Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իրագործել իր համաթեմական, համահայկական և տարածաշրջանային ծրագրերը:
Սույն թվականի հունվարի 10-ին առցանց ձևաչափով կայացավ ՀԵՀԵՄ IX Ատենապետաց ժողովը, որին մասնակցեցին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության և Հայաստանյան ու Սփյուռքի թեմերի շուրջ 60 երիտասարդական հարցերով հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներ։
Ատենապետաց ժողովը մեկնարկեց «Տերունական» աղոթքով։
Ժողովը նախագահեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը։
Օրակարգում 2025 թ․ հուլիս ամսին կայանալիք ՀԵՀԵՄ 25-ամյակին նվիրված «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացության կազմակերպչական մանրամասներն էին, ինչպես նաև՝ նախապատրաստական աշխատանքները։
Առանձին քննարկվեցին նաև Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցած ՀԵՀԵՄ ֆորումները։
IX Ատենապետաց Ժողովն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։
ԱԺ-ն խորհրդակցական մարմին է, որին մասնակցում են թեմերի երիտասարդական հարցերով հոգևորական և աշխարհական պատասխանատուները: Կենտրոնական գրասենյակի հրավերով այն գումարվում է մեկ կամ երկու տարին մեկ պարբերականությամբ, ինչպես նաև՝ ըստ անհրաժեշտության։ Օրակարգում քննարկվում են կայացած և նախատեսվող ծրագրերի մանրամասները, համահայկական միջոցառումների կազմակերպչական հարցերը, տարվա միջոցառումների կարգախոսը, տարածաշրջանային ժողովներին վերաբերող հարցերը, ՀԵՀԵՄ Ուղենիշի փոփոխությունները և այլ հարցեր: Ատենապետաց ժողովում յուրաքանչյուր թեմ ունի մեկ ձայն: