• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչի ամանորյա և Սուրբծննդյան շնորհավորանքը

Սիրելի քույրեր և եղբայրներ ի Հայաստան, ի Արցախ և ի Սփյուռս աշխարհի,

Անցնող Տերունի 2022 թվականը մեզ նոր մարտահրավերների առջև կանգնեցրեց։ Սահմանին ունեցանք մեծաթիվ զոհեր և շրջափակված Արցախ աշխարհ։

Չնայած մեր ազգի առջև ծառացած բոլոր այդ և այլ դժվարություններին` շարունակեցինք մեր գործունեությունը։

Մասնավորապես, Վեհափառ Հայրապետի բարձր հովանու ներքո ՀԵՀԵՄ գրասենյակը կազմակերպեց տարածաշրջանային և թեմական ֆորումներ ու դասընթացներ աշխարհի չորս ծագերում։ Հայրենիքում տեղի ունեցավ  «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացությունը՝ կրթական բաղադրիչի ավելացմամբ։

Այս և այլ իրագործումների համար շնորհակալ ենք Բարձրյալին և Մայր Եկեղեցուն։

Աղոթում եմ և հույս ունեմ, որ նոր 2023 Տերունական տարին իրապես կդառնա համազգային համախմբման, հոգևոր և ազգային վերազարթոնքի տարի։

Արդ,

Սուրբ Ծննդյան Ավետիսով թո՛ղ ցնծան մեր սրտերը, և մեր հոգիները խանձարուր դառնան Քրիստոս Մանկան համար։

Սիրելիներ,

Փոխանցելով նաև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի շնորհավորանքներն ու օրհնությունները՝ մաղթում եմ բարօրություն Հայաստան աշխարհին և մեր հայրենակիցներին:

Ազգովի մասնակցենք Սուրբծննդյան հոգեպարար արարողություններին և միասնաբար միմյանց ավետենք մեր Տիրոջ փրկական Ծնունդն ու Սուրբ Հայտնությունը։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Սիրով և աղոթքներով,

 

Թովմա վարդապետ Խաչատրյան
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ