Մանկությունս ու պատանեկությունս անցել են բավականին բարեկեցիկ պայմաններում, որն ինձ համար ստեղծել էր հայրս։ Նա ղեկավար պաշտոն էր զբաղեցնում, լավ գումար էր վաստակում, և ես ապրում էի՝ ոչնչից ինձ չզրկելով։

19 տարեկանում ավտովթարի ենթարկվեցի։ Ինձ հարվածեց մեքենան՝ կոտրելով ամբողջ աջ կողմս…

Երկու օր կոմայի մեջ անցկացրի և երբ ուշքի եկա, շատ երկար ժամանակ տանջվում էի ամբողջ մարմնովս մեկ տարածվող սաստիկ ցավերից։ Վիրահատությունից հետո ինձ ուժեղ ցավազրկողներ ներարկեցին, բայց որոշ ժամանակ անց, երբ ներարկումները դադարեցրին, ես զգալով նույն ուժեղ ցավը՝ հասկացա, որ պարզապես չեմ կարող ապրել առանց այդ դեղերի, և  կարող եմ խուսափել դրանցից միայն ալկոհոլով։ Այսպիսով, ալկոհոլն այն ժամանակ դարձավ իմ միակ «փրկօղակը»։

Հիվանդանոցում երկու ամսվա ընթացքում և բաժանմունքից դուրս գրվելուց ևս մի քանի ամիս անց ես այնքան կախվածություն ձեռք բերեցի ալկոհոլից, որ վեց ամսվա ընթացքում ինձ համար միանգամայն բնական դարձավ ամեն օր խմելը։

Ապաքինվեցի, կյանքը նորից սկսեց փայլել իր բոլոր գույներով… Եվ կախվածությունն իր հերթին սկսեց ուժեղանալ։ Պատանեկությունից սովոր էի ամեն ինչ ստանալ հեշտությամբ, առանց ջանքերի, իսկ այդ կախվածությունից հետո ես դարձա մարդ, կարելի է ասել, առանց նպատակի, առանց պլանների, կյանքում ինչ-որ բանի հասնելու ձգտման։ Հայրս ինձ դեռ փող էր տալիս։ Ես, ինչպես նախկինում, չունեի օրվա հացի կարիք, և միանգամայն հասկանալի է, որ ինչպես իմ տարիքի ցանկացած տղա, ես ավելի շատ սիրում էի թափառել, քան աշխատանք փնտրել։ Ես ընդամենը 23 տարեկան էի…

Հայրս եկեղեցի էր հաճախում։ Ինձ էլ փորձում էր մոտեցնել Աստծուն՝ մերելով եկեղեցական համայնքի հետ։ Ես, ֆինանսապես կախված լինելով նրանից, իմ հերթին փորձում էի գոնե մի լավ բան անել՝ հորս շնորհակալություն հայտնելու համար։ Փորձում էի բաց չթողնել եկեղեցական արարողությունները։

Հիմա, տարիներ անց, ես անսահման երախտապարտ եմ հորս, որ նա այդ ժամանակ կանգ չառավ ճանապարհի կեսից, նա իր հավատքով և համբերությամբ արեց ամեն ինչ իմ փրկությունը նախպատրաստելու համար:

Կարելի է ասել, որ անմիջական շփում ունեի եկեղեցու համայնքի հետ՝ այցելելով այնտեղ, մտերմանալով երիտասարդների հետ, բայց միևնույն ժամանակ կույր ու խուլ մնացի այն ամենի հանդեպ, ինչ տեսա և լսեցի։ Ես գաղափար չունեի և չէի պատկերացնում գիտակցված կերպով, թե ինչպես կարող է իմ կյանքը փոխվել Աստծո հետ իրական հանդիպման շնորհիվ: Մինչև որ տեղի ունեցավ դա…

Հայրս ստիպված էր մի քանի ամսով մեկնել երկրից դուրս՝ աշխատանքային հարցերով։ Այդ ժամանակ ես այնքան էի կախված ալկոհոլից, որ դրանից նույնիսկ աննշան ձեռնպահ մնալն  ինձ գցում էր էպիլեպսիայի նոպաների մեջ։ Օրգանիզմս անընդհատ պահանջում էր իր «դոպինգը», և որքան էլ ջանում էի, ինքս ինձ չէի կարողանում զսպել։ Վիճակս գնալով վատանում էր, թեթևացում չկար, և հայրս հասկանում էր, որ վախճանս մոտ է։

Եվ նա որոշեց գործուղման ընթացքում ինձ տեղավորել… բանտում։

Մինչ այդ ես բազմիցս դետոքսիկացիայի էի ենթարկվել տարբեր հիվանդանոցներում և՝ անարդյունք։ Ես անկառավարելի էի և ցանկացած պահի կարող էի փախչել։ Ուստի, հավանաբար, այն ժամանակ իրավիճակից միակ հնարավոր ելքը, ըստ իմ հոր,  ինձ տեղավորելն էր բանտախցում, որտեղ  կապահովվեր իմ նկատմամբ խիստ վերահսկողություն։

Երբ հայրս ասաց ինձ իր որոշման մասին, ես դա նորմալ ընդունեցի. նրա հեղինակությունն այնքան մեծ էր ինձ համար, որ ես վստահեցի նրան:

Այսպիսով, ես հայտնվեցի մի տեսակ բժշկական-աշխատանքային դիսպանսերում՝ բժշկական- ուղղիչ հաստատությունում, որը նախատեսված էր նրանց համար, ովքեր դատարանի որոշմամբ ուղարկվել էին հարկադիր բուժման թմրամոլությունից և ալկոհոլիզմից։

Առաջին օրերն ինձ համար ամենադժվարն էին, քանի որ հայտնվեցի այնպիսի պայմաններում, որոնց պատրաստ չէի և որոնց մասին պատկերացում անգամ չունեի։ Գնալու տեղ չկար։ Մոտակայքում չկար նախկինի պես սիրելի, սիրառատ հայրս, ով միշտ պատրաստ էր աջակցել ու օգնել։ Օտար ու տհաճ միջավայր էր, և բարձր ցանկապատի հետևում մնացին ազատությունն ու ինձ այնքան հարազատ կյանքը, նաև՝ եկեղեցին։

Մի քանի օր անց մեզ այցելեց հոգևորական։ Իմ ուրախությանը սահման չկար։ Ես սկսեցի նրա հետ հանդիպումներ փնտրել ու հարցեր տալ։

Շփվելով նրա հետ՝ այլևս ոչ թե պարզապես պարտականությունից դրդված, ինչպես ազատության մեջ էր,  այլ իմ հոգու և սրտի կանչով ես սկսեցի լսել և հասկանալ։ Հասկացա, թե ինչ ասել է իսկապես ճանաչել Աստծուն, զղջումն ու ապախարությունը:

Մի քանի օր անց ես զգացի ազատության յուրահատուկ զգացում։ Դժվար է բառերով փոխանցել ազատության այդ զգացումը, որն ինձ այցելեց այնտեղ՝ բանտում, արտաքին աշխարհից և ինձ հարազատ մարդկանցից հեռու։ Ես ինձ ավելի ազատ էի զգում և զգում էի իրական կյանքի համն ավելի իրական, քան նախկինում՝ երբ ազատության մեջ էի։

Ես կասկած չունեի, որ Տերն ինքը լսեց ինձ, և որ Նա ներեց ինձ, և որ ես ասես  նորից ծնվեցի, այժմ ես Նրա զավակն եմ:

2 ամիս այստեղ մնալուց հետո, երբ վերադարձա տուն, բացահայտեցի ինձ որպես բոլորովին այլ մարդ։ Եթե ​​նախկինում ես եկեղեցի էի գնում պարզապես «հայրիկիս հարգանքի տուրք մատուցելու համար», այժմ ես վազում էի այնտեղ։

Ես չէի համբերում, որ բոլորին ասեմ, թե ինչպես է Տերը փրկել ինձ, ինչպես նա բերեց ինձ դեպի նոր կյանք, ինչպես եմ ուզում կիսվել բարի լուրով ողջ աշխարհի հետ և ինչպես եմ ուզում ծառայել Նրան հիմա…

Ես աստիճանաբար բարելավեցի հարաբերություններս այն մարդկանց հետ, ում հետ նախկինում կոնֆլիկտի մեջ էի։ Ես թշնամիներ չունեմ այլևս, փորձում եմ բոլորին վերաբերվել այնպես, ինչպես Տերն է վերաբերվում յուրաքանչյուր մարդու՝ որպես իր ստեղծագործության: Եվ ես հասկանում եմ, որ որքան էլ մարդ ընկած և հուսահատ լինի, Աստված նրան բոլորովին այլ կերպ է նայում, քան մենք՝ մարդիկ, և պատրաստ է ցանկացած պահի օգնության ձեռք մեկնել բոլորին՝ նրանց դուրս բերելու ցանկացած ցեխի միջից, ցանկացած ցանցից և կոտրելու ստրկության ցանկացած շղթա:

 

Հոգեշահ Զրույցներ

Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի