• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Անցկացվեց ՀԵՀԵՄ V Ատենապետաց ժողովը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իր համաթեմական, տարածաշրջանային և համահայկական ծրագրերի իրագործումը:

Սույն թվականի մարտի 24-ին առցանց ձևաչափով կայացավ ՀԵՀԵՄ V ատենապետաց ժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և արտերկրի 37 թեմերից շուրջ հինգ տասնյակ երիտասարդներ և հոգևոր պատասխանատուներ, ինչպես նաև ներկայացուցիչ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից։

Ատենապետաց ժողովը մեկնարկեց Տերունական աղոթքով։ Ժողովը նախագահեց և բացման խոսքով հանդես եկավ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։

Այնուհետև, համաձայն նախորդ Ատենապետաց ժողովի որոշման, «Քույր թեմեր» ընտրելու նպատակով ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում անցկացվեց վիճակահանություն՝ 2 արտասահմանյան և 1 հայրենական թեմեր սկզբունքով, որին առցանց հետևում էին ժողովի բոլոր մասնակիցները։ Հայաստանյան հինգ թեմերի բաժին ընկան 3 արտասահմանյան թեմեր։ «Քույր թեմեր» ծրագրով նպատակ է հետապնդվում ստեղծել կենսունակ և ակտիվ միջթեմական գործակցության հարթակ։

Օրակարգային մյուս հարցերից էին ՀԵՀԵՄ գրասենյակի կողմից Հայաստանյան թեմեր իրականացվելիք այցերը, ինչպես նաև՝ սփյուռքում տեղի ունենալիք ծրագրերը։ Հատուկ անդրադարձ արվեց և քննարկման ենթարկվեցին 2023 թ. հուլիս 5-10–ը նախատեսված «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությանը վերաբերող կազմակերպչական հարցերը:
Ատենապետաց ժողովն ավարտվեց Պահպանիչ աղոթքով։

ԱԺ-ն խորհրդակցական մարմին է, որին մասնակցում են թեմերի երիտասարդական հարցերով հոգևոր և աշխարհիկ պատասխանատուները:  Կենտրոնական գրասենյակի հրավերով այն գումարվում է  մեկ կամ երկու տարին մեկ պարբերականությամբ, ինչպես նաև՝ ըստ անհրաժեշտության։ Օրակարգում քննարկվում են կայացած և նախատեսվող ծրագրերի մանրամասները, համահայկական միջոցառումների կազմակերպչական հարցերը, տարվա միջոցառումների կարգախոսը, տարածաշրջանային ժողովներին վերաբերող հարցերը, ՀԵՀԵՄ  Ուղենիշի փոփոխությունները և այլ հարցեր: Ատենապետաց ժողովում յուրաքանչյուր թեմ ունի մեկ ձայն: