-Բարի լույս,- ասաց կինը՝ անցնելով գետնին թավալվող տղամարդու կողքով: Տղամարդը բարկացկոտ նայեց նրան։ Միանգամից երևում էր, որ կինը լավ է վաստակում. թանկարժեք վերարկուն և խնամված ձեռքերն իրենք էին խոսում այդ մասին։ Սկզբում տղամարդը որոշեց, որ նա ծաղրում է իրեն, ինչպես շատերը, ովքեր ամեն օր անցնում են իր կողքով։
— Ինձ հանգիստ թողեք,- չարացած ասաց նա։
Ի զարմանս իրեն՝ կինը չշարժվեց։ Նա ժպտաց՝ բացելով գեղեցիկ, սպիտակ ատամնաշարը։
-Սովա՞ծ եք,- հարցրեց։
-Ոչ,-պատասխանեց նա չարախինդ, -Ես հենց նոր ճաշեցի նախագահի հետ: Գնացեք ուր գնում էիք։
Կնոջ ժպիտն էլ ավելի լայնացավ։ Հանկարծ նա զգաց նրա ձեռքն իր թեւին։
-Ի՞նչ եք անում, տիկին,- գոչեց տղամարդը,- ես Ձեզ ասացի, որ ինձ հանգիստ թողնեք։
Մոտակայքում հերթապահում էր մի ոստիկան, ով, լսելով բարձր ձայներ, մոտեցավ։
— Խնդիր կա՞, տիկին։ — հարցրեց նա։
-Ոչ, ինչ եք ասում, պարոն սպա, -պատասխանեց նա:- Ես պարզապես փորձում եմ այս մարդուն ոտքի կանգնեցնել: Կօգնե՞ք ինձ։
Սպան տարակուսած թիկունքն էր քորում։
Դա ախր ծերուկ Ջեկն է: Նա մի քանի տարի է, ինչ ապրում է այս փողոցում։ Ի՞նչ եք ուզում նրանից:
— Տեսնու՞մ եք մոտակայքում գտնվող սրճարանը,-ասաց նա,- Ես ուզում եմ այս մարդուն տանել այնտեղ և կերակրել։
-Դուք գժվե՞լ եք, տիկին,- անօթեւանը ողջ ուժով դիմադրում էր. -Ես չեմ ուզում այնտեղ գնալ։
Հանկարծ նա զգաց, որ սպայի ուժեղ ձեռքը բռնեց իրեն մյուս կողմից և բարձրացրեց գետնից։
-Բա՛ց թողեք ինձ, պարոն սպա։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։
-Նա ուզում է օգնել քեզ, Ջեք, — ասաց սպան,- մի վիճիր նրա հետ:
Ի վերջո, կինը և ոստիկանը մի կերպ Ջեքին տարան սրճարան և նստեցրին անկյունում գտնվող սեղանի մոտ։
Ուշ առավոտ էր, նախաճաշի ժամն արդեն անցել էր, իսկ ճաշի ժամը դեռ չէր եկել, ուստի մարդիկ քիչ էին։ Կառավարիչը անմիջապես մոտեցավ նրանց սեղանին։
Ի՞նչ է կատարվում այստեղ, պարոն սպա,- հարցրեց,- Ի՞նչ է նշանակում այս ամենը, այս մարդուն դժբախտությու՞ն է պատահել:
-Այս տիկինն է նրան բերել այստեղ, որ ճաշի,- պատասխանեց ոստիկանը:
— Ոչ այստեղ,- նյարդային պատասխանեց մենեջերը։- Այս կարգի մարդկանց ներկայությունը վնասում է բիզնեսին:
Ծեր Ջեքը ժպտաց անատամ ժպիտով․
-Տեսա՞ք, տիկին, ես Ձեզ ասում էի։ Հիմա թողեք գնամ, խնդրում եմ:
Կինը դիմեց սրճարանի աշխատակցին.
-Պարոն, դուք ճանաչու՞մ եք «Eddie & Co» բանկային ընկերությունը՝ փողոցի ծայրին է
«Իհարկե,— պատասխանեց նա,— նրանք իրենց շաբաթական հանդիպումներն անցկացնում են մեր բանկետների սրահում։
-Հա, իսկ դուք երեւի լավ եկամուտ ունեք այդ հանդիպումներից:
-Բայց Ձե՞ր ինչ գործն է։
— Կներեք, պարոն, ես Պենելոպա Էդին եմ՝ ընկերության նախագահը և գործադիր տնօրենը:
-Օ՜, — դա այն ամենն էր, ինչ կարող էր արտաբերել ցնցված մենեջերը:
Կինը նորից ժպտաց։
Կարծում եմ, որ դա փոխում է իրավիճակը, այնպես չէ՞։
Կինը նայեց ոստիկանին, որը ջանում էր չծիծաղել․
— Կցանկանայի՞ք միանալ մեզ սուրճի և ճաշելու, պարոն սպա։
-Ոչ, շնորհակալություն, տիկին, — պատասխանեց նա, — ես հերթապահ եմ:
Այդ դեպքում գուցե մի բաժակ սո՞ւրճ վերցնեք Ձեզ հետ:
— Այո տիկին։ Դա շատ մեծահոգի քայլ կլիներ Ձեր կողմից:
Մենեջերը, որ վերջապես ուշքի էր եկել, արագ արձագանքեց.
-Ձեր սուրճը հիմա կպատրաստեն, պարոն սպա։
Սպան շրջվեց դեպի կինը.
— Լավ գործ արեցիք՝ նրան իր տեղը դնելով:
-Ես իմ առջեւ նման նպատակ չէի դրել։ Հավատում եք, թե ոչ, ես այլ պատճառներ ունեմ։
Նա նստեց սեղանի մոտ լրիվ հանձնված թափառաշրջիկի դիմաց և նայեց նրա աչքերին.
-Ջեք, հիշու՞մ եք ինձ:
Ծեր Ջեքը մի քանի րոպե նայեց նրան։
-Դե, ծանոթ եք երևում:
-Ես հիմա մի քիչ ավելի մեծ եմ: Եվ, իհարկե, ոչ այնքան նիհար , որքան իմ երիտասարդության օրերին, երբ դու աշխատում էիր այստեղ: Մի անգամ ես մտա հենց այս սրճարանը՝ սոված, մրսած, էժան հագուստով։
-Դու՞ք, տիկին,- նրա կողքին կանգնած սպան չկարողացավ լչարձագանքել։ Չէր կարողանում հավատալ, որ նման շքեղ կինը երբևէ կարող էր այլ տեսք ունենալ:
-Այդ ժամանակ ես նոր էի ավարտել քոլեջը,- շարունակեց կինը,- եկա քաղաք աշխատանք փնտրելու, բայց ոչինչ չգտա: Ի վերջո, գումարը վերջացավ, և ինձ վտարեցին վարձակալած բնակարանից։ Փետրվարն էր, սառնամանիք, ես գնալու տեղ չունեի, և ես մտա այս սրճարան՝ տաքանալու։
Ջեքի դեմքը հանկարծակի պայծառացավ լայն ժպիտով։
-Արդեն հիշեցի,- բղավեց նա։- Ես կանգնած էի վաճառասեղանի հետևում, Դուք մոտեցաք և հարցրեցիք՝ կարո՞ղ եմ այստեղ աշխատել սննդի դիմաց: Ես ասացի, որ դա դեմ է մեր հաստատության կանոններին։
-Հենց այդպես,- պատասխանեց կինը,- հետո Դուք ինձ համար ճաշացանկի ամենամեծ սենդվիչը պատրաստեցիք, տաք սուրճ հյուրասիրեցիք և ինձանից գումար չգանձեցիք: Վախենում էի, որ իմ պատճառով խնդիրներ կունենաք Ձեր վերադասի հետ։ Հետո տեսա, որ Ձեր փողը դրեցիք դրամարկղում՝ իմ ճաշի դիմաց։
-Հետո Դուք բացեցիք Ձեք սեփական բիզնե՞սը,- անհամբեր հարցրեց ծերուկ Ջեքը։
-Հաջորդ օրը գործ ստացա։ Ես ինքս հարթեցի իմ սեփական ճանապարհը դեպի հաջողակ կյանք: Ի վերջո, ես սկսեցի իմ սեփական բիզնեսը, և, Աստծո օգնությամբ, այն աճեց ու բարգավաճեց: Նա բացեց պայուսակը և հանեց այցեքարտը։
-Երբ մենք ավարտենք այստեղ, ես ուզում եմ, որ Դուք այցելեք պարոն Լայոնսին: Նա մեր ընկերության մարդկային ռեսուրսների տնօրենն է: Ես կխոսեմ նրա հետ, և վստահ եմ, որ նա Ձեզ հարմար գրասենյակային աշխատանք կգտնի։
Նա ժպտաց․
-Կարծում եմ, որ նա կարող է Ձեզ նույնիսկ կանխավճար տալ, որպեսզի Դուք Ձեզ համար հագուստ գնեք և կացարան գտնեք, քանի դեռ ինքներդ ոտքի չեք կանգնել։
Եվ հիշեք, եթե երբևէ ինչ-որ բանի կարիք ունենաք, իմ դռները միշտ բաց են Ձեր առաջ:
— Շնորհակալություն,- արցունքները հոսեցին թափառաշրջիկի այտերից.-ինչպե՞ս կարող եմ շնորհակալություն հայտնել Ձեզ։
«Ինձ կարիք չկա շնորհակալ լինելու,- պատասխանեց կինը,- Տերն օգնեց ինձ Ձեր միջոցով, հիմա նա օգնում է Ձեզ իմ միջոցով»:
Դուրս գալով սրճարանից՝ սպան ու կինը մի րոպե կանգ առան մուտքի մոտ մինչ բաժանվելը։
-Շնորհակալություն Ձեր օգնության համար, պարոն սպա:
— Ընդհակառակը, տիկին, — պատասխանեց նա, — Ձեր շնորհիվ ես այսօր ականատես եղա հրաշքի, երբեք չեմ մոռանա: Եվ… շնորհակալություն սուրճի համար:
Ինչ ցանես, այն էլ կհնձես…
Օլեգ Կուշնիրչուկ
Ռուսերենից թարգմանեց Արաքս Պողոսյանը