-Մաշա տատի՛կ, ինչո՞ւ ես այսօր այդքան տխուր: Մեջքդ նորից ցավու՞մ է,- հարցրեց ծեր հարեւանուհուն Պոլինան ՝ մի երիտասարդ կին, որը կանգառից քայլում էր դեպի իր այգին:

— Այո, մեջքս ցավում է…- հառաչեց նա և արցունքները սրբեց թաշկինակով:

-Մա՛շենկա տատիկ, դե, հանգստացիր, խնդրում եմ։ — կինը գրկելով տարեց կնոջ ուսերից՝ փորձեց պարզել հարեւանուհու՝ նման պահվածքի պատճառը։ Դեռ անցած շաբաթավերջին էր՝ տատիկի այգուց միասին ելակ կերան, իսկ նա պարծենում էր, որ այս տարի լավ կարտոֆիլ ունի, խոշոր, որը կբավականացնի իրեն ամբողջ ձմեռ և նույնիսկ դեռ վաճառքի էլ կհանի։

«Դե ախր հնարավո՞ր է այսօր ապրել միայն թոշակով: Արդեն հաջորդ շաբաթ կգամ հանելու կարտոֆիլը»,- ասաց այն ժամանակ նա, և կանայք բաժանվեցին լավ տրամադրությամբ: Ի դեպ, նման տրամադրությամբ նա արդեն սովոր էր տեսնել Բաբա Մաշային․ որքան էլ նրա համար դժվար լիներ, նա միշտ ասում էր. «Աստված օգնական, ամեն ինչ լավ կլինի»:

Իսկ հիմա նա նստած մաքրում է արցունքներն ու հոգոց հանում.

— Ահա և հանեցինք կարտոֆիլը։

— Հանեցի՞ք, — Պոլինան զարմացավ. Բայց ե՞րբ ես ժամանակ ունեցել քո այդ մեջքով: Կամ ո՞վ է քեզ օգնել։

Այո, օգնեցին: — խեղճն էլ ավելի արտասվեց։ -Ամեն ինչ մաքուր են փորել հանել, սրբել տարել են, գոնե մի շարքը թողնեին խեղճ պառավիս։

Վերջապես Պոլինան հասկացավ ամեն ինչ.

— Ո՞վ կարող էր դա անել: Կարծես թե այստեղ մեզ մոտ միշտ հանգիստ է եղել, — և ավելացրեց,- քո աղոթքներով:

— Այո սիրելիս։ Աստված միշտ պահպանել է իմ այգին, քանի տարի է լավ բերք եմ հավաքում, դրանով եմ ապրում, և երբեք, աղջիկս, գիտե՞ս, ոչ ոք երբեք նույնիսկ մի հատապտուղ չի գողացել, էլ չեմ խոսում կարտոֆիլի մասին:

«Իսկ  այս տարի ես լրիվ թուլացել եմ, միայն Աստված գիտի՝ ինչ արժեցավ ինձ այս ամենը աճեցնելը», — ձեռքերն անզոր տարածեց պառավը և ծանր հոգոց հանեց:

-Իսկ դեռ այսօր քայլում էի ու մտածում. «Ինչպե՞ս եմ կարտոֆիլը փորելու-հանելու, եթե մեջքս «ջարդվում է»։ Ստացվում է, որ Աստված լսեց իմ հառաչանքները: Բայց ինչպե՞ս գոյատևել ձմռանը: Դե ոչինչ, Աստված կհոգա։

Բայց Պոլինան, կարծես, այլևս ոչինչ չէր լսում․ նա ետ ու առաջ էր քայլում՝ կրկնելով նույն հարցը.

-Ո՞վ կարող էր լինել: Միգուցե Յա՞շկան՝ մեր գյուղացի հարբեցողը։

— Ոչ, Պոլին, Յաշկան նման բան չէր անի, հատկապես ինձ հետ: Նա նույնիսկ օգնում է ինձ պայուսակներս հասցնել մինչև ավտոբուս։ Իսկ դու ասում ես՝ Յաշկան: Ոչ, նա չէր կարող: Ես դա գիտեմ. Եվ հետո տես,- պառավը մատով ցույց տվեց շեմքին մեկնված իր հին խալաթը։ -Տեսնու՞մ ես՝ ինչ կեղտոտ է, տեսնու՞մ ես, թե ինչպես է գողը օգտագործել իմ խալաթը, որպեսզի չկեղտոտի իր մաքուր շորերը։ Իսկ Յաշկային որտեղի՞ց մաքուր շորեր։

— Այո, իսկապես,- Պոլինան ժպտաց, — իրոք որ Յաշկան չէ: Իսկ ես արդեն մտածում էի՝ կգնամ նրա մոտ, կփնտրեմ բոլոր անկյունները, կգտնեմ քո կարտոֆիլը: Ու հիմա պարզվում է կոկիկ մարդ է աշխատել, չկեղտոտվելու համար նա նույնիսկ խալաթ է հագել:

— Մի՛ հանդիմանիր, աղջի՛կս։ Աստված Ինքը կդատի, բայց մեզ պատվիրել է  ոչ մեկի չդատել, ուրեմն պետք չէ։

Պոլինան դեմքը ծամածռելով փորձում էր զսպել զայրույթը։ Թվում էր՝ ազատություն տայիր նրան, գողի հասցեին բոլոր հայհոյանքները կթափվեին շուրթերից, բայց հանուն տատիկի նա լռեց։ Քանի անգամ էր զարմացած մնացել, որ Բաբա Մաշան երբեք որևէ մեկին չի դատում, նրանից հայհոյանք չեք լսի, միայն շնորհակալություն է հայտնում Աստծուն և պատմում, թե ինչպես է Նա օգնում իրեն:

-Ինչո՞ւ այս անգամ չօգնեց։ Ի վերջո, գողը կարող էր ընտրել ուրիշի այգին։ Ինչու՞ հենց նրանը: Որտե՞ղ էր նրա ջերմորեն սիրելի Աստվածը: Ինչու՞ չխնայեց։ — ինքն իրեն հարցեր էր տալիս կինը՝ նայելով, թե ինչպես է տատիկը իրերը հավաքում՝ հաջորդ ավտոբուսին հասնելու համար։

Եվ հանկարծ կեղտոտ խալաթը, որը տարեց կինը փորձում էր դնել իր պայուսակի մեջ՝ տանը լվանալու համար, ընկավ նրա ձեռքից, և տատիկի դեմքին հայտնվեց մի խորհրդավոր ժպիտ.

— Նայի՛ր, Պոլին, ի՞նչ ընկավ գրպանից։

Կինը մոտ վազեց և չհավատաց իր աչքերին. նրա ափի մեջ ոսկե մատանի կար։

-Բայց սա շատ թանկ է — ավելի մոտիկից զննելով մատանին՝ բացականչեց Պոլինան,- Ըստ երևույթին, դա խանգարել է մեր մաքրասերին, և չի ուզեցել այն ​​կեղտոտել, ուստի մատից հանել ու դրել է խալաթի գրպանը, բայց մոռացել է վերցնել այն: Այո՛, կարտոֆիլը թանկ նստեց նրա վրա։

— Փառք քեզ, Տե՛ր Աստված, — տատիկը ձեռքերը երկինք պարզեց:- Դու խղճացիր մեջքս ու ինձ առանց միջոցի չթողեցիր։ Հիմա կբավականացնի և՛ կարտոֆիլի, և՛ նոր խալաթի համար:

Պոլինան դեռ երկար ժամանակ նայում էր իր բարեպաշտ հարեւանուհու հետևից ու մտածում.

-Աստված այս անգամ էլ օգնեց նրան։

 

Ելենա Լավրիկ (Սերկովա)