Սույն թվականի նոյեմբերի 10-ին՝ նախագահությամբ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, կայացավ ՀԵՀԵՄ գրասենյակի կողմից հրավիրված հերթական առցանց հանդիպումը ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանի հոգևորական պատասխանատուների հետ։
Հանդիպումը մեկնարկեց «Տերունական» աղոթքով։
Առցանց հանդիպումը գլխավորապես նվիրված էր հոգևոր-երիտասարդական ծրագրերի աշխուժացմանը Եվրոպայի թեմերում։ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Հայր Թովման ներկայացրեց գրասենյակի կողմից նախագծված ու փորձարկված և մեծ արդյունավետություն ցուցաբերած ծրագրերն ու դասընթացները։ Ամփոփվեց նաև նախկինում գրասենյակի կողմից առաջարկված ծրագրերի իրականացման ընթացքը և խրախուսվեց, որպեսզի հանդիպման ընթացքում առաջարկված ծրագրերը ևս առավել չափով օգտակարություն բերեն Եվրոպայի թեմերի երիտասարդներին։ Ծրագրվեցին առաջիկա ամիսների անելիքները։
Իրենց հերթին հոգևոր պատասխանատուները ներկայացրեցին տարվա ընթացքում Եվրոպայի թեմերում իրականացված երիտասարդական ծրագրերն ու միջոցառումները։
Ժողովն ավարտվեց Գերաշնորհ Հովնան սրբազանի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով։
ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսության տնօրինության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո:
Հաստատման օրվանից կառույցը որդեգրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերի երիտասարդներին Մայր Եկեղեցու շուրջ համախմբելու, երիտասարդ հայորդիներին քրիստոնեական և հայեցի ոգով դաստիարակելու առաքելությունը:



