Սույն թվականի հոկտեմբերի 9-ին՝ նախագահությամբ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, կայացավ ՀԵՀԵՄ  գրասենյակի կողմից հրավիրված հերթական առցանց հանդիպումը Հայաստանյան թեմերի հոգևորական պատասխանատուների հետ։

Հանդիպումը մեկնարկեց «Տերունական» աղոթքով։

Առցանց հանդիպումը գլխավորապես նվիրված էր հոգևոր-երիտասարդական ծրագրերի աշխուժացմանը Հայրենիքի թեմերում։ Հոգևոր պատասխանատուների կողմից ամփոփվեցին ամռան ամիսներին Հայաստանյան թեմերում իրականացված երիտասարդական ծրագրերն ու միջոցառումները։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Հայր Թովման ներկայացրեց գրասենյակի կողմից նախագծված ու փորձարկված և մեծ արդյունավետություն ցուցաբերած ծրագրերն ու  դասընթացները։ Ամփոփվեց նաև նախկինում գրասենյակի կողմից առաջարկված ծրագրերի իրականացման ընթացքը և խրախուսվեց, որպեսզի հանդիպման ընթացքում առաջարկված ծրագրերը ևս առավել չափով օգտակարություն բերեն հայաստանյան թեմերի երիտասարդներին։ Ծրագրվեցին առաջիկա ամիսների անելիքները։

Ժողովն ավարտվեց Գերաշնորհ Հովնան սրբազանի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով։

 

ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսության տնօրինության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո:

Հաստատման օրվանից կառույցը որդեգրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերի երիտասարդներին Մայր Եկեղեցու շուրջ համախմբելու, երիտասարդ հայորդիներին քրիստոնեական և հայեցի ոգով դաստիարակելու առաքելությունը: