Շատ եմ խնդրում, ապրիր»: Բայց նա տխուր պատասխանեց ինձ. «Դու ինձ ներում ես, բայց ես երբեք չեմ կարող ինձ ներել»:
Շուտով նրա մոտ ախտորոշվեց թոքախտ, և նրան տեղափոխեցին տուբերկուլյոզի հիվանդանոց: Նա չէր ուզում այնտեղ գնալ: Եվ նրա հետ մեր վերջին զրույցը շատ տխուր էր, գրեթե հրաժեշտի էր նման:
Անցավ մի քանի օր: Ի՞նչ տեղի ունեցավ հիվանդանոցում, հաստատ չգիտեմ. ասում էին, թե բժիշկները նրան սխալ ներարկում են արել, իսկ ինչ-որ մեկն էլ ասում էր, թե նրա ընկերները «դոզա» բերեցին հիվանդանոց … բայց մի օր եղբայրս քուն մտավ և այդպես էլ չզարթնեց: Նա մահացավ 36 տարեկանում, և դա հանկարծակի մահ էր:
Նրա մահից ավելի քան 10 տարի է անցել, բայց հոգիս հանգստություն չունի: Քանի որ ես չգիտեմ, թե որտեղ է նա այժմ: Որտե՞ղ է նրա հոգին, ներվա՞ծ է: Եթե դուք կարդում եք այս պատմությունը և եթե հավատացյալ եք, խնդրում եմ ձեզ՝ բարեխոսեք նրա համար: Աղոթեք, որ Տերը ների նրան և դասի արդարների շարքում: Չէ՞ որ եղբայրս այնքան չարչարվեց ու այնքան խիզախորեն պայքարեց: Եվ նա լավ ու բարի մարդ էր, իմ սիրելի, իմ թանկագին ավագ եղբայր Վոլոդյան:
Հեղինակ՝ Էլվիրա Շահբազովա
Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի