Ավարտվեց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, ՀԵՀԵՄ Գրասենյակի հրավերով հուլիսի 5-10-ը հայրենիքում անցկացված «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով համահայկական ուխտագնացությունը։ Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը մասնակցեցին շուրջ հարյուր հիսուն երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, ինչպես նաև՝ թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ։
Ուխտագնացությունն իրենց մասնակցությամբ օրհնեցին ԱՄՆ Արևմտյան թեմի և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից Հոգեշնորհ Տ․ Գասպար աբեղա Կարապետյանը և Լուսարարապետ Արժ. Տ. Տրդատ ավագ քահանա Ուզունյանը, Բուլղարիայի և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևելյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
Ուխտագնացությանը նաև իրենց մասնակցությունը բերեցին մի շարք թեմերի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատուներ, մասնավորապես Արարատյան Հայրապետական Թեմից Արժ․ Տ․ Պետրոս ավագ քհն․ Մալյանը, ԱՄՆ Արևմտյան Թեմից՝ Արժ․ Տ․ Վազգեն քահանա Բոյաջյանը, Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմից Արժ․ Տ․ Գևորգ քհն․ Միրզոյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից Արժ․ Տ․ Արսեն քհն․ Իսրայելյանը, Կոտայքի թեմից՝ Արժ․ Տ․ Համազասպ քհն․ Հագեյանը։
Ուխտավոր երիտասարդներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց և իր հայրական օրհնությունը փոխանցեց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Իր հայրական մաղթանքն ուղղելով ուխտավոր երիտասարդներին՝ Վեհափառ Տերը հորդորեց նրանց անխաթար պահել ազգային, հոգևոր ու բարոյական արժեհամակարգը, բարձրաձայնել ամենուր արցախյան հիմնահարցը, ինչպես նաև՝ տեր կանգնել մեր հայրերից ժառանգած ավանդություններին ու սրբություններին։ Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Հովնան Սրբազանի և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի կողմից երիտասարդների հետ տարվող աշխատանքը։
Ուխտավորները ծնկած աղոթք առաքեցին առ Տեր Մայր Տաճարի դիմաց։ Այնուհետև ուխտավորաբար այցելեցին Սբ․ Հռիփսիմե, Սբ․ Գայանե վանքեր և Զվարթնոցի տաճար։
Այց իրականացվեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ուխտագնացության մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին։
Ուխտագնացության վերջին օրը ուխտավորները Կոտայքի թեմում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի՝ մատուցմամբ ձեռամբ ՀԵՀԵՄ և ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և հանդիսապետությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի։
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթացն այս անգամ կրում էր «Թվային Քրիստոնեական երիտասարդական աշխատանք» անվանումը, և կրթական առաջադրանքներն ուղղված էին թվային աշխարհում երիտասարդների գործունեության ակտիվացմանը։ Դասընթացի հեղինակը ՀԵՀԵՄ Գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն, երիտասարդական աշխատանքի փորձագետ և դասընթացավար, երեցկին Անգելինա Ալեքսանյանն էր։
Այս դասընթացը երիտասարդական աշխատանքի մասնագետների և հոգևորականների արդյունավետ և ինտերակտիվ համագործակցության օրինակ էր։ Երիտասարդական աշխատանքի մարզիչների հետ նախապես համաձայնեցված օրակարգով յուրաքանչյուր խմբում բանախոսեցին ուխտագնացությանը մասնակից հոգևորականները։ Երիտասարդները խմբային առաջադրանքի շրջանակներում տեսահոլովակներ պատրաստեցին, որոնցից շատերն արդեն իսկ հրապարակված են ՀԵՀԵՄ-ի սոցիալական էջերում և կայքում։ Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին վկայականներ։
Ուխտագնացության բոլոր օրերին անցկացվեցին առավոտյան և երեկոյան ժամերգություններ։
«Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով համահայկական ուխտագնացությունն ավարտվեց երգ ու պարով ուղեկցվող հյուրասիրությամբ և հրաժեշտի խարույկով։
ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են: Վերջին տարիներին հիշարժան են հատկապես «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Հայրենիք» (2018թ.), «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» (2019թ.) և «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» (2022թ.) համահայկական ուխտագնացությունները: