Սուրբ Ծննդյան առավոտյան ես դուրս եկա աղբը թափելու՝ ազատվելու այն սննդի մնացորդներից, որ կուտակվել էր պահքի ընթացքում։ Մոտենալով աղբակույտին՝ տեսա, թե ինչպես է փողոց մաքրողն ինչ-որ բան հանում աղբամանից աղմուկով։ Դե, մտածեցի՝ մարդը աշխատում է … բայց ուշադիր նայելուց հետո այլևս չկարողացա պոկվել այդ տեսարանից:

Միջին Ասիայի երկրներից այստեղ աշխատելու եկած մարդը՝ բարի աչքերով, լայն ժպիտով, տեսակապով խոսում էր որդու հետ։ Նա աղբամանի մեջ նետած տոպրակից հանեց խաղալիքներ և ցույց տվեց էկրանի մյուս կողմում գտնվող մանկանը։

«Քեզ դու՞ր են գալիս։ Սրանք քո ամանորյա նվերներն են, շուտով կուղարկեմ քեզ, ինչպես խոստացել էի», – ասաց փողոց մաքրողը` աղբամանի մեջ գտած խաղալիքները հանելով:

Ինձ հաջողվեց տեսնել տոպրակի պարունակությունը՝ բեռնատար մեքենա, տիկնիկ և մի քանի այլ խաղալիքներ։ Դրանք վնասված չէին։ Երևում է՝ ինչ-որ մեկը տեսակավորել էր։  Բայց ամենից շատ ուշադրությունս գրավեց փողոց մաքրողի հեռախոսի կոտրված էկրանին երևացող երեխայի ժպիտն ու ցնծությունը։ Մոտ հինգ տարեկան տղուկը ժպտում էր իր ունեցած բոլոր ատամներով և ձեռքերը թափահարում՝ գոռալով ինձ ոչ այնքան հասկանալի բառեր։ Իսկ հայրը պարզապես ծիծաղում էր և ամեն «վայ»-ին ի պատասխան հանում նոր խաղալիքներ։

Վերջապես ուժ գտա կտրվելու այդ տեսարանից և կծկված սրտով տուն վերադարձա: Ամբողջ ճանապարհին ես ինքս ինձ հարցնում էի. «Ե՞րբ եմ վերջին անգամ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ստիպված չեմ եղել երեխաների համար նվերներ փնտրել աղբանոցում: Ե՞րբ շնորհակալություն հայտնեցի Աստծուն, որ ստիպված չեմ եղել թողնել ընտանիքս՝ այլ երկրներում աշխատելու համար: Ես ժամանակ չունեմ շնորհակալություն հայտնելու, երբ անընդհատ տրտնջում եմ և չեմ հագենում»:

Այսքանը։ Հա, ի դեպ, շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր:

 

Մատնի Մոնսեֆ