Մի երեկո, երբ ժամերգությունն արդեն ավարտվել էր, և ծխականները ցրվել էին, երկու ամրակազմ երիտասարդներ մտան հին ավանի եկեղեցին։ Նրանցից մեկը վճռականորեն մոտեցավ քահանային և ասաց.
-Տեր հայր, մեր մայրը մեռնում է, շտապ նրան հաղորդվել է պետք:
-Իսկ նա գնու՞մ էր եկեղեցի: Խոստովանե՞լ է, նախկինում հաղորդություն ստացե՞լ է: — հարցրեց քահանան՝ ճանապարհի պատրաստություն տեսնելով։
— Իհարկե, տեր հայր: Էնձև, ոնց որ ջուր խմեր,- պատասխանեց մյուսը:
— Դա լավ է, — ասաց քահանան: — Նրա գիտակցությունը տե՞ղն է: Կկարողանա՞ Սուրբ Հաղորդությունն ընդունել:
-Այո, տեղն է, — պատասխանեց սպորտային տաբատով և մերկ ոտքերին սպորտային կոշիկներով տղան: — Հենց նա էլ մեզ ուղարկեց Ձեր ետևից։ Իսկ ինքներս այնքան էլ…
— Երևի սպորտսմեններ են, — մտածեց քահանան տղաների մասին: -Չնայած կարող են նաև ավազակներ լինել: Բայց քի՞չ ավազակներ են զղջացել և սուրբ դարձել։
Մոտենալով խորանին՝ քահանան աղոթեց, վերցրեց Սուրբ Հաղորդությունը և շտապեց «եղբայրների» հետևից։ Նա նստեց մեքենայի դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին, օրհնեց ճանապարհը։
Ճանապարհին բոլորը լուռ էին։ Քահանան էլ ոչինչ չասաց։ Նա սովոր էր պատասխանել միայն այն ժամանակ, երբ իրեն ինչ-որ բան էին հարցնում։ Այդ դեպքում չպատասխանելը մեղք է։ Իսկ այնպես, ինչ-որ մեկին պարտադրել իր համոզմունքները, քահանան սովոր չէր։
-Մենք հիմա մի քիչ կանգ կառնենք մի տեղում, — ասաց հետևում նստած տղան:
Քահանան լուռ գլխով արեց։ Նա հանգիստ էր։ Մատնելով տերողորմյան էր գցում և աղոթք անում: Եվ նույնիսկ երբ նա տեսավ, որ քաղաքից դուրս եկան, և մեքենան դեպի անտառ թեքվեց, նա չանհանգստացավ։ Անցնելով անտառային ճանապարհով, որը նույնպես շուտով ավարտվեց, տղաները կանգնեցրին մեքենան, իսկ վարորդն ասաց.
-Վերջ, տեր հայր, տեղ հասանք, ցած իջիր։
Շուրջբոլորը մութ էր, իսկ լուսարձակներից միայն սոճիների մուգ ուրվագիծն էր երևում։ Քահանան բացեց մեքենայի դուռը, ոտք դրեց գետնին և հասկացավ, որ իրեն խաբել են։ Այդտեղ մեռնող մայր չկար։ Եվ միայն գիշերային անտառն էր:
-Կներես, տեր հայր, մենք քո վրա թուղթ ենք խաղացել: Իսկ հիմա քեզ պետք է սպանենք։ Ոչ մի անձնական բան քո դեմ չունենք,- սկսեց արդարանալ ավազակներից մեկը։
Այդ խոսքերը ցնցեցին քահանային։ Մահն այնքան սարսափելի չէր, որքան այն փաստը, որ իր կրծքին Քրիստոսի Մարմնի սուրբ մասնիկն էր հանգչում, որը նա վերցրել էր մահամերձի համար:
«Ի՞նչ անել։ Հավանաբար, մահից առաջ անհրաժեշտ է, որ ինքս հաղորդվեմ դրանով, որպեսզի անխոհեմ ավազակների կողմից պղծում չլինի», — փայլատակեց քահանայի մտքում:
— Տղանե՛ր, հանուն Քրիստոսի ինձ քառորդ ժամ տվեք, որ մահից առաջ աղոթեմ և ձեր մոր փոխարեն հաղորդություն ընդունեմ,- ասաց քահանան։- Ինչո՞ւ ևս մեկ մեղք ձեր հոգու վրա վերցնեք: Սպանեք ինձ, ես դեմ չեմ: Ամեն օր սպասում եմ իմ մահվան ժամին։ Բայց խնայեք սրբությունը: Ես կհաղորդվեմ, իսկ դուք ավելի քիչ մեղք կունենաք, և ես էլ հանգիստ կլինեմ:
— Դե լավ, աղոթիր, տեր հայր, քանի որ այդպես ստացվեց,- ասաց ավազակը, որն ակնհայտորեն տարիքով ավելի մեծ էր:
— Ես դա արագ կանեմ՝ այս կոճղի վրա, — ասաց քահանան: — Եթե միայն կարողանայիք լուսարձակներով ինձ լուսավորել։
-Ոչ մի խնդիր, — ասաց վարորդի նստարանին նստած տղան: Նա թեթևակի շրջեց մեքենան և լուսարձակներն ուղղեց փոքրիկ կոճղի վրա․
-Արի, աղոթիր, տեր հայր։ Եվ երբ ավարտես, արթնացրու մեզ: Մի փոքր աչքներս կպցնենք: Ամբողջ գիշեր թղթախաղ էիքն խաղում:
Քահանան ծնկի եկավ և սկսեց Հաղորդությունից առաջ աղոթքներ կարդալ: Մոտալուտ մահվան մասին մտքերը նրա աղոթքը դարձրեցին մոմի լույսի պես բոցավառ: Նա մեն-մենակ մնաց Աստծո հետ՝ իր կյանքը հանձնելով Նրան և անխուսափելի մահն ընդունելով որպես Նրա սուրբ կամքը:
Այդպես որքան ժամանակ անցավ, միայն Աստված գիտի։ Քահանան Հաղորդություն ընդունեց, կարդաց գոհաբանական աղոթքներ, ձեռքերը բարձրացրեց դեպի երկինք, վերջին անգամ շնորհակալություն հայտնեց Տիրոջը և դարձավ դեպի մեքենան․
-Դե, տղերք, ես պատրաստ եմ,- ասաց հայր Նիկոլայը: -Արեք ձեր գործը:
Նա մոտեցավ մեքենային։ Ներսում մութ էր։ Թակելով ապակին՝ քահանան նորից ասաց.
— Երիտասարդնե՛ր, արթնացե՛ք, ես ավարտեցի իմ աղոթքը:
Քահանան բացեց մեքենայի վարորդի դուռը և հպվեց ղեկի վրա կռացած ավազակի թևին։ Նա քնած չէր։ Նա մեռած էր։ Քահանան մոտեցավ մյուս դռանը, որտեղ նստած էր երկրորդ ավազակը։ Բայց երբ բացեց, տեսավ, որ նա նույնպես մեռած էր։
Իգոր Լարին
Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի